Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես Ֆերրարի նկարչին չխառնել նույնանուն մակնիշի մեքենայի հետ

Մայիս 18,2012 13:57

Կամ ԱԺ նորընտիր պատգամավորները՝ մշակութային դաշտի մասին

«Առավոտը» ԱԺ ընտրություններից առաջ մշակույթի անվանի գործիչներից հետաքրքրվել էր, թե որն է իրենց ոլորտի թիվ 1 խնդիրը՝ կապված օրենսդրական դաշտի հետ, ինչը նորընտիր պատգամավորները պետք է նկատեն առաջին հերթին: Նախօրեին մենք կապվեցինք ԱԺ 5-րդ գումարման նորընտիր պատգամավորների հետ՝ հղելով հենց այդ հարցը: Ելնելով հարցախույզի պատասխաններից՝ կարող ենք փաստել, որ զարմանալի անտարբերություն է տիրում հայրենի մշակույթի նկատմամբ: Ստացվում է, որ խորհրդարանում եթե քննարկվի մշակույթին առնչվող որեւէ օրինագիծ, ապա դրանց պետք է մասնակցեն մշակութային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները, իսկ մյուսները դառնան սովորական կոճակ սեղմողներ:

Օրինակ, հանրապետական Գագիկ Մինասյանին մեր հարցը անակնկալի բերեց: Նա խորհուրդ տվեց այն ուղղել մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին: Հարցին՝ եթե խորհրդարանում քննարկվի «մշակութային» հարց, ինքը չի՞ սեղմելու կոճակ, պարոն Մինասյանը ծիծաղելով ասաց՝ իհարկե, պետք է սեղմեմ:

Դատելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի խոսքից, մեր երկրում մեծամասնությունը սիրում է ուտել-խմելու մշակույթը, իսկ բուն մշակույթի «մասով» օրենսդրական դաշտում քիչ առաջարկներ ու խնդիրներ են բարձրացվում. «Մինչդեռ մշակույթը պետք է դառնա պետական հոգածության մշտական առարկա»: ՀԱԿ-ից Հրանտ Բագրատյանն էլ, դարձյալ անակնկալի գալով իրեն ուղղված հարցից, նշեց, որ այն ուղարկենք գրավոր:

«Ժառանգության» պատգամավոր Ռուբեն Հակոբյանի պատասխանը կարճ էր. «Չորրորդ անգամ եմ պատգամավոր ընտրվում եւ համոզված եմ, որ մեր մշակույթին պետք է վերադարձնել հայրենի մշակույթի լեզուն»: ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Շուշան Պետրոսյանը համոզված է, որ ԱԺ նիստերը պետք է առանց խմբագրման ներկայացվեն լայն լսարանին, իսկ որ ամենակարեւորն է, պատգամավորը պետք է չափանիշ լինի՝ բարձր մշակույթ կրող մարդ. «Ինքս դեմոկրատ մարդ եմ ու գտնում եմ, որ մեր երկիրը առաջ կգնա ու դրսում կներկայանա իր եկեղեցով եւ մշակույթով»: «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող Տիգրան Ուրիխանյանի խոսքերով՝ թեեւ ինքը չի զբաղվում մշակութային խնդիրներով, սակայն պետք է ամեն դեպքում կոճակ սեղմի. «Որպես լեզվաբան եւ իրավաբան, գտնում եմ, որ պատգամավորը պետք է լավ ճանաչի Բրամսին, Շոպենին, Խաչատրյանին, Մինասին… բայց երբեք չշփոթի նկարիչ Ֆերրարիին նույնանուն մակնիշի ավտոմեքենայի հետ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031