Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում եւ իշխանությունն է ռուսամետ, եւ ընդդիմությունը

Մայիս 18,2012 13:30

Հասարակությանն այս առումով այլընտրանք չի՞ ներկայացվում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր երդմնակալությունից հետո առաջիններից մեկը, ինչ արեց, այն էր, որ հանդիպեց ԱՊՀ երկրների ղեկավարներին: Առիթը մայիսի 15-ին Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանն էր, որը նվիրված էր Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակին, ապա նաեւ՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այդ միջոցառումներին մասնակցել էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրություններում այդ միջոցառման վերաբերյալ ամեն ինչ կար՝ բացի մեկ կարեւոր բանից. շրջանցվել էր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում կազմակերպության անդամ երկրների ղեկավարների ընդունած համատեղ հռչակագրում արձանագրված այն դրույթը, որտեղ մտահոգություն էր հայտնվում, թե Եվրոպայում Հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայումը սպառնալիք է միջազգային անվտանգությանը:

«Առավոտը» «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ զրուցեց այս եւ ՌԴ-Հայաստան հարաբերություններին առնչվող հարցերի շուրջ:

– ՌԴ նախագահ Պուտինն իր երդմնակալությունից հետո Մոսկվայում հյուրընկալեց ԱՊՀ եւ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին, եւ այդ միջոցառումներից մեկի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում նաեւ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ երկիր, ստորագրեց մի հայտարարության տակ, որով ասվում էր, թե Եվրոպայում Հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայումը վտանգում է միջազգային անվտանգությունը: Դուք Հայաստանի ստորագրությունն այդ հայտարարության տակ ինչպե՞ս կմեկնաբանեք. արդյոք Սերժ Սարգսյանը դրանով չստվերե՞ց դեպի Եվրոպա միտված իր քաղաքականությունը, կամ պե՞տք է արդյոք, որ Հայաստանին հետաքրքրեն Եվրոպայի արձագանքն ու ընկալումներն այդ համատեքստում:

– Նախ՝ գաղտնիք չէ, որ հետխորհրդային երկրներին միավորող կառույցների՝ ԱՊՀ-ի կամ ՀԱՊԿ-ի տոննաներով գրված, բայց չաշխատող թղթերը՝ բոլոր կանոնագրքերը, վաղուց արդեն ոչ մեկին հետաքրքիր չեն: Այդ կառույցներն ամբողջ աշխարհն արդեն վաղուց ընկալում է որպես դիկտատորների ակումբ, որի անդամները մեկը մյուսի կարիքն ունեն եւ մեկը մյուսին սնուցում են եւ գաղափարական, եւ քաղաքական ու աշխարհաքաղաքական առումներով: Պարզ է, որ Պուտինի այդ առաջարկությունը՝ համատեղ հռչակագիր ստորագրելու, այն առաջարկությունների շարքից էր, որը, ինչպես դոն Կորլեոնեն կասեր, առաջարկություն էր, որից անհնար էր հրաժարվել: Կարծում եմ՝ Արեւմուտքը սրան նայում է ճիշտ այնպես, ինչպես նայում է շատ հարցերում ՌԴ-ի արած առարկություններին՝ փիլիսոփայորեն: Այդուհանդերձ, գերտերությունների աշխարհաքաղաքական պայքարը շարունակվելու է եւ հատկապես նաեւ Հարավային Կովկասում, որը Արեւմուտք-Կենտրոնական Ասիա կապող միջանցքի դերն է կատարում: Հայաստանն այսօր առայժմ պարիտետ է պահում, բայց դա շատ դինամիկ պարիտետ է: Մենք ունենք մի կողմում՝ քիչ-քիչ ճգնաժամի մեջ ընկղմվող Ռուսաստան, եւ մյուս կողմում՝ քիչ-քիչ ճգնաժամից դուրս եկող, փոփոխվող, նորացվող Արեւմուտք, եւ կարծում եմ, որ հենց այդ պրոցեսներն էլ կանխորոշելու են այդ պայքարի հետագա ելքերը՝ այդ թվում Հայաստանի համար:

– Հայաստանում քիչ չեն քաղաքական ուժերը, որոնք իսկապես քննադատում են մեր երկրի կախվածությունը կամ ենթակայությունը ռուսաստանյան աշխարհաքաղաքական որոշումներ ընդունելու համատեքստում: Կարծում եք՝ Հայաստանը երբեւէ Ռուսաստանից «պոկվելու» շանս ունի՞:

– Հայաստանն ինքնուրո՛ւյն լինելու շանս ունի: Հայաստանը պետք է գա ու հանգի իր ներքին հարցերի լուծման մոդելին: Այստեղ ես որոշիչ դերը տեսնում եմ հասարակության մեջ:

– Մենք հասարակության դերը կարեւորում ենք նաեւ ներքին խնդիրների լուծման համատեքստում, բայց անցած խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, թե հասարակությունն ինչ որակ ու մակարդակ ունի, եւ այս դեպքում էլ չե՞ք կարծում, որ եթե արտաքին քաղաքական խնդիրներում էլ նույն այս հասարակությունը որոշիչ դեր ունենա, ապա իր մեծամասնությամբ անվերապահորեն կողմ կլինի ՌԴ-ից նույնիսկ կախման մեջ, քան ինքնուրույն լինելուն:

– Այդպես չէ: Քաղաքականության մեջ ժողովուրդն իր հավաքականությամբ միշտ ճիշտ է: Իսկ դուք, քաղաքական ուժերն ի՞նչ այլընտրանք են առաջարկել ժողովրդին՝ լինի դա ներքին, թե արտաքին քաղաքական խնդիրներին վերաբերող հարցեր, ընդհանրապես՝ ցանկացած ընտրանք, որին նա «ոչ» է ասել:

– Կոնկրետ արտաքին քաղաքական կողմնորոշումների հարցում Դուք, թերեւս, ճիշտ եք: Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ եւ իշխանական, եւ ընդդիմադիր ճամբարներում որոշակի կշիռ ունեցող ուժերը փորձում են իրար դեմ պայքարում օգտագործել ռուսաստանյան գործոնն ու ռուսաստանյան իրենց կապերը: Երկու ճամբարներում էլ ռուսական կողմնորոշումն է տիրապետողը, գոնե այն, ինչ մակերեսի վրա է: Մյուս կողմից՝ իշխանական եւ ընդդիմադիր ճամբարներում կան նաեւ դեպի Եվրոպա հայացք նետող ուժեր: Ձեր կարծիքով՝ առաջիկա նախագահական ընտրությունների համատեքստում կողմնորոշումների հարցը, ռուսական գործոնը որքանո՞վ վճռորոշ կամ կարեւոր դեր կարող են խաղալ:

– Մենք, իրոք, բավականին ծանր արտաքին քաղաքական իրավիճակում ենք հայտնվել. Ռուսաստանում ունենք Պուտին եւ ճգնաժամից դուրս չեկող կամ դժվարությամբ դուրս եկող Արեւմուտք, ընդ որում՝ ՌԴ-ի հետ վերջին 4 տարիների հարաբերություններից, «նարնջագույն» հեղափոխություններից հիասթափված Արեւմուտք: Սա առկա իրավիճակի ընդհանուր ֆոնն է: Մյուս կողմից՝ մենք ունենք ընդդիմություն, որը, փաստորեն, այդ հարցում որեւէ այլընտրանք չառաջարկեց: Ավելին, նույնիսկ երրորդ-չորրորդ կարգի ռուսական պետական գերատեսչությունների փոստատարների նախանշած ճանապարհներով էր փորձում ընթանալ, եւ արեց այն, որ «սփոյնինգի» ենթարկվեց՝ «փչացավ»՝ ընթանալով ռուսաստանյան կողմից միտումնավոր ուղղորդված սխալ ուղղությամբ, եւ Կոնգրեսի ներսում որեւէ արգելակ փաստացի չաշխատեց: Թե ինչո՞ւ չաշխատեց՝ այս պահին չքննարկենք, բայց ստացանք դրա արդյունքը: Այսօր ունենք հստակ ռուսական կամ ռուսամետ ուժեր, որոնք աշխատում են Հայաստանի ներսում, որոնք ամեն գնով թույլ չեն տա, որ Հայաստանում այս դասավորությունը փոխվի: Իրականությունը նաեւ այն է, որ մենք էլի ունենք թույլ իշխանություն, որի պերճախոս վկայությունը ՀՀ վարչապետի հայտարարությունն է, թե՝ «Հայաստանը նայում է դեպի Եվրոպա»: Այո, նայել թույլ կտան, բայց գնալ՝ ոչ միայն թույլ չեն տա, այլեւ ոտքերդ կջարդեն հենց Հայաստանում գործող ուժերի միջոցով:

– Անընդհատ խոսվում է Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության՝ դեպի արեւմտամետ կողմնորոշմանը միտված լինելու մասին, բայց արդյոք իրական հիմք ունե՞ն, թե՞ ընդամենը մակերեսային տպավորություններ են կամ հերթական իմիտացիոն քայլեր:

– Կարծում եմ՝ իմիտացիոն բան է, որովհետեւ, ի վերջո, իշխանությունն ինքը, օրգանական կապ ունենալով, ռուսական համակարգի տրամաբանական շարունակությունն ու գավառական մակետն է Հայաստանում: Բայց խնդիրը քիչ այլ է. կան վերտիկալ հարաբերություններ, երբ ՌԴ-ից Հայաստանի կախվածությունը հասել է սպառնալիքի աստիճանի, ու իշխանությունն էլ է զգում, որ առանց Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ պատշաճ մակարդակի հարաբերությունների այդ սպառնալիքները մեղմելը կարող է դառնալ անհնարին: Ի վերջո, Հայաստանը չի կարող դառնալ Հարավային Օսիա: Ռուսաստանն էլ է դա շատ լավ հասկանում, եւ որպեսզի Հայաստանում իրավիճակը չփոխվի՝ պետք է, որ Հայաստանում մշտապես լինի ոչ լեգիտիմ իշխանություն: Հայաստանում նույնիսկ ռուսամետության հարց, կախվածության խնդիր չկա: Հարավային Օսիայում ընդհանրապես ռուսամետության հարց չկա, որովհետեւ այնտեղ ոչ ռուսամետներ ուղղակի չկան, բայց ՌԴ-ն, այդուհանդերձ, ամեն ինչ արեց, որպեսզի այնտեղ լեգիտիմ իշխանություն չձեւավորվի, որովհետեւ լեգիտիմ իշխանությունը իրենց հետ միանգամայն այլ հարաբերություններ կունենար՝ իր ամբողջ ռուսամետությամբ հանդերձ:

Հարցազրույցը վարեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031