Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գազի հաշվիչը մի քանի փողոց այն կողմ են փակցրել

Մայիս 18,2012 13:40

Ինչի հետեւանքով բաժանորդը չի կարողանում հաշվիչի ցուցմունքին հետեւել

Ջրվեժ գյուղի գազի տեսուչն ու այդ գյուղի 70-ամյա թոշակառու Անատոլյա Խաչատրյանը երկար ժամանակ է՝ լեզու չեն գտնում: Արդեն 5 տարուց էլ ավել է՝ տիկին Անատոլյան դիմում է տեսուչին, որպեսզի իր գազի հաշվիչը փակցնի իր տան պատին, տեսուչն էլ 5 տարի է՝ պատասխանում է՝ չեմ կարող, պետք է լինի այնտեղ, որտեղ որ ներկայումս փակցված է: Տիկին Անատոլյայի ներկայացմամբ՝ երբ նոր էր գազիֆիկացրել 12/8 հասցեում գտնվող իր բնակարանը, այդ ժամանակ հաշվիչը հենց տան պատին է եղել, տիկնոջ խոսքերով ասած՝ աչքի առաջ: Սակայն մի օր տեսուչն առանց բաժանորդին տեղյակ պահելու հաշվիչը տեղադրել է մի քանի փողոց այն կողմ: «Առավոտի»-ի հետ զրույցում Անատոլյա Խաչատրյանը նշեց, որ հիվանդ է եւ տեղաշարժվելու խնդիր ունի. «Ես անկողնային հիվանդ եմ, ողնաշարի խնդիր ունեմ, եւ ամբողջ օրը պառկած եմ լինում, էլ ուր մնաց, թե կարողանամ մի քանի փողոց քայլել, որպեսզի տեսնեմ հաշվիչիս թիվը: Ձմռանը մոտ 150 հազար դրամ եմ վճարել սպառած գազի համար, ես ի՞նչ իմանամ՝ դա իրակա՞ն թիվն է, թե՞ տեսուչը «նկարել» է: Իմ աչքով չեմ տեսել: Բացի դրանից, կասկածում եմ, որ տեսուչը դիտավորյալ է այդքան հեռու տեղ տարել հաշվիչս, որ  ինչ ուզի՝ անի»:

Տիկնոջ դիտարկմամբ՝ եթե, ինչպես տեսուչն է վստահեցնում, ընդունված կարգն է պահանջում, որ հաշվիչը պետք է տեղադրված լինի մի քանի փողոց հեռավորության վրա, ապա ինչո՞ւ իր անմիջական հարեւանների հաշվիչները փակցված են հենց իրենց տների պատերին. «Այն ժամանակ «ՀայՌուսգազարդի» թույլտվությամբ տունս ինչ-որ կոոպերատիվի միջոցով գազիֆիկացվեց, ու հենց իմ տան պատին էլ փակցվեց հաշվիչը: Թե ինչ անցավ տեսուչի մտքով, որ եկավ ու հենց իմ հաշվիչն ինձանից հեռացրեց, չեմ կարող ասել»:

Այս առնչությամբ «ՀայՌուսգազարդ» ընկերությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ իրենց մասնագետները կգնան, տեղում խնդիրը կուսումնասիրեն եւ մայիսի 18-ին կպատասխանեն:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031