Հայաստանում ամեն տարի մայիսի 3-րդ կիրակին նշվում է որպես ՁԻԱՀ-ի զոհերի հիշատակի օր: «Իրական աշխարհի իրական մարդիկ» հ/կ նախագահ Հովհաննես Մադոյանը այսօր «Հենարան» ակումբում այդ առիթով ասաց, որ ի տարբերություն Լատինական Ամերիկայի, որտեղ եւ թմրամոլների թիվն է ավելի մեծ, քան Հայաստանում եւ սեռական կյանքով այնտեղ ավելի ազատ են ապրում, Հայաստանում ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի տարածվածության տեմպերը ավելի մեծ են: Հ. Մադոյանի խոսքերով, միայն այս տարվա 4 ամիսների ընթացքում գրանցվել է ՄԻԱՎ-ի 73 դեպք:
Հայաստանը ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի աճի տեմպերով, ի տարբերություն Լատինական Ամերիկայի, ավելի խոցելի վիճակում է: Հասարակական կազմակերպության ղեկավարի խոսքերով՝ թեեւ Հայաստանում 2005-ից սկսած ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ով ապրողները ստանում են հակառետրո վիրուսային բուժում «Գլոբալ» հիմնադրամի միջոցներով, սակայն հ/կ ղեկավարը մտահոգություն հայտնեց, որ մի օր հնարավոր է «Գլոբալ» հիմնադրամը այլեւս այդ օգնությունը չտրամադրի, իսկ հիվանդները դեղորայքը պետք է ստանան իրենց ամբողջ կյանքի ընթացքում: Ուստի Հովհաննես Մադոյանը կարծում է, որ կառավարությունը պետք է մտածի այդ ուղղությամբ, որպեսզի հետագայում այդ հիվանդների կյանքը վտանգված չլինի:
Պարոն Մադոյանի խոսքերով՝ Հայաստանը գտնվում է ռիսկային տարածաշրջանում ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի առումով, քանի որ մեր տղամարդկանց մեծ մասը մեկնում է Ռուսաստան կամ Ուկրաինա, որտեղ վարակման ռիսկը մեծ է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