Վերջին տասնամյակում Հայաստանում ավելի քան 46 տոկոսով ավելացել են շնչառական օրգանների հիվանդությունները, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս: Մասնագետների բնորոշմամբ՝ շնչառական համակարգի հիվանդությունների աճի հիմնական պատճառներից են օդի աղտոտվածությունն ու ծխախոտի լայնածավալ սպառումը:
Պաշտոնական տվյալներով՝ անտառածածկ տարածքները կազմում են հանրապետության տարածքի 11 տոկոսը, սակայն բնապահպաններն այս ցուցանիշը ուռճացված են համարում` նշելով, որ դրանք ընդամենը 7-8 տոկոս են: Խնդիրը հատկապես արդիական է մայրաքաղաքում:
«Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն Նազելի Վարդանյանի խոսքով` գտնվելով կիսաանապատային գոտում` Երևանը կանաչ տարածքներ չունենալու դեպքում մարդու բնակության համար ոչ պիտանի տարածք է դառնալու:
«Մենք ականատես ենք, թե ինչպես է վերջին տարիներին Երևանում կանաչ գոտիների հաշվին կառուցապատում կատարվում: Բոլոր այգիներում ծառերին փոխարինում են սրճարաններն ու ռեստորանները: Գերհագեցած տրանսպորտով ու արտանետումների բավական մեծ քանակով քաղաքը, փաստորեն, չունի այդ կանաչ կլանիչները, որպեսզի այդ թունավոր գազերը չանցնեն մարդու օրգանիզմ ու չառաջացնեն առաջին հերթին շնչառական հիվանդություններ»,- ասում է Վարդանյանը:
Կարդացեք նաև
Ըստ առողջապահության նախարարության (ԱՆ) վերջին պաշտոնական տվյալների` շնչառական համակարգի հիվանդությունները 2000 թվականին արձանագրված ավելի քան 169.000 դեպքից 2010-ին աճել են` հասնելով ավելի քան 247.000-ի:
Բժիշկ-թոքաբան Լևոն Կարապետյանը նշում է, որ շնչառական համակարգի հիվանդությունների պատճառը նաև քրոնիկական սթրեսներն են, սոցիալական պայմանները՝ լավ չհագնվելը, լավ չսնվելը, մրսելը.
«Բացի այդ, մենք քաղաքակիրթ չենք ապրում: Մեր փողոցները չեն լվացվում, ծառերի փոշին չի մաքրվում, օդը աղտոտված է, շատ մեքենաներ կան: Իսկ մարդիկ չեն հասկանում, որ մի սրճարանի համար ծառ կտրելով` վաղը իրենց երեխաների հիվանդություններն են շատացնում»:
Հայաստանում տարածված շնչառական համակարգի հիվանդություններից են բրոնխիալ ասթման, տուբերկուլոզը, իսկ ամենաշատ տարածվածը` թոքերի ու կոկորդի քաղցկեղը:
«Այսքան աղտոտվածության ու փոշու հետ մեկտեղ հայերը շատ են ծխում, որը 40-50 տոկոսով նպաստում է թոքերի ու կոկորդի ուռուցքների առաջացմանը»,- հավելում է Կարապետյանը:
Հայաստանում տղամարդկանց 50 տոկոսից ավելին ծխող է, ինչի հետևանքով երկիրն աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը տղամարդկանց ծխելու ցուցանիշով:
ԱՆ հանրային առողջության բաժնի պետ Ալեքսանդր Բազարչյանը նշում է, որ նախարարությունն իրավական փաստաթղթեր է մշակում օրենսդրական փոփոխություններ կատարելու ծխախոտի գովազդի սահմանափակումների, որոշ դեպքերում նաև` լիարժեք արգելքի վերաբերյալ:
