Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեր բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներն էլ անբարոյականության տարր պարունակող կոչեր են հնչեցրել

Մայիս 18,2012 12:34

 Ընտրակաշառք վերցնելու խորհուրդն արդեն «Մի գողանար» պատվիրանի խախտումն է, ու այն բանից հետո, երբ գողանալու խորհուրդ ես հնչեցրել, բարոյական իրավունք չունես ասելու` մի ստիր, մի շնացիր, որովհետեւ այնպես չէ, որ տասը պատվիրանից 9 կամ 8-ը պահում ես, մեկ- երկուսը` չէ, ու դրանից հետո աստված քերովբեների ձայների մեծամասնությամբ պիտի որոշի` քեզ դրախտ թողնել, թեՙ ոչ: Էսպես պատկերավոր եմ ասում, որ միտքս շուտ տեղ հասցնեմ: Իսկ մեր քաղաքական ուժերը հենց այդպես են վարվել, քանի որ գիտեն` ընտրողն աղքատ է, ընտրողը հասցված է այն մակարդակի, որ արդարության կոչը նրա համար ոչինչ է, քանի որ ամեն օր եւ ամեն ժամ իր առջեւ աղաղակող անարդարություններ ու զոռբայություններ է տեսնում, սոցիալականն էլ նրան սեղմել է պատին:

Ու ահա այս իրավիճակում մեր բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներն էլ այդպիսի` օրենսդրությամբ արգելված եւ մեծ հաշվով անբարոյականության տարր պարունակող կոչեր են հնչեցրել: Ու դրանից հետո չպիտի ոչ մեկից նեղանան, որովհետեւ ոչ մի տարբերություն չկա ընտրակաշառք բաժանողի եւ դրանք վերցնել խորհուրդ տվողի միջեւ, իրականում շնացողի եւ մտովի տրվողի տարբերությունը ո՞րն է: «Կիսով հղի չեն լինում», ինչպես սիրում են կրկնել մեր գրագետ ու անգրագետ քաղաքականները միաձայն: Իսկ կաշառքը վերցնելու խորհուրդն առավել ավերներ է գործում հասարակության մտածելակերպի մեջ, քան բուն կաշառքը, որը հարց է լուծում: Այդ խորհուրդը վիզա է տալիս կաշառք վերցնելուն, այդ խորհուրդը նշանակում է, որ ընտրողն այնքան էլ վատ բան չի անում, այդ խորհուրդն ինստիտուցիոնալացնում է համատարած փող բաժանելու այպանելի սովորույթը Հայաստանում: Վերջնականապես ընտրողին դարձնում է առեւտրի սուբյեկտ, քանի որ ընտրողը մտածում է` եթե այդ բանն էս ընդդիմադիր կիսաստվածն է ասում, ուրեմն դա այնքան էլ վատ բան չէ, եւ առհասարակ` կոռուպցիան էնքան էլ վատ բան չէ: Ու այդպես ամբողջանում է հայ ընտրողի կերպարը կուզեք ասեքՙ մենթալիտետ, կուզեք ասեք` արեւելյան շահառություն: Ի՞նչ կուզեք ասեք` դրա հիմքն ամրացնում եք դուք, քաղաքական ուժերդ, ամեն անգամ քարոզելով` «ընտրակաշառքը վերցրեք (ուրիշներից), բայց խղճով ընտրեք (այսինքն` ինձ)»:

Հիմա ումի՞ց եք դժգոհում:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031