Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փաստաբանի հայցը՝ «ՀայՌուսգազարդի» դեմ, մասնակի բավարարվեց

Մայիս 18,2012 13:49

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սիմիզար Հովսեփյանը, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության դեմ  Գեւորգ Դավթյանի՝ վնասների հաշվառմամբ գազամատակարարումը վերականգնելու պահանջի մասին հայցով նշանակված հրապարակման օրը՝ մայիսի 15-ին, չկարողացավ հրապարակել դատական ակտը, քանի որ, ըստ քարտուղարի, առկա էին մի շարք տեխնիկական թերություններ, մասնավորապես, համակարգչի հետ կապված խնդիր էր առաջացել, որի լուծման համար մասնագետ պետք է հրավիրել: Ներկայացնում ենք հայցվոր-փաստաբանի խոսքը:

Մայիսի 16-ին ես այցելեցի դատարան եւ դատարանի աշխատակցից առձեռն ստացա դատարանի վճիռը:

Հիշեցնենք, որ 2011թ. հոկտեմբերի 20-ին գազի ցուցմունքներ վերցնող «ՀայՌուսգազարդ» ընկերության աշխատակցուհին երկու մյուս աշխատակիցների հետ, առանց զգուշացնելու, հանել էին ինձ պատկանող բնակարանի գազի հաշվիչը, որի արդյունքում դադարեցվել էր բնակարանի գազամատակարարումը: Մինչ օրս բնակարանի գազամատակարարումը վերականգնված չէ, անգամ անտեսվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (պետական մարմին) որոշումը, որով պահանջվել էր վերականգնել իմ բնակարանի գազամատակարարումը:

Այդ վճիռը ուղղակի աննախադեպ էր իմ փաստաբանական գործունեության մեջ, քանի որ, ըստ էության, դատարանը որոշել էր, որ «ՀայՌուսգազարդն» ինձ պետք է հատուցի մոտ 15.000 ՀՀ դրամ (դա իմ պահանջած գումարից մի հատված էր), որովհետեւ «ՀայՌուսգազարդը» խախտել էր իր պայմանագրային պարտավորությունները, սակայն մերժել էր իմ բնակարանի գազամատակարարման վերաբերյալ պահանջը, ինչպես նաեւ մյուս վնասների հատուցումը: Երբեք չէի մտածի եւ անգամ կանխատեսի, որ հնարավոր է նման վճիռ կայացնել, քանի որ, ըստ էության, բավարարվում է ածանցյալ պահանջի մի մաս, որը ուղիղ համեմատական է հիմնական պահանջին: Այսինքն՝ իմ հիմնական պահանջը եղել է գազամատակարարման վերականգնումը, որից էլ կախված է վնասների հատուցումը:

