Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյումրեցիները ընտրակաշառքը վերցրել են վախից դրդված

Մայիս 18,2012 13:39

Այս համոզմանն է «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը

Գյումրիում իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի պարտության պատճառով այս քաղաքը դեռ հետընտրական «ռազբորկաների» մեջ է. ՀՀԿ պատասխանատուների՝ մամուլով միմյանց հասցեագրված փոխադարձ մեղադրանքներից բացի, մեզ հասած տեղեկություններով, թունդ վիճաբանություններ են գնում հանրապետականների եւ այս կուսակցության ընտրակաշառքը բաժանած անձանց միջեւ: Ըստ քաղաքում շրջանառվող լուրերի՝ վերջիններս ամբողջությամբ տեղ չեն հասցրել ՀՀԿ-ի ընտրակաշառքը, որի պատճառով էլ իշխող կուսակցությունը Գյումրիում պարտվեց ԲՀԿ-ին: «Առավոտը» «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանին հարցրեց, թե, որպես գյումրեցիների հետ շփվող մարդ, իր տպավորությամբ՝ ո՞րն էր ՀՀԿ պարտության պատճառը այս քաղաքում՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ոչ ճիշտ պահվածքն ու պաշտոնյային ոչ վայել ելույթնե՞րը, ընտրակաշառքի տեղ չհասնե՞լը, թե՞ կա ավելի օբյեկտիվ պատճառ, այն է՝ սոցիալապես ծանր վիճակում գտնվող գյումրեցիները հասկացել են, որ իշխող կուսակցությունն իրենց բեռը ոչնչով չի թեթեւացնում:

«Իշխող կուսակցության պարտությունը Գյումրիում ունի մի շարք պատճառներ, ամենակարեւոր պատճառը Հայաստանի ոչ համաչափ զարգացումն է: Եթե գնանք Երեւան ու գանք Գյումրի, առաջին հայացքից ահավոր տարբերություն կտեսնենք: Եղել են շատ դեպքեր, երբ լրագրողների խումբ կամ այցելուներ են եկել Գյումրի, մենք միասին շրջել ենք տնակներում, ու մարդիկ զարմացել են, թե էս ինչ վիճակ է տիրում Գյումրիում. չկան փողոցներ, ամեն տարի նույն կտորն են ասֆալտապատում ու անորակ, քաղաքը՝ ցեխի, փոշու մեջ, մարդիկ՝ սոված, չկա աշխատատեղ, դարձել են գաղթական, 7 հազար անօթեւան ընտանիք կա: Նման ծանր պայմաններում ցանկացած իշխող կուսակցություն կամ իշխող կոալիցիայի անդամներ, եթե արդար ընտրություններ լինեին, ընդամենը պիտի տանեին 1-2 տոկոս ձայն»,- համոզված է մեր զրուցակիցը: Նրա կարծիքով՝ ՀՀԿ-ն շնորհակալ պիտի լինի, որ Գյումրիի հանդեպ նման վերաբերմունք ունենալով՝ գոնե այդքան ձայներ տարել է: Ըստ նրա՝ ճիշտ կլիներ, եթե Գյումրիի ամբողջ բնակչությունը բոյկոտեր ընտրությունները, որպես բողոքի նշան առհասարակ չմասնակցեին ընտրություններին: «Տրամաբանությունը խոսում է, եթե նման իրավիճակում են դնում հանրապետության երկրորդ քաղաքի բնակչությանը տասնամյակներ շարունակ, լավագույն միջոցը բոյկոտելն էր: Խոսում են միայն օդանավակայաններից արտագաղթի մասին, բայց ավտոբուսով արտագաղթողների մասին չեն խոսում, երբ մեր քաղաքի բնակիչները, մասսայական, թուրքիաներում դարձել են ճորտ, երբ որ Ռուսաստան հասնելու համար մարդիկ պարտքեր են անում, իրենց գույքն են վաճառում, որ ավտոբուսներով մի կերպ երեխաներով փախչեն: Ավելի վատ իրավիճակ, քան սա է, Գյումրիում երբեք չի կարող լինել, մարդու ֆանտազիան էլ չի հերիքում, որ մենք պատկերացնենք, որ սրանից ավելի վատ վիճակ էլ է լինում: Բնականաբար, անկախ այն բանից, որ մասսայաբար բաժանվեցին ընտրակաշառք, վարչական ռեսուրսներ օգտագործվեցին եւ այլն, եւ այլն, Հանրապետականը քիչ ձաներ տարավ: Իսկ ԲՀԿ-ն համեմատաբար որոշակի սոցիալական խնդիրներ լուծեց, բարեգործական ծրագրեր իրագործեց՝ տրակտոր տվեց, գյուղերում գարի բաժանեց, հետն էլ ընդդիմադիր թեւին հարեց, բնականաբար՝ նրանք ավելի շատ ձայներ տարան, թեեւ ընտրակաշառք բոլորն էլ բաժանեցին»,- ասում է Վահան Թումասյանը: Մեր այն հարցին էլ, թե Գյումրիում ընտրակաշառքն այլեւս դերակատարություն չունի՞, պարոն Թումասյանն ասաց. «Ընտրակաշառքը դեր խաղացել է, բայց ընտրակաշառքը կամ տեղ չի հասել, կամ կա հարցի երկրորդ կողմը՝ մեր քաղաքում ընտրակաշառքը վերցնում են ոչ թե նրա համար, որ կաշառված լինեն, այլ վախից են վերցնում, որովհետեւ, երբ որ տվյալ մարդիկ գալիս են քո դուռը ու կաշառք են առաջարկում, դու հրաժարվում ես, դա նշանակում է, որ հայտնվում ես կրիմինալ քաղաքական իշխանության կողմից պատրաստված սեւ ցուցակում եւ պիտի պատասխան տաս՝ ինչո՞ւ չես վերցնում, ուրեմն դու չե՞ս քվեարկելու իրենց օգտին: Նման իրավիճակում ամեն մարդ չէ, որ համարձակություն կունենա ընտրակաշառք չվերցնելու»:

Վահան Թումասյանը համոզված է, որ ՀՀԿ ձախողման համար ոչ Գյումրու քաղաքապետը պաշտոնանկ կարվի, ոչ էլ մարզպետը, դրանք մի քանի օրից կդառնան հօդս ցնդող խոսակցություններ, քանի որ դիմացը նախագահական ընտրություններն են, եւ իշխանությունները այդքան «դուխ» չունեն փոփոխություններ կատարելու: Ըստ նրա՝ իշխանությունները կբավարարվեն իրենց համար ձայն չբերող, խոցելի դարձած քաղաքապետին ու մարզպետին կարգի հրավիրելով:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031