«Մենք ունենք ծրագիր` ուղղված 2010-2015 թվականներին ծխախոտի դեմ պայքարին: Սա մշտապես մեր ուշադրության կենտրոնում է, և մենք առողջ ապրելակերպի դասընթացներ ենք կազմակերպում ուսումնական հաստատություններում, ինչպես նաև աշխատում ենք բժիշկների հետ»,- ասում է Բազարչյանը:
Ծխախոտին գումարվում են բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալները, որոնց համաձայն՝ ընթացիկ տարում Երևանի օդային ավազանում վնասակար տարրերի (ծծմբի երկօքսիդ, ազոտի, ածխածնի օքսիդներ) թույլատրելի նորմերը գերազանցել են սահմանված ցուցանիշները:
Եթե ԱՊՀ և եվրոպական երկրներում մեկ շնչին ընկնող կանաչ տարածքը կազմում է 2,9 հեկտար, ապա Հայաստանում այն մոտ 0,1 հեկտար է, այսինքն` Հայաստանի բնակիչը 29 անգամ պակաս թթվածին է ստանում:
«Այսօր վերացել են Մոնումենտի, Նորքի ու գաջի գործարանի շրջակայքի անտառները, իսկ բոլոր այգիները վերածվել են սրճարանների,- ասում է Նազելի Վարդանյանը: – Փոխվել է նաև Երևանի միկրոկլիման: Եթե առաջ այն արևոտ քաղաք էր, ապա այժմ ձմռան ամիսներին միշտ մառախուղ է նստած քաղաքի վրա»:
Երևանի կենտրոնը գտնվում է փոսի մեջ: Տարիներ առաջ կենտրոնի ամբողջ շրջակայքում քաղաքի ճարտարապետական նախագծով նախատեսված ծառեր էին տնկված, կանաչ գոտիներ էին: Դրանք բուֆերային գոտիներ էին, որոնք թույլ չէին տալիս, որ թունավոր գազերը նստեն խիտ բնակեցված քաղաքի կենտրոնի վրա:
«Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրենը նշում է, որ ծառահատումների խնդիրն արդիական է նաև մարզերում, ու եթե 1990-ականների էնեգետիկ ճգնաժամի տարիներին մեծ քանակությամբ անտառներ հատվեցին մութն ու ցուրտը հաղթահարելու համար, ապա այժմ դրանք շարունակում են հատվել բիզնեսի համար՝ կահույքագործություն, քաղաքաշինություն:
«Եթե 90-ականներին մարդիկ վառելիքի ու կենսական խնդիրներ լուծելու համար կտրում էին չոր, հիվանդ ծառեր, ապա բիզնեսի համար այսօր կտրում են առողջ և հազվագյուտ ծառատեսակներ՝ կաղնի, հաճարենի, այսպիսով փոխվում է նաև անտառների տեսակային կազմը»:
1992-1995 թվականներին միայն Երևանի հարակից տարածքներում ոչնչացվել է ավելի քան 1300 հեկտար անտառ:
Երևանի մերձակայքում 51 հեկտար անտառ տնկելու համար կառավարությունը նախատեսում է 75 մլն դրամ տրամադրել: Գյուղատնտեսության նախարարության առաջարկով` հարցը ներառված էր կառավարության մայիսի 10-ի նիստի օրակարգում: Անտառապատումն իրականացվելու է «Երևանի անտառտնտեսությունը»՝ կիսաանապատային տարածքներում:
Հինգերորդ տարին շարունակ նոր ծառեր տնկելով` փորձում է խնդիրը լուծել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը` ամեն տարի ապրիլի 1-30-ը «Երկրի օրը» քարոզարշավի շրջանակներում ծառատունկ կազմակերպելով:
«Նախաձեռնությունը չափազանց կարևոր է` հաշվի առնելով այն, որ վերջին տասնամյակի ընթացքում իրականացված զանգվածային ծառահատումների հետևանքով բնապահպանական առումով Հայաստանում մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել»,- ասում է հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Medialab.am