Դատավոր Ս. Հովսեփյանը, մինչեւ դատական ակտը կայացնելու պահը, ողջ դատավարական պրոցեսի ընթացքում իր հարցերով, իր նախագահությամբ այնպիսի տպավորություն էր թողնում, որ կարծես կանխատեսելի էր դառնում, որ իսկապես պետք է վերականգնի իմ խախտված իրավունքները, սակայն, ինչպես նկատում ենք, այստեղ մենք նույնպես անակնկալներից զերծ չմնացինք: Անակնկալ էր այդ դատական ակտը նաեւ ինչու, որովհետեւ դատաքննության վերջին փուլում իմ կողմից Դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով դատարանին էր ներկայացվել նաեւ վերջերս ԵԿԴ /2589/02/10 քաղաքացիական գործով կայացված օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որը ուղղակի եւ անմիջական կապ ուներ նաեւ գործի քննության համար, քանի որ նմանատիպ գործ էր, եւ այնտեղ տրված էր իրավական այնպիսի դիրքորոշում, որը ուղղակիորեն պաշտպանում էր հայ սպառողի խախտված իրավունքները: Որպեսզի յուրովի չմեկնաբանեմ, ապա ուղղակի մեջբերեմ այդ ԵԿԴ /2589/02/10 գործով Վերաքննիչ դատարանի որոշումից այն ելակետային հատվածը, որը անհրաժեշտ եւ օգտակար կլինի բոլոր սպառողների համար: Այսպես. «Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 559-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Էներգամատակարարման պայմանագրով պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում պարտավորությունը խախտած կողմը պարտավոր է մյուս կողմին հատուցել պատճառված իրական վնասը (17 հոդվածի 2-րդ կետ)»: Այսինքն՝ օրենսդիրն էներգամատակարարման պայմանագրային իրավահարաբերություններում եւս քաղաքացիաիրավական պատասխանատվությունն ուղղակի կախման մեջ է դնում մեղքի առկայությունից: Այսինքն, քանի դեռ չի ապացուցվել կողմի մեղավոր գործողությունը (անգործությունը), նրա նկատմամբ էներգամատակարարման պայմանագրային իրավահարաբերություններում չի կարող առաջ գալ քաղաքացիաիրավական պատասխանատվություն:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 555-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ «Այն դեպքում, երբ էներգամատակարարման պայմանագրով որպես աբոնենտ հանդես է գալիս էներգիան կենցաղային սպառման համար օգտագործող քաղաքացին, էներգետիկ ցանցերի, ինչպես նաեւ էներգիայի օգտագործման հաշվիչ սարքերի պատշաճ տեխնիկական վիճակի եւ անվտանգության ապահովման պարտականությունը դրվում է էներգամատակարարող կազմակերպության վրա, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով»:  Փաստորեն, վերը ներկայացված իրավանորմերի ուժով՝ սույն քաղաքացիական վեճին լուծում տալու համար դեռեւս բավարար չէ գազահաշվիչի շրջանցմամբ բնական գազը հայցվորի կողմից օգտագործված լինելու հանգամանքի հաստատված լինելը: Տվյալ դեպքում անհրաժեշտ է պարզել, թե հաշվիչ սարքի պատշաճ տեխնիկական վիճակի եւ անվտանգության ապահովման պարտականությունն արդյոք օրենսդրությամբ դրված է եղել հայցվորի վրա: Եվ բացի այդ, եթե նման պարտականություն օրենսդրորեն դրված է եղել հայցվորի վրա, ապա արդյոք հաշվիչի անսարքության մեջ առկա է եղել նրա մեղավորությունը: Նշվածի առումով դատարանը քննություն չի իրականացրել, որի արդյունքում՝ կայացրել է չհիմնավորված դատական ակտ»:

Ահա վերեւում բերվածը Վերաքննիչ դատարանի որոշման առանցքային պատճառաբանական մասն է, որը եւ ոչ այլ ինչ է, քան օրենքի ուղղակի մեջբերում: Այդ դատական ակտը «ՀայՌուսգազարդի» կողմից բողոքարկվել էր Վճռաբեկ դատարան, որը, սակայն, վերադարձրել էր: Այսինքն, Վճռաբեկը ըստ էության համամիտ է եղել Վերաքննիչի որոշման հետ: Էլ չեմ ասում, որ մեր գործով, ի տարբերություն մեջբերված գործի, անգամ գազահաշվիչի խախտման փաստը ապացուցված չէ:

Ցավալին այն է, որ դատավոր Սիմիզար Հովսեփյանին այդ դատական ակտը հայցվորիս կողմից տրվել էր դատաքննության փուլում եւ նա, մինչեւ վճիռ կայացնելը, գիտեր այդ մասին, թեեւ առանց այդ դատական ակտի էլ ակնհայտ էին «ՀայՌուսգազարդի» կողմից կատարված խախտումները: Այստեղ հարց է առաջանում, որ դատավորը արդյոք հավատո՞ւմ է իր իսկ կողմից կայացրած դատական ակտին, կարծում եմ, որ՝ ոչ: Կրկին հարց է առաջանում, այդ դեպքում ի՞նչն էր պատճառը: Ես միայն կարող եմ մտածել, որ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը փորձում է ամեն կերպ, տարբեր ռեսուրսների օգտագործմամբ  վրեժխնդիր լինել այն քաղաքացուց, որը փորձում է դեմ դուրս գալ իրեն:  Սակայն մեկ բան հաստատ կասեմ, որ ես կպայքարեմ մինչեւ վերջ, եւ այդ պայքարը գնալով ավելի մեծ թափ կստանա, քանի որ այն առնչվում է ոչ միայն իմ շահերին, այլ ցանկացածի, նման իրավիճակներից ապահովագրված չէ անգամ դատավոր Ս. Հովսեփյանը: Դատավոր Ս. Հովսեփյանի կողմից այդ անկանխատեսելի վճիռը մոտ օրերս բողոքարկելու եմ ՀՀ վերաքննիչ դատարան, որի հետագա ընթացքը նույնպես կներկայացվի:

