Հայաստանյան օլիգարխներին պատկանող մի շարք ընկերություններ, որոնք մեր երկիր են ներկրում գենետիկորեն ձեւափոխված սնունդ, սերմեր ու բույսեր, վտանգում են հայի գենը: Այդ մարդկանց ներկայացվածությունն էլ Ազգային ժողովում «նպաստում» է, որպեսզի գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասին օրենքի նախագծի քննարկումը ձգձգվի ու սողանքներ ունենա:
Այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում մարդու առողջությունով մտահոգված մի քանի հ/կ-ների ներկայացուցիչներ ասուլիս էին հրավիրել` հայտնելու, որ վերջապես ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է, թե ազգի գենոֆոնդի վրա ինչ բացասական հետեւանքներ կարող են թողնել գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմները եւ օրենքի նախագիծը հետ է կանչել ԱԺ-ից`վերախմբագրելու նպատակով:
«Տապան» էկո-ակումբ հ/կ-ի նախագահ Հրանտ Սարգսյանի համոզմամբ, օրենքը պետք է ընդհանրապես արգելի գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածությունը: Ըստ «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ-ի նախագահ Կարինե Դանիելյանի, այդ օրգանիզմների գործածությունը «ռադիացիոն վտանգին հավասար մի բան է»: Ըստ տիկին Դանիելյանի` «Եթե փոփոխությունները մտան մեր գենոֆոնդի մեջ, հետադարձ ճանապարհ չկա: Անգամ բզեզը չի ուտում գենետիկորեն փոխված սնունդ»:
Պարոն Սարգսյանի կարծիքով էլ, եթե օրենքում ամրագրվի եւ առանձնացվեն այն վայրերը, որտեղ թույլատրելի կլինի գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ աճեցնել, որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ այդ բույսերի սերմերը չեն թափանցի հարակից այգիներն ու բանջարանոցները. «Եթե հաշվարկել են, որ մեղուն 5 կիլոմետր է թռչում, ապա քամու հարցում ոչ ոք չի կարող երաշխավորել, թե որքան «կթռչի» քամին: Փոշոտվող բույսերի պարագայում խնդիրն ընդհանրապես անլուծելի է: Ենթադրենք ես էկոլոգիապես մաքուր եգիպտացորեն եմ աճեցնում , իսկ հարեւանս գենետիկորեն փոխված եգիպտացորեն, եթե իմ բույսը այլասերվի հարեւանի բույսի հետ եւ իմն էլ գենետիկորեն փոխվի, ով պետք է սրա համար պատասխան տա: Ես պայմանագիր ունեմ, որ էկոլոգիապես մաքուր եգիպտացորեն եմ տալու այսինչ ընկերությանը, բայց ստուգումից պարզում են, որ իմ բույսն էլ մաքուր չէ, ինձ վրա տույժ ու տուգանքներ են դնում ու ես որպես գործարար ոչնչանում եմ, անգամ կարող են ինձ դատել»:
Պարոն Սարգսյանը կոչ արեց մշակել ու մաքուր սերմեր ցանել պարապուրդի մատնված Հայաստանի եւ Արցախի հողատարածքներում:
Կարդացեք նաև
Կարինե Դանիելյանի համոզմամբ էլ, ալերգիաների եւ մի շարք այլ հիվանդությունների աճը հենց գենետիկորեն փոխված օրգանիզմներով է պայմանավորված: Տիկին Դանիելյանը մտահոգություն հայտնեց, որ առայժմ բնապահպաններին չի հաջողվում գիտնականներին ապացուցել, որ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմները խիստ վտանգավոր են: Ըստ նրա, անգամ, միջազգային դատարաններում Եվրոպան չի կարողանում հասնել նրան, որ իր սահմաններից ներս նման սնունդ չներկրվի. «Արտադրող եւ ներկրող երկրների մեջ պատերազմներ են գնում, Եվրամիությունը փորձեց փակել այդ սննդի, բույսերի սերմերի մուտքը դեպի եվրաշուկա, բայց դեռեւս գիտությունը 100 տոկոսով չի կարողանում հաստատել, որ դա վտանգավոր է»:
Պարոն Սարգսյանի խոսքերով, այսօր Հայաստանում որեւէ մեկը չի կարող օրինակ` հայկական մածուն գնել: Պատճառաբանությունը՝ տեսանյութում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