Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հացադուլավոր զինծառայողի մայրը որդուն չհամոզեց. տղան ցանկանում է «հանգիստ մեռնել»

Մայիս 18,2012 12:17

«Գորիս» քրեակատարողական հիմնարկում 43 օր առաջ հացադուլ հայտարարած զինծառայող Սուրեն Կիրակոսյանի մայրը՝ Զվարթ Կիրակոսյանը (լուսանկարում) երեկ բանտում հանդիպել է որդուն և հորդորել է դադարեցնել հացադուլը:

Epress.am-ի հետ զրույցում Զվարթ Կիրակոսյանն ասել է, որ իրեն չի հաջողվել համոզել տղային:

«Երբ գրկեցի որդուս, այնպիսի զգացողություն էր մոտս, ասես գրկում եմ նրա անշնչացած մարմինը: Այնքան եմ խնդրել, աղաչել, բայց Սուրենն անդրդվելի է: Ասում է ՝ մամ, ապրել չեմ ուզում, թող հանգիստ մեռնեմ», – պատմել է Զվարթ Կիրակոսյանը:

Մոր խոսքով՝ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետն ու աշխատակիցները միաբերան պնդել են, որ մայրը համոզի տղային, որպեսզի վերջինս թույլ տա իրեն առաջին բուժօգնություն ցույց տալ:

«Ինձ ասել են, որպեսզի դիմեմ Քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանին՝ խնդրանքով, որպեսզի հանձնարարի  Սուրենին տեղափոխել  Դատապարտյալների հիվանդանոց: Միայն այս կերպ է հնարավոր տղայիս դուրս բերել այս վիճակից», – ասել է  Կիրակոսյանը:

Այսօր 11:30-ի սահմաններում զինվորի մայրը մեզ հետ զրույցում նշել է, որ ինքն այս պահին գնում է Քրեակատարողական վարչություն՝ դիմում գրելու:

Նշենք, որ երեկ Սուրեն Կիրակոսյանին Գորիսից տեղափոխել են Կապան, որպեսզի մասնակցի իր գործով դատական նիստին, սակայն Սուրենի ինքնազգացողության վատացման պատճառով նիստը չէր կայացել:

Հիշեցնենք, որ Սուրենը զորակոչվել է 2009թ. հունիսին, թեև ռազմաբժիշկի տված փաստաթղթում գրված է եղել, որ տղան կարող է զինակոչվել միայն բուժվելուց հետո, այն էլ` պիտանի է միայն ոչ շարային ծառայության համար: Տղային ախտորոշել են` ձախ ուսագոտու և կրծքավանդակի առաջնային մակերեսի ձախ կեսի՝ ի ծնե պիգմենտային խալեր:

Որոշ ժամանակ ծառայելուց հետո տղայի առողջական վիճակը վատացել է:  Զինվորական համազգեստի պատճառով խալերը մեծացել են, առաջացել են այլ առողջական խնդիրներ` կապված ստամոքսի և աղիների հետ: Մայրը պատմել է, որ ոչ մի բժշկական օգնություն չստանալով` զինվորը դիմել է  փախուստի` դրանում տեսնելով միակ փրկությունը: 5 ամիս Սուրենը տանն է անցկացրել, հետո նրան` մեկ տարի 27 օր փնտրելուց հետո հայտնաբերել են և մեղադրանք առաջադրել ծառայությունից խուսափելու համար: Արդեն մեկ տարի է` Սուրենն  անազատության մեջ է: Մոր խոքով` նրա պահանջը մեկն է` բուժել իրեն, ինչից հետո նա պատրաստ է շարունակել ծառայությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031