Օրեր առաջ Մարտի 1-ի քրեական գործի եւ սպանությունների
բացահայտմանն ուղղված իրավապահների գործողությունների վերաբերյալ հարցում էինք ուղարկել Հատուկ քննչական ծառայություն։ Երեկվա դրությամբ, դեռեւս որեւէ պատասխան չէինք ստացել։ ՀՔԾ-ից մեզ անընդհատ ասում էին, որ մեր հարցմանը պատասխանելու իրավասություն ունեցող քննիչը տեղում չէ։
2008թ. մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը երեկ մեզ հետ զրույցում նշեց, որ եթե Մարտի 1-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, որեւէ գործ չանելով, գոնