Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստուգել են լրագրողների խմածությունը

Մայիս 18,2012 16:17

Այսօր Կապանում գործող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության գլխավոր տնօրենի հետ նախապես պայմանավորված եւ հարցազրույց վերցնելու մեկնած կապանցի լրագրողները ընկերության մատույցներում խիստ ստուգման ենթարկվեցին: Մուտքի մոտ համապատասխան աշխատակիցները տեղեկացրին, որ պետք է ստուգեն լրագրողների խմածությունը, որից հետո միայն նրանց կթույլատրվի ներս մտնել: Տեղում պարզեցինք, որ դա ընկերության կանոններն են, եւ այն կիրառվում է ոչ միայն ձեռնարկության աշխատակիցների համար, այլ նաեւ դրսից եկածների: Տեղում գլխավոր տնօրեն Իլյա Գարկովից պարզեցինք, որ նույն այդ գործընթացն ամեն օր անցնում է նաեւ ինքը: Պարոն Գարկովը նշեց, որ ընկերությունում գործող ընթացակարգը պարտադիր է «Դինո գոլդի» բոլոր աշխատակիցների եւ ընկերության հետ կապ չունեցող յուրաքանչյուրի համար, ով ցանկանում է մուտք գործել ընկերություն: Իսկ լրագրողների այն հարցին, թե արդյոք կա՞ դրա անհրաժեշտությունը եւ ինչո՞վ է դա պայմանավորված, ի վերջո Սյունիքի մարզի տարածքում գործող արդյունաբերական ձեռնարկություններից եւ ոչ մեկում նման խիստ ստուգման կանոններ չեն գործում, ընկերության պատասխանատուն նշեց, որ ոչ միայն Սյունիքի մարզում, այլեւ ամբողջ հանրապետությունում նման կանոններ չեն գործում, իրենց ընկերությունը միակն է, որտեղ ընդունված է այդ ընթացակարգը:

«Դրա անհրաժեշտությունը կա: Սա ամենեւին չի նշանակում, որ մենք դեմ ենք, որ ընկերության աշխատակիցները ինչ-որ բան խմեն, դա իրենց անձնական կյանքն է: Մեր հիմնարար արժեքներից մեկը անվտանգությունն է, երկրորդը` մարդկանց վերաբերվել հարգանքով, այսինքն՝ մարդկանց վերաբերվել հավասար, որը կանադական «Դանդի Պրեշես Մեթալս» (Dundee Precious Metals) ընկերության հիմնական արժեքներից մեկն է:

Եթե մարդ անցնում է մեր տարածք, ապա նույն օդն է շնչում եւ գտնվում է նույն ռիսկի տակ, եւ բոլորը` անգամ ես եւ մեր աշխատակիցները չպետք է լինեն առանց սաղավարտի, ակնոցների, արդյունքն այն է, որ մարդիկ իրենց ավելի հարմար են զգում, պաշտպանված, այն նվազեցնում է պատահարների քանակը, ու նրանք ընկերությունից դուրս էլ են նման ձեւով մտածում: Օրինակ՝ իմ երեխան գնա բժշկի՝ ես չեմ ուզենա, որ իրեն զննող բժիշկը խմած լինի, դա է պատճառը, որ ինչ- որ մեկը եթե մտնում է մեր տարածք, նա էլ ինչ- որ մեկի տղան է, կինն է, եղբայրն է, եւ ես ոչ մի իրավունք չունեմ նրանց կյանքը վտանգելու: Արդյունաբերությունում, արտադրական կազմակերպություններում մարդիկ, աշխատողներն ավելի շատ են տեղեկացված ու ավելի քիչ է ռիսկայնությունը, իսկ դրսից եկողները հիմնականում այդպիսի գիտելիքներ չունեն եւ տեղեկացված չեն, դրա համար նրանք ավելի շատ են վտանգի ենթարկվում», – պարզաբանեց Իլյա Գարկովը եւ համոզմունք հայտնեց, որ ընթացակարգն իր արդյունքը կտա, ինչպես այդ դրական արդյունք է տվել ավստրալական այն ընկերությունում, որտեղ նա ժամանակին աշխատել է, թեեւ դրա համար երկար ժամանակ կպահանջվի:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031