Հատկապես այս խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանական ուժերն անընդհատ խոսում էին աննախադեպ թափանցիկության եւ քաղաքական նոր որակների ներդրման պատրաստակամության մասին։ Թե որքանով դա նրանց հաջողվեց, վիճահարույց հարց է, սակայն որ արդեն ընտրություններից անմիջապես հետո իշխանական ուժերը՝ ի դեմս ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի, մոռացան քաղաքական նոր որակների ու թափանցիկության մասին՝ փաստ է։ Այդ են վկայում հետընտրական վերջին օրերի զարգացումները, որոնք ընթանում են բացառապես անդրկուլիսային մակարդակներում։ Դրանց մասին հասարակությունը տեղեկանում է լավագույն դեպքում այս կամ այն լրատվամիջոցի «հավաստի աղբյուրներից» կամ էլ ստիպված լինում եզրակացություններ անել՝ հիմնվելով այս կամ այն քաղաքական գործչի «անձնական կարծիքի» վրա։ «Թափանցիկ քաղաքականության ջատագովները» նախընտրում են իրենց բանակցություններն անցկացնել հույժ գաղտնի՝ գիշերային հանդիպումների ժամանակ: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ։ Սեփական ժողովրդից ի՞նչ ունեն թաքցնելու հարգարժան «ազգընտիրները»։ Եթե նրանց բանակցությունների առարկան իսկապես խարսխված է երկրի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրների լուծման համար անհրաժեշտ գործակցության ուղիների փնտրտուքով, ապա ինչն է խանգարում դա անել բաց՝ հանրության աչքի առջեւ, այնպես, ինչպես, օրինակ՝ Հունաստանում, որի քաղաքական ուժերը, մի քանի օր տեւած հրապարակային բանակցություններից հետո ընդհանուր հայտարարի չգալով որոշեցին նոր ընտրություններ անցկացնել։ Մեզանում, սակայն, բոլոր հարցերը լուծվում են «գիշերային հանդիպումների» ընթացքում, երբ հանրությունն, «այս կյանքից հոգնած», զբաղված է սերիալներ դիտելով՝ անտեղյակ, թե առավոտյան իրեն ինչպիսի փաստի առջեւ են կանգնեցնելու «աննախադեպ թափանցիկության» քարոզիչ իշխանությունները։ Իսկ այս ամենի պատճառն այն է, որ առարկան, որի շուրջ բանակցում են քաղաքական ուժերը, ամենեւին էլ քաղաքական չէ, եւ ոչ էլ՝ առավել եւս, ազգային։ Նրանք բանակցում են շատ կոնկրետ անձնական շահերի շուրջ, հետեւաբար՝ ինչ կարիք կա առանց այդ էլ հոգսերի տակ կքած ժողովրդին հիմա էլ «ծանրաբեռնել» ՀՀԿ-ԲՀԿ քաղաքական առեւտրի մանրամասներով, թող հանգիստ իրենց սերիալները դիտեն, մեկ է՝ նրանցից այլեւս ոչինչ կախված չէ։ Ինչպես երեկվա հերթական գիշերային հանդիպումից՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը. «Ի՞նչ կարիք կա շտապելու, հենց կոալիցիան լինի, միանգամից հայտարարելու ենք՝ հարցնեք, չհարցնեք»։ Եվ իրոք, ի՞նչ կարիք կա հարցնելու, մեկ է՝ պատասխանելու են այն ժամանակ, երբ ցանկանան, եւ ի՞նչ կարիք կա շտապելու՝ մեկ է. համաձայնության են գալու այն ժա մանակ, երբ կողմերից յուրաքանչյուրը կարողանա առավելագույնս բավարարել իր նեղ կլանային շահերը։ Իսկ ժողովուրդն այլեւս խոսելու իրավունք չունի։ Նա այդ իրավունքը ընդամենը մի քանի օր առաջ արդեն վաճառել է՝ 10 հազար դրամով:
«Ժողովուրդ»