Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանն ուզում է ԲՀԿ-ին սնանկացնել, իսկ Ծառուկյանը պատրաստ չէ ընդունել հարկայինին (Տեսանյութ)

Մայիս 18,2012 12:27

Ժամանակին Նիկոլ Փաշինյանը «վերջ դոդացմանը» կարգախոսով էր հանդես գալիս, հիմա ԲՀԿ-ի հետ սերտ համագործակցում է: Aravot.am-ի հետ զրույցում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ այս երկուսի մեջ հակասություններ չկա՞ն: Պարոն Կարապետյանի գնահատմամբ՝ դա պարադոքս է. «Ո՞նց չկան, կան: Ես խուսափում եմ մարդկանց վերաբերյալ անձնական նման կարծիքներ արտահայտել, բայց այդ աստիճանի անձնական կարծիք արտահայտե՞լ: Այն ժամանակ հարմար էր այդ տեսակետը, հիմա հարմար է այս տեսակետը»:

Մեր հարցին՝ ի՞նչն է ստիպում ՀԱԿ-ին համագործակցել ԲՀԿ-ի հետ, շա՞հը՝ պարոն Կարապետյանը պատասխանեց, որ ՀԱԿ-ն իր սկզբունքներին դեմ գնալով՝ քաղաքական շահի հետեւից է գնում. «Իմ տեսակետն է, որ ՀԱԿ-ը ընտրությունների փուլում գտնվելով ֆինանսական, քաղաքական շատ վատ իրավիճակում՝ ամենայն հավանականությամբ գտել է ձեւ որոշակի քաղաքական ուժի հետ պայքարելու ճանապարհ ընտրել, առավել եւս՝ կարողանալ իբր թե այդ ուժին կոալիցիայից պոկել, մաքրել, Ռոբերտ Քոչարյանի հնարավորություններից եւ իրենց հետ շարժվել: Որպես գաղափար՝ ուտոպիա է»:

ԲՀԿ-ն, ըստ Ձեզ, չի՞ մաքրվի, Ռոբերտ Քոչարյանի շուքը կմնա՞ նրա վրա՝ հարցերին պարոն Կարապետյանը պատասխանեց. «Ես չեմ տեսնում որեւէ տեսք եւ ձեւ, որ ԲՀԿ-ն կդառնա այնքան գաղափարական եւ քաղաքականապես նոր տիպի, որը որոշում կկայացնի, կասի սրանից մաքրվում ենք, այսպես սխալ է, մանդատը կդնի: Հիմա Վարդան Օսկանյանն է փորձում բացատրել, որ քաղաքական որոշումները կայացնում են քաղաքական իրավիճակից ելնելով, այն մարդուն էլ ասում են՝ ամեն ինչ ճիշտ ես արել, լավ ես արել, բայց նայի, էլի, գեղեցիկ չի: Այդ մարդն այսօր ԲՀԿ-ի մեջ սպիտակ ագռավի պես փորձում է բացատրել, որ քաղաքականությունն արվում է քաղաքական մեթոդներով: Ինքը ամենաներքեւի փաստերն է փորձում բացատրել թիմին: Բոլորը լսում են ու ասում՝ վաղը ո՞նց՝ հարկայինը գալու է մեր մո՞տ: Այսինքն՝ այս Օսկանյանն ուզում է բոլորիս սնանկացնի, հա՞: Ոչ միայն Գագիկ Ծառուկյանը, այլ իր ամբողջ թիմը պատրաստ չէ դրան: Հիմա կերեւա, եթե պատրաստ է, ուրեմն կհայտարարի, որ մենք խիստ ընդդիմություն ենք, կոնստրուկտիվ ընդդիմություն ենք, ոչ մի կոալիցիա մենք չենք գնում: Ժողովուրդ ջան, ինչ ասել էինք քարոզի ընթացքում, ձեր քվեները ստացել ենք, ընդդիմադիր մտնելու ենք, հենց ՓՄՁ-ների մասին օրենքը վատը բերեցին՝ պայքարելու ենք՝ մինչեւ իսկ մանդատները դնելու ճանապարհով: Այ երբ որ սենց հայտարարություն մենք լսենք, կհամարենք, որ Վարդան Օսկանյանին բոլորը հավատացին եւ փոխվեցին Բարգավաճ Հայաստանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031