Հատված Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության անդամ Արթուր Աղաբեկյանի հետ հարցազրույց
-Պարոն Աղաբեկյան, համասեռամոլների հավաքատեղի համարվող DIV ակումբում տեղի ունեցած միջադեպը շարունակում է մնալ բուռն քննարկումների առարկա։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ երեւույթին։
-Համասեռամոլների ակումբում տեղի ունեցած միջադեպի մանրամասներն ու հանգամանքները ուշադրությամբ ուսումնասիրելուց հետո միանգամայն հիմնավոր կասկած է առաջացել, որ դա հմտորեն կազմակերպված սադրանք է:
Համասեռամոլները պարզապես հասարակությանը ներկայանալու եւ ընդունելի դառնալու ճանապարհներ են որոնում: Ցավալի է, որ որոշ լրատվամիջոցներ կերան համասեռամոլների խայծը եւ արատավոր այս երեւույթի հանդեպ ոչ միայն հանդուրժողականություն դրսեւորեցին, այլեւ նույնիսկ ճանաչողական՝ PR բնույթի հրապարակումներ պատրաստեցին:
Մեր հասարակությունը, ինչ-որ իմաստով, այո, բավականին անտարբեր է արատավոր այս երեւույթի նկատմամբ, բայց նաեւ հպարտ ու ոգեւորված եմ, որ կան երիտասարդներ, ովքեր անհանդուրժող են հասարակությունն այլասերող համասեռամոլների, աղանդավորների, այլ շեղումներ ունեցող խմբերի հանդեպ:
Ակամա հիշում եմ իմ մանկության տարիներին՝ անցյալ դարի 60-ականների վերջին, 70-ականների սկզբին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները, թե ինչպես էին հայ երիտասարդները ընդվզում, երբ ավելի ավագ սերունդը քիրվայություն էր անում ադրբեջանցիների հետ: Նույն այդ երիտասարդները լուրջ հակամարտության մեջ էին ադրբեջանցիների հետ 1967 թվականին Արցախի մի շարք շրջաններում, 1968-ին՝ Ստեփանակերտում, որոնք հայաբնակ տարածքներում փորձում էին իրենց իշխանությունը հաստատել:
Այսօր տարբեր ոլորտներում արատավոր երեւույթների դեմ ակտիվ պայքար մղող երիտասարդների հետ այս զուգահեռները միանգամայն տեղին եմ համարում, քանի որ հանդուրժելու պարագայում հայ ինքնությանը համասեռամոլները նույնքան վնաս կարող են պատճառել, որքան ադրբեջանցիները ցանկանում էին անել տասնամյակներ առաջ:
Լինելով բռնության բոլոր դրսեւորումներին դեմ մարդ, ես ողջունում եմ, որ հայ երիտասարդները ոչ միայն իրենց ահազանգն են հնչեցնում, այլեւ կոնկրետ քայլերով են պայքարում մեր ազգային արժեքներն ու հավատը խարխլող արատների դեմ: Վստահ եմ, որ արդյունքում շահելու է հայ ժողովուրդը, վերականգնվելու է մեր ինքնության կորցրած հատվածը:
-Դուք, Արծվիկ Մինասյանը, Հրայր Կարապետյանը, այլ դաշնակցական պատգամավորներ սատարեցիք համասեռամոլների դեմ պայքարող երիտասարդներին: Հասարակության գնահատականը պատշա՞ճ էր:
-Այդ երկու երիտասարդները հստակ գործողությամբ ցույց են տվել, որ կան հայեր, ովքեր ոչ մեկին թույլ չեն տալու, որ հայ ժողովրդի ինքնությունը որեւէ անհատ խաթարի կամ վտանգի: Մենք սատարել ենք այդ երիտասարդներին, որ մեր ժողովուրդը հայոց բարձրավանդակում արժանապատիվ ապագա ունենա:
Միջադեպից հետո եղան մարդիկ, ովքեր ընդգծեցին, որ այդ երիտասարդների պապերը դաշնակցականներ են: Այս մասին մի կարեւոր շեշտադրում անհրաժեշտ եմ համարում:
Օրերս ավարտված քարոզարշավի ընթացքում որ կուսակցության անդամի ու համակիրի հետ զրուցում էի, իր պարտքն էր համարում պնդել, որ իր պապը դաշնակցական է եղել: Եթե բոլոր հայերի պապերը դաշնակցականներ են, ապա դա չի նշանակում, որ բոլորի արարքների համար Դաշնակցությունն է պատասխանատու: Միաժամանակ վստահ եմ, որ այդ երիտասարդների պապերը 131 պատգամավորներից ում էլ դիմեին, բոլորն էլ կստորագրեին այդ միջնորդությունը: Հավատացած եմ, որ Հանրապետական կուսակցությունից բոլորը կստորագրեին:
Միաժամանակ խորին ցավ զգացի, երբ տեղեկացրին, որ խորհրդարանական կուսակցություններից մեկի ղեկավարը միջադեպից հետո եղել է համասեռամոլների ակումբում` հավանաբար իր այդ պահվածքով վերաբերմունք ցույց տալու համար: Չեմ կարծում, թե այսպիսի քայլ անող քաղաքական գործիչը կարող է համարվել ազգային արժեքների ժառանգորդ:
Գեւորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հայոց աշխարհ»