Լրահոս
Օրվա լրահոսը

Միասնական շտաբի բուտաֆորիան

Մայիս 18,2012 12:22

Միասնական շտաբի անարդյունավետության վերաբերյալ ոչ պակաս սուր դիտողություններ է արել ընտրությունների ժամանակ ՀԱԿ թեկնածուի վստահված անձի կարգավիճակ ունեցած Հրանտ Տեր-Աբրահամյանը։ Նա մասնավորապես նկատել է. «Բացի այդ, անկեղծ ասած, պարզ չեղավ, թե ինչ արեց Միասնական շտաբ կոչվածը. դրա աշխատանքի արդյունքները չզգացվեցին եւ հազիվ էլ արդեն զգացվեն: …Նախքան ընտրություններն ընդդիմության ցանկացած շտաբ պետք է փորձի անպայման ճշտել ընտրացուցակների խնդիրը, որը, թերեւս, կեղծման հիմնական մեխանիզմն է: Դա պետք է աներ Միասնական շտաբը, որից, այդ առումով, այդպես էլ որեւէ «խաբրիկ» չեղավ»:
Նկատենք, որ նման՝ ուղղակի մերկացնող գնահատականների ու բնորոշումների հեղինակները ոչ թե ՀԱԿ-ի չարակամներն են, այլ մի դեպքում՝ այդ «բազմակուսակցական դաշինքին» անդամակցող ուժի ղեկավար, մյուս դեպքում՝ կոնգրեսի ընդգծված համակիր։
Ի դեպ, կարծում եմ հետաքրքիր կլինի վերհիշել, թե ընդամենը մի քանի օր առաջ նույն թեմայով հատկապես ի՞նչ հայտարարեց ՀԱԿ առաջնորդ Լ.Տեր-Պետրոսյանը։ Մայիսի 3-ի հանրահավաքում նա մասնավորապես ասաց. «Ընտրարշավը բացահայտեց եւս մի կարեւոր իրողություն. այն է, որ արդար ընտրությունների անցկացմամբ անկեղծորեն շահագրգռված են միայն երեք քաղաքական ուժեր` Հայ ազգային կոնգրեսը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ինչի արտահայտությունն է այդ ուժերի սերտ համագործակցությունը ընտրությունների օրինականության վերահսկման միասնական շտաբում։
Միասնական շտաբի գործունեության եւ նրա նախաձեռնությունների դեմ չարախոսող մնացյալ քաղաքական ուժերը վերջին հաշվով կամա թե ակամա սպասարկում են իշխող ռեժիմի շահերը, կամ էլ անդրկուլիսյան խաղերի ու գործարքների մեջ են այդ ռեժիմի հետ։ Ասվածը հավասարապես վերաբերում է նաեւ նույն կերպ վարվող իբրեւ թե անկախ որոշ լրատվամիջոցների ու քաղաքագետների»։
Հետաքրքիր է, հիմա ո՞վ էր «կամա թե ակամա սպասարկում իշխող ռեժիմի շահերը»։ Իսկ միգուցե ինչ-որ մեկը, տվյալ դեպքում՝ ՀԱԿ առաջնորդը, պարզապես անընկալունա՞կ է քննադատության հանդեպ։ Արդեն ակնհայտ է, որ նման գնահատականներ տալով` Տեր-Պետրոսյանը չափազանցված էր ներկայացնում միասնական շտաբի գործունեությունն ու դերը։ Եվ ոչ միայն կազմակերպչական առումով, կամ ընտրախախտումների դեմ պայքարելու, ընտրությունների ընթացքը վերահսկելու տեսակետից էր գնահատականը չափազանցված։
Այս օրերին ՀԱԿ-ից հեռացող կամ հեռանալ պատրաստվող տարբեր գործիչներ աշխուժորեն քննադատում են միասնական շտաբի վերաբերյալ ՀԱԿ վերնախավի, ավելի ճիշտ՝ Տեր-Պետրոսյանի ընդունած որոշումը։ Քննադատողների այս մի խումբն էլ կարծում է, որ միասնական շտաբում ԲՀԿ-ի հետ համագործակցելու հանգամանքն «աշխատեց» ի վնաս ՀԱԿ-ի՝ ապակողմնորոշելով դեպի իրենց հակված ընտրազանգվածի մի մասին։
Ավելին՝ շատերը նշում են, որ ի սկզբանե դեմ են եղել նման համագործակցությանը։ Այսինքն՝ միասնական շտաբը ոչ միայն կազմակերպչական, այլեւ քաղաքական առումով ՀԱԿ-ի համար չի կատարել այն դերը, ինչ նրանք նախատեսում էին այդ նախաձեռնությանը միանալով ու այն զարգացնելով։
Կարճ ասած՝ Տեր-Պետրոսյանի հաշվարկներն այդ մասով էլ չարդարացան։

Մ. ՍԱՀԱԿՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031