Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՈՎԱԾԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Մայիս 18,2012 15:21

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ

Գլուխ տասներորդ

ԽՈՐՈՎԱԾԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Եվ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ձեզ հետ շատ հաճելի էր, բայց ես պիտի գնամ, պարոնայք», եւ Կարենը սարսափած ու զարմացած նայեց Լիանային ու հարցրեց՝ «ե՞րբ», եւ Լիանան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հենց հիմա», եւ Կարենը վախեցած հարցրեց՝ «ո՞ւր ես գնում», եւ Լիանան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ուր որ ամեն օր եմ գնում», եւ Կարենը խեղճացած հարցրեց՝ «ամեն օր ո՞ւր ես գնում», եւ Լիանան պատասխանեց ու ասաց՝ «հորաքրոջս տուն», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես քեզ կուղեկցեմ», եւ Լիանան մի քիչ  մտածեց ու ասաց՝ «պետք չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էրկու ոտ տեղ ա», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ մի քիչ ուշ գնաս, կարող ա՞ հորաքուրդ նեղանա» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «կարող ա՞ վրեդ ժամ ա դրել», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «իմ վրա ոչ մեկը չի կարա ժամ դնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես ոչ մեկին հաշվետվություն չեմ տալիս», եւ Կարենը հարցրեց՝ «բա ո՞ւր ես շտապում», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «էրեխեն սոված ա» եւ մի քիչ էլ մտածեց ու  ավելացրեց՝ «առավոտ ինչ կերել ա՝ էդ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «առավոտից էս թանգարանում ենք», եւ Զավենը Լիանային հարցրեց՝ «ուղարկե՞մ խանութից բան բերի», եւ Լիանան հարցրեց՝ «ո՞ւմ ուղարկես», եւ Զավենը պատասխանեց ու ասաց՝ «պահակին», եւ Լիանան հարցրեց՝ «խանութից ի՞նչ բերի», եւ Զավենը պատասխանեց ու ասաց՝ «ուտելու բան», եւ Լիանան զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ համար ուտելու բան բերի», եւ Զավենը պատասխանեց ու ասաց՝ «աղջկադ համար» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «կողքից մենք էլ կօգտվենք», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «պաշտոնը չարաշահելը լավ բան չի, ընկեր Զավեն», եւ Զավենը  զարմացած հարցրեց՝ «այսինքն», եւ Լիանան ժպտալով Զավենին ասաց՝ «այսինքն, պահակը նրա համար ա, որ պահակություն անի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ոչ թե՝ սրանրա համար խանութ վազի», եւ Զավենը մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «ես հազարից մեկ եմ պաշտոնս չարաշահում», եւ Լիանան ժպտալով ասաց՝ «հազարից մեկ էլ չի կարելի», եւ Զավենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «թանկագին հյուրերի համար կարելի ա», եւ Կարենը ժպտալով Լիանային ասաց՝ «իրանք քո պես թանկագին հյուրեր հազարից մեկ են ունենում», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով Կարենին ասաց՝ «չափազանցնում ես, Կարեն Գուրգենիչ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Փարաջանովին ամբողջ աշխարհը գիտի» եւ մի քիչ էլ մտածեց ու դիմացի պատը ցույց տալով ասաց՝ «աշխարհի բոլոր ծայրերից գալիս են էս հրաշքները տեսնելու» եւ մի քիչ էլ մտածեց ու Զավենին հարցրեց՝ «գալիս են, չէ՞», եւ Զավենը  ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ Կարենը ժպտալով Լիանային ասաց՝ «քեզնից լավը չըլնեն», եւ Լիանան ժպտալով Զավենին ասաց՝ «էս Գուրգենիչն ինձ շատ ա գերագնահատում», եւ Կարենը Լիանային հարցրեց՝ «ե՞րբ եմ գերագնահատել», եւ Լիանան մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «վերջերս», եւ Կարենը մի քիչ մտածեց ու Լիանային հարցրեց՝ «էրեխեն սոված ա, չէ՞», եւ Լիանան մի քիչ  մտածեց ու ժպտալով ասաց՝ «սաղս էլ սոված ենք», եւ Կարենը մի քիչ մտածեց ու Զավենին հարցրեց՝ «էստեղ կարա՞նք խորոված անենք», եւ Զավենը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էն էլ ո՜նց» եւ ժպտալով ավելացրեց՝ «խորովածի սաղ թադարուքներն ունենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով  Լիանային ասաց՝ «իմիջիայլոց, մեր պահակը չտեսնված խորոված ա անում», եւ Լիանան մի քիչ մտածեց ու փռթկացնելով  ասաց՝ «պարզվում ա՝ էս թանգարանում մենակ պահակն ա գործ անում», եւ Զավենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ըտենց ա ստացվում», եւ Կարենը մի քիչ մտածեց ու Զավենին հարցրեց՝ «հիմի խորոված անո՞ւմ ենք», եւ Զավենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որոշողը դուք եք», եւ Կարենը Լիանային հարցրեց՝ «համաձա՞յն ես», եւ Լիանան փռթկացնելով ասաց՝ «ոտքերը բռնում ա Զավենը, մորթում ա պահակը», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ մի մորթել. հիմի վազում եմ շուկա՝ մորթած պատրաստ բերում եմ», եւ Լիանան զարմացած նայեց Կարենին ու հարցրեց՝ «էս լուրջ ե՞ս խոսում», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «ի՞նչն եմ լուրջ խոսում», եւ Լիանան ասաց՝ «էս խորովածի թեմայով», եւ Զավենը ծիծաղելով Լիանային ասաց՝ «ինքը խորովածի թեմայով կատակներ չի անում», եւ Կարենը թախանձագին նայեց Լիանային ու ասաց՝ «քո համաձայնությունից ա կախված, Լիանա ջան», եւ Լիանան մտածեց-մտածեց ու ոչինչ չասաց, եւ Կարենը Լիանային հարցրեց՝ «համաձա՞յն ես», եւ Լիանան թարս նայեց Կարենին ու ասաց՝ «մի խանգարի. թող մտածեմ», եւ Կարենը ժպտալով Զավենին ասաց՝ «Լիանան մտածում ա», եւ Լիանան նորից թարս նայեց Կարենին ու ասաց՝ «խանգարում ես», եւ Կարենը ժպտալով հարցրեց՝ «ինչի՞ն եմ խանգարում», եւ Լիանան պատասխանեց ու ասաց՝ «մտածելուս», եւ Կարենը ժպտալով Լիանային ասաց՝ «դե լավ, չեմ խանգարում. ինչքան ուզում ես՝ մտածի», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով Կարենին ասաց՝ «արդեն մտածեցի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով  ավելացրեց՝ «չնայած խանգարում էիր, մտածեցի պրծա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես համաձայն եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մնում ա՝ դուք համաձայնվեք», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ն  համաձայնվենք», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «համաձայնվեք, որ ես ու աղջիկս էլ մասնակցենք», եւ Կարենն ավելի զարմացած հարցրեց՝ «ինչի՞ն մասնակցեք» , եւ Լիանան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էդ խորովածի արարողությանը», եւ Զավենը Լիանային ասաց՝ «մենք ոչ թե համաձայն ենք, այլ թախանձագին խնդրում ենք, որ մասնակցեք», եւ Լիանան մի քիչ  մտածեց ու ժպտալով ասաց՝ «սիրով կմասնակցենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց մի հատ պիտի հորաքրոջս տուն մտնեմ» եւ Կարենի այլայլված դեմքը տեսնելով ավելացրեց՝ «շուտ կվերադառնամ», եւ Զավենը Լիանային ասաց՝ «ես մեքենայով կտանեմ», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «պետք չի» եւ մի քիչ էլ  մտածեց ու ավելացրեց՝ «էրկու ոտ տեղ ա. աղջկաս  հետ կգնանք ու ամենաուշը կես ժամից կվերադառնանք», եւ Զավենը մի քիչ մտածեց ու Լիանային ասաց՝ «ոնց կուզես», եւ Կարենը Լիանային ասաց՝ «Զավենի մեքենայով գնացեք» եւ մի քիչ մտածեց ու Զավենին ասաց՝ «քո մեքենայով տար», եւ Զավենն ասաց՝ «որ չի ուզում, հո զոռով չեմ տանի», եւ Կարենը մի քիչ մտածեց ու Լիանային հարցրեց՝ «հորաքրոջդ տուն գնալդ պարտադիր ա՞», եւ Լիանան պատասխանեց ու ասաց՝ «հա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «գնամ ասեմ, որ ուշ կգանք», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդքանը հեռախոսով էլ կարաս ասես», եւ Լիանան ասաց՝ «իրանք հեռախոս չունեն», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «կենտրոնում են ապրում ու հեռախոս չունե՞ն», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ավելի ճիշտ, հեռախոսի վարձը չեն մուծել, դրա համար էլ հեռախոսն անջատել են», եւ Կարենը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ձեռի հեռախոս էլ չունե՞ն», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրանք շատ սովորական մարդիկ են», եւ Կարենը բավական երկար մտածեց ու ոչինչ չասաց, եւ Լիանան ժպտալով Կարենին ասաց՝ «գիտեմ՝ ինչի ես ուզում, որ Զավենի մեքենայով գնամ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «վախենում ես՝ գնամ ու հետ չգամ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «քեզ շատ չկա» եւ մի քիչ էլ մտածեց ու փնթփնթալով  ավելացրեց՝ «կարող ա գնաս ու էլի մի քանի ամսով կորես», եւ Լիանան ժպտալով հարցրեց՝ «աչքդ վախեցել ա՞», եւ Կարենը պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «խոսք եմ տալիս, որ չեմ կորի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ամենաուշը կես ժամից կվերադառնանք» եւ մի քիչ էլ մտածեց ու աղջկան ասաց՝ «գնանք, բալես», եւ Կարենը մի քիչ մտածեց ու Լիանային հարցրեց՝ «էլ էդ էրեխի՞ն ինչի ես հետդ տանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էրեխեն կմնա էստեղ, դու կգնաս ու կգաս», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ  էլ ա վարիանտ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով Կարենին հարցրեց՝ «էրեխին պատանդ ե՞ս ուզում պահես», եւ Կարենը ժպտալով ասաց՝ «լավ էլ գլխի ընկար» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էրեխեն թող մնա, դու գնա ու շուտ արի», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով Կարենին ասաց՝ «համոզեցիր», եւ Կարենն աղջկա գլուխը շոյելով հարցրեց՝ «կմնա՞ս մեր մոտ, բալես», եւ աղջիկը գլխով դրական  պատասխան տվեց, եւ Լիանան ժպտալով Կարենին ասաց՝ «էրեխին էլ համոզեցիր» եւ Զավենին  նայելով ավելացրեց՝ «աղջիկս էլ ա էս թանգարանում իրան լավ զգում», եւ Զավենը ժպտալով ասաց՝ «էս թանգարանում բոլորն են իրանց լավ զգում», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որովհետեւ Փարաջանովը տեղով մեկ հրաշք ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «տնօրենի հյուրասիրության մասին էլ չեմ խոսում», եւ Զավենը ժպտալով ասաց՝ «տնօրենի հյուրասիրության մասին խորովածից հետո կխոսես», եւ Լիանան  ժպտալով հարցրեց՝ «պահակի՞ խորովածից հետո», եւ Կարենն ասաց՝ «ես էլ պակաս խորոված չեմ անում» եւ մի քիչ մտածեց ու Լիանային ասաց՝ «մինչեւ դու գաս, ես կգնամ շուկա՝ միսն ու մնացած բաները կառնեմ», եւ Զավենը Կարենին ասաց՝ «միասին կգնանք շուկա», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես մենակ էլ եմ ի վիճակի» եւ ժպտալով ավելացրեց՝ «էսօր աշխատավարձ եմ ստացել», եւ Լիանան ժպտալով հարցրեց՝«թատրոնի՞ց», եւ Կարենը պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ Լիանան ժպտալով ասաց՝ «հետո էլ ասում են՝ դերասանները վատ են ապրում», եւ Կարենը հարցրեց՝ «ո՞վ ա ասում», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «չար լեզուները», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իզուր ժամանակ ենք կորցնում», եւ Լիանան ասաց՝ «ճիշտ ես ասում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «բայց դու ինձ մի բան պիտի խոստանաս», եւ Կարենը ժպտալով Լիանային ասաց՝ «ես քեզ երկնքի աստղերն եմ խոստանում», եւ Լիանան ժպտալով Կարենին ասաց՝ «երկնքի աստղերին հանգիստ թող» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «խոստացի, որ առանց ինձ շուկա չես գնա», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ շուկա», եւ Լիանան հարցրեց՝ «խորովածի մսի համար շուկա չես գնալո՞ւ», եւ Կարենն ասաց՝ «հենց հիմի գնում եմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «պոմիդոր, բադրջան ու բիբար էլ պիտի առնվի», եւ Զավենը Կարենին հարցրեց՝ «միասին չգնա՞նք», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չէ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դու կմնաս պատանդի մոտ, ես կգնամ ու կգամ», եւ Լիանան Կարենին ասաց՝ «դու մենակ ոչ մի տեղ չես գնա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «կսպասես ինձ. ամենաուշը կես ժամից կգամ ու միասին կգնանք», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «միասին ո՞ւր կգնանք», եւ Լիանան պատասխանեց ու ասաց՝ «շուկա», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով Լիանային ասաց՝ «քո հետ շուկա գնալն իմ համար  երջանկությանը հավասար բան ա», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով Կարենին ասաց՝ «ամենաուշը կես ժամից կերջանկանաս», եւ Կարենը երջանիկ ժպտալով Լիանային ասաց՝ «դե շուտ գնա, որ շուտ գաս» եւ Լիանայի դստեր գլուխը շոյելով ավելացրեց՝ «պատանդի համար էլ անհոգ կաց», եւ երբ Լիանան գնաց, Կարենը Լիանայի դստեր գլուխը շոյելով հարցրեց՝ «անունդ ի՞նչ ա, բալես», եւ հիմա չեմ կարող ասել, թե Լիանայի աղջիկն ինչ պատասխանեց, քանի որ Լիանայի աղջկա ոչ անունը գիտեմ եւ ոչ էլ տարիքը, որովհետեւ շուրջ մի ամիս համարյա ամեն օր Սունդուկյանի թատրոն գնալով՝ ոչ մի կերպ չեմ հաջողացնում Կարենին տեսնել, որպեսզի իրենից ոչ միայն իրենց էս նորագույն պատմության մանրամասներն իմանամ, այլեւ, որ ամենակարեւորն է, իրենից իրենց էդ անձնական երջանկության մասին գրելու իրավունքը կորզեմ, բայց ոչ մի կերպ չեմ հաջողացնում Սունդուկյանի թատրոնում Կարենին բռնացնել, չնայած, երեւի դուք էլ եք  հասկանում, որ Կարենին հանդիպելս արդեն ոչ միայն պարտադիր չի, այլեւ ցանկալի էլ չի, որովհետեւ Կարենի ու Լիանայի էս համատեղ երջանկության մասին ինչ որ գրելու էի, արդեն գրեցի ու համարյա պրծա, ավելի ճիշտ՝ ես ոչ թե իրենց համատեղ ու անձնական երջանկության մասին գրեցի, այլ գրի առա ու նկարագրեցի էն հանգամանքներն ու իրավիճակները, որոնք առաջանալով ու ձեւավորվելով՝ Կարենի ու Լիանայի անձնական ու համատեղ երջանկության  նախապայմաններն ապահովեցին, իսկ մնացյալն ու շարունակությունն իրենք իրենց ու միանգամայն բնականաբար ստացվեցին, եւ քանի որ իրենց երջանկության էդ նախնական փուլն ու նախնական իրավիճակներն ինձնից բստրեցի ու հնարեցի, ստիպված շարունակությունն էլ եմ բստրելու ու մոգոնելու, եւ եթե իսկապես  արձակագրի որոշ արժանիքներով օժտված եմ, ամեն ինչ ճշմարտանման ու բնական կստացվի, մանավանդ որ՝ հերոսներիս որոշակիորեն ճանաչում եմ, ավելի ճիշտ՝ Կարենին ու Զավենին եմ որոշակիորեն ճանաչում, իսկ ինչ վերաբերում է Ջանիբեկյան Կարենի անձնական երջանկության հերթական օբյեկտ ու խոստումնալից դրամատուրգ Անթառանյան Լիանային, իր մասին էլ վանաձորցի բանաստեղծուհի Անթառանյան Լենայից եմ որոշ բաներ  իմացել. էնպես որ, եթե իսկապես օժտված ու խոստումնալից արձակագիր եմ, հերոսներիս մասին էսքանն իմանալով՝ առանց  Կարենին հանդիպելու էլ պարտավոր եմ շարունակելով բարեհաջող ավարտին հասցնել Կարենի ու Լիանայի անձնական ու համատեղ երջանկության պատմությունը, եւ էդ անելու համար արդեն ոչ միայն Կարենին հանդիպելս ցանկալի չի, այլեւ ցանկալի է, որ հնարավորինս մոռանամ Կարենի ու Լիանայի էս համատեղ ու անձնական երջանկության մասին վանաձորցի բանաստեղծուհի Անթառանյան Լենայից լսածներս էլ, որովհետեւ ես արդեն էնքան եմ շեղվել ու հեռացել վանաձորցի  բանաստեղծուհի Անթառանյան Լենայի պատմածից, որ հիմա ավելի ու ավելի հեռանալով՝ արդեն պիտի  իմ իսկ բստրած տարբերակին հավատարիմ ու հարազատ մնամ, մանավանդ որ՝ իմ տարբերակն Անթառանյան Լենայից  լսածիցս էապես է տարբերվում, ավելի ճիշտ՝ իմ բստրածը ոչ թե  տարբերվում է Անթառանյան Լենայի պատմածից, այլ իմ էս տարբերակը Լենայի պատմածի լրացված ու ամբողջացված տարբերակն է, եւ որպեսզի ձեզ համար ավելի հասկանալի լինի, պիտի նաեւ ասեմ, որ վանաձորցի բանաստեղծուհի Անթառանյան Լենայի պատմածի մեջ ոչ Զավեն կար, ոչ էլ՝ Փարաջանովի թանգարան, եւ Կարենին ու Լիանային Փարաջանովի թանգարանում հանդիպացրի, որովհետեւ նրանց հանդիպման համար ավելի հարմար տեղ չպատկերացրի, եւ դրա պատճառը հավանաբար նաեւ այն է, որ ես վերջին անգամ ընդամենը մի քանի օր առաջ եմ Փարաջանովի թանգարանում եղել Օրթախ Աբոյի, Հայկունու եւ Օրթախի ֆիզիկոս հյուր Մորոզովի հետ, եւ առ էսօր  էդ թանգարանի ու Փարաջանովի  տպավորության ու ազդեցության տակ եմ, եւ էդ թարմ տպավորությամբ ինձ համար շատ ավելի  հարմար էր Կարենին ու Լիանային էդ թանգարանում իրար հանդիպացնել, քան՝ որեւէ այլ տեղ, եւ, դրանից էլ բացի, ես, որպես չափազանց շատ գրած՝ բայց դեռեւս սկսնակ ու սակավափորձ արձակագիր, ոչ թե  սառնասրտորեն ու կանխամտածված գրեցի Կարենի ու Լիանայի մասին էս ամենը, այլ երեւակայությունս լարելով ու երեւակայությանս հետեւից քայլ առ քայլ ընթանալով ու առաջանալով՝ հասա մի իրավիճակի, որտեղից ստիպված եմ երեւակայությունս ավելի ու ավելի լարելով շարունակել, որովհետեւ  եթե էսքանից հետո նույնիսկ հաջողացնեմ Կարենին հանդիպել եւ իրենց անձնական ու համատեղ երջանկության մասին ողջ իրականությունն իմանալ, միեւնույն է, արդեն ոչ թե իր պատմածը պիտի ձեզ համար շարադրեմ ու վերաշարադրեմ, այլ պիտի կիսատ թողածս տեղից շարունակելով՝ իմ իսկ հորինածն ու բստրածը շարունակեմ ու ավարտին հասցնեմ, ավելի ճիշտ՝ իրենց էդ չափազանց անձնական պատմությունը ոչ թե ավարտին եմ հասցնելու, այլ ընդամենը հարաբերական ավարտի եմ հասցնելու, որովհետեւ լիահույս եմ, որ իրենց անձնական ու համատեղ երջանկությունն անհամեմատ երկար է տեւելու ու շարունակվելու, քան՝ իրենց մասին էս գրելիքս:

 

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031