Իրականում նպատակը ոչ թե «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից կազմված ակտով գումարի չվճարելն է, որը կազմում է ընդամենը 151.000 ՀՀ դրամ, այլ ուղղակի իմ, որպես քաղաքացու, խախտված իրավունքի վերականգնումը, որը նաեւ համընդհանուր շահ է: Թեեւ դրանով չեմ բացառում, որ գումարը էական չէ, բայց հավատացեք, ես այդ գումարի տասնապատիկն եմ ծախսել «ՀայՌուսգազարդի» պատճառած վնասի համար: Պատկերացնում եք՝ մի ամբողջ ձմեռ ես գազազրկված եմ եղել, ինչի հետեւանքով նաեւ բնակարանիս նոր վերանորոգումը մասամբ վնասվել է, նոր գնված գազի կաթսան մատնվել է անգործության, բազմաթիվ անհարմարություններ են առաջացել, որոնք լի են եղել բացասական հետեւանքներով: Էլ չեմ ասում բարոյական վնասի մասին:

Ես կարող էի չնչին՝ մի քանի հազար դրամ վճարել եւ հարցը փակել, քանի որ բազմիցս «ՀայՌուսգազարդը» ինձ դա առաջարկում էր, միայն թե ես դադարեցնեի պայքարը (չեմ բացառում նաեւ, որ «ՀայՌուսգազարդը» հերքի նման առաջարկի առկայությունը, սակայն դա արդեն իրենց խնդիրն է):

Անգամ «ՀայՌուսգազարդը» իմ բողոքների պատճառով, հարցը դատարան տեղափոխելու պատճառով, փորձեց հանցագործության մասին հաղորդում տալու միջոցով ինձ քրեական պատասխանատվության ենթարկել: Նպատակը միայն մեկն էր, որպեսզի ես դադարեցնեի իմ օրինական բողոքները եւ այդ հարցը չբարձրաձայնեի, կամ արդյունքում պարտվեի: Իհարկե, դա նրանց չհաջողվեց, քանի որ իրականությունն այլ էր:

Ուսումնասիրել եմ մեր դատական համակարգում առկա նման գործերը, եւ գիտեք ինչին եմ ականատես եղել, որ նման գործերի գրեթե 90 տոկոսը, որոնք նաեւ այդքան էլ շատ չեն, «ՀայՌուսգազարդը» հաշտություն է կնքել, բացի մի քանի գործից, որոնցից մեկի մասին արդեն վերեւում հիշատակել եմ: Սույն գործն էլ կարող էր հաշտությամբ վերջանալ, եւ ես հեշտությամբ խուսափեի հետագա անհարմարություններից, նյութական եւ բարոյական վնասներից, սակայն մենք բոլորս պետք է բարձր գնահատենք մեր իրավունքները եւ պայքարենք ցանկացած իրավունքի ոտնահարման դեմ, որպեսզի արդյունքում ունենանք այն երկիրը, որ ցանկանում ենք: Հաշտությունը, իհարկե, լավ բան է, սակայն դրա պայմանները երբեք չպետք է ոտնահարեն մարդու իրավունքը, ոչ միայն իմ, այլ նաեւ Ձեր իրավունքը: Քանզի մինչեւ հիմա իմ բնակարանի գազամատակարարումը վերականգնված չէ, իմ իրավունքների խախտումները շարունակվում են, ինչին, փաստորեն, դեմ չէ դատավոր Սիմիզար Հովսեփյանը:

Որպես վերջաբան ասեմ, պայքարեք Ձեր իրավունքների անգամ աննշան խախտման դեմ, դրանով Դուք ոչ միայն կվերականգնեք խախտված իրավունքները, այլեւ կբացառեք բոլորիս իրավունքների ոտնահարումը:

ԳԵՎՈՐԳ ԴԱՎԹՅԱՆ
Փաստաբան

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031