Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Աշոտ Զաքարյանը ճիշտ կաներ՝ ընդդիմությունից սուսուփուս բաժանվեր»

Մայիս 18,2012 13:33

«Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանի կարծիքով՝ Գյումրու ՀԱԿ համակարգող, նախկին քաղբանտարկյալ Աշոտ Զաքարյանի՝ ընդդիմությունից հեռանալը ողբերգություն չէ, եւ սրանով ամենեւին էլ չի պառակտվում ՀԱԿ-ը: «Մենք առհասարակ ամեն ինչ չափազանցում ենք, եթե չլքեր էլ՝ ի՞նչ էին անում, ի՞նչ հասարակական ազդեցություն ունեն, ի՞նչ սոցիալական խնդիրներ են բարձրացնում: Հիմա, ասենք, ես այս կամ մյուս գրասենյակում եմ, էլի նույն մարդը չե՞մ: Հետընտրական շրջանում մարդիկ էնքան պարապ են մնացել, որ ստիպված պիտի զբաղվեն համասեռամոլների կամ հակառակ՝ ակումբ պայթեցնողների շահերով: Հիմա նույնը Աշոտ Զաքարյանինն է. չեմ կարծում, թե էն մարդիկ, ովքեր մնացել են Գյումրու ընդդիմադիրների շարքերում, ավելի պակաս գիտելիքներ ունեն, քան Աշոտ Զաքարյանը»,- ասաց Վահան Թումասյանը: Նրա կարծիքով՝ սխալ էր պարոն Զաքարյանի հեռանալու ձեւը: «Սխալ էր դուրս գալու մոտեցումը, հայտարարությամբ դուրս գալը ինչ-որ տեղ հետդարձի կամուրջները վնասում է, նման ձեւով չի կարելի, մի լավ խոսք կա. ասում է՝ իսկական տղամարդը որ կնոջից բաժանվում է, ինքը վերցնում է միայն իր պայուսակը եւ ասում է՝ ես գնացի: Իսկ լաչառ տղամարդը սկսում է դատարան դիմել, գույք կիսել, երեխաներին չգիտեմ՝ ինչ անել: Ես չեմ դատապարտում նրան, բայց կողմ եմ, որ սուսուփուս գնաս ուրիշ գործի, ո՞վ ասեց, որ իրավունք չունես գնալու այլ տեղ, հնարավոր է՝ այլ տեղում ավելի շատ օգուտ բերես»: Ըստ մեր զրուցակցի՝ ՀԱԿ-ից դուրս գալու պատճառն այն է, որ մարդիկ չեն զգում հեղափոխության շունչը: «Առհասարակ, երբ իշխանափոխության, հեղափոխության շունչը մոտ է լինում, ավելի շատ մասսաներ են հավաքվում հրապարակներում կամ հավանական հաղթող կուսակցությունների շուրջ, երբ որ ընկնում է էդ ալիքը, մարդիկ գնում են այլ գործերի, դա նորմալ երեւույթ է, եւ եթե նման դեպքերին հասարակական կամ լրագրողական մեծ ուշադրություն է դարձվում, դա պարապությունից է»,- կարծում է Վահան Թումասյանը:

Ն. ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031