Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խաչատրյանական մրցույթը Հայաստանի բրենդն է

Մայիս 18,2012 13:52

Համոզված են կազմակերպիչները

Հունիսի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի Ա. Խաչատրյանի անվան ջութակահարների միջազգային մրցույթը: «Առավոտի» հետ զրույցում «Արամ Խաչատրյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը նշեց, որ այս տարի հյուրընկալել են ջութակահարների, մրցույթի աշխարհագրությունն էլ բավականին ընդլայնվել է (կժամանեն երաժիշտներ Կորեայից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից եւ այլ երկրներից): Տեր-Հովակիմյանի ասելով, նրանցից շատերը արդեն այլ հեղինակավոր մրցույթների դափնեկիրներ են. «Կարծում եմ՝ հանդիսատեսի համար էլ շատ հետաքրքիր կլինի, որովհետեւ լուրջ մրցակցություն եւ հրաշալի կատարումներ են սպասվում»: Մեր զրուցակցի խոսքով, պակաս հեղինակավոր կազմ չունի նաեւ ժյուրին՝ Բորիս Կուշնիր, Սերգեյ Կրավչենկո, Հարալդ Հերցլ եւ այլն: Ժյուրին կգլխավորի անվանի ջութակահար Էդուարդ Թադեւոսյանը, 3-րդ փուլում կազմը կհամալրվի համաշխարհային ճանաչում ունեցող IMG Artists գործակալության տնօրեն Տանյա Դորնի ներկայությամբ: «IMG Artists-ը զբաղվում է ջութակահարներով: Ես հույս ունեմ, որ կունենանք այնպիսի դափնեկիրներ, որ IMG Artists-ը կստանձնի պարտականություններ ու հետագայում կզբաղվի նրանց ստեղծագործական աճով»,- ասում է Աննա Տեր-Հովակիմյանը եւ հավելում, որ այս տարի մասնակիցների հայտերի քանակությունն աննախադեպ մեծ է եղել: Մրցույթի բուկլետ է «մտել» 32 մասնակից:

Հունիսի 6-ին, ավանդույթի համաձայն, այցելություն կլինի Արամ Խաչատրյանի շիրիմին, ապա կկայանա մեծ համերգ, որի ժամանակ ելույթ կունենա նաեւ 2010 թվականի Խաչատրյանական մրցույթի հաղթող Յարոսլավ Նադրիզիցկին (Լեհաստան): Գործադիր տնօրենը փաստում է, որ վերջին տարիներին դասական արվեստը աջակցություն է ստանում պետական մակարդակով, աճել է նաեւ հանրային հետաքրքրությունը, քանի որ անվանի երաժիշտներ են հանդես գալիս Հայաստանում:

Խաչատրյանական մրցույթի կազմակերպիչների համոզմամբ՝ այն Հայաստանի բրենդն է: Աննա Տեր-Հովակիմյանի ձեւակերպմամբ, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը մեծ թափ է հավաքել եւ տարեցտարի ավելի լուրջ մրցակցություն է ունենում բավականին հայտնի մրցույթների հետ. «Եթե զուգահեռներ տանենք մեր եւ Բրյուսելի Էլիզաբեթ Թագուհու կամ Չայկովսկու անվան մրցույթների հետ, ապա կփաստենք, որ երկարամյա այդ մրցույթները դժվար ունենային այն հեղինակությունը 8 տարեկանում, ինչը վաստակել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը: Եթե երաժիշտն իր կենսագրության մեջ ունենում է Խաչատրյանական մրցույթի մասնակցության կամ դափնեկրի կոչում, ուրեմն դա ինչ-որ արժեք ունի: Չմոռանանք, որ բոլորիս սիրելի Նարեկ Հախնազարյանը, որը 2011-ին դարձավ Չայկովսկու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր, 2006-ին հաղթել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում»: Հետաքրքրվեցինք՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի՝ մրցույթի մասնակից կադրերը ինչո՞վ են տարբերվում մյուսներից: «Նախորդ ջութակահարների մրցույթը անցկացվել է 2010 թվականին, այսօր ունենք 8 հայ մասնակից: Դա լավ ցուցանիշ է, այսինքն՝ Երեւանի կոնսերվատորիան ունի այն ռեսուրսը, որ ի տարբերություն այլ երկրների, Հայաստանը ամեն տարի ներկայացնում է մասնակիցներ: Մեր կոնսերվատորիան մրցակցության մեջ չի զիջում բավականին լուրջ կոնսերվատորիաների: Ամբողջ աշխարհում պրոֆեսիոնալ օղակներում բոլորը խոսում են, որ Կոմիտասի անվան կոնսերվատորիան հրաշալի լարային դպրոց ունի: Նաեւ հավելեմ, որ այնպես, ինչպես հայերն են զգում Խաչատրյանի ստեղծագործությունը, օտարները չեն կարող զգալ: Չնայած եղել են դեպքեր, երբ այլ երկրի ներկայացուցիչը յուրօրինակ է մեկնաբանել Խաչատրյան: Օրինակ՝ անցյալ տարվա մեր հաղթողը, որը Չինաստանն էր ներկայացնում, ուղղակի ցնցեց ժյուրիի անդամներին Խաչատրյանի կոնցերտի կատարմամբ»,- ասաց Աննա Տեր-Հովակիմյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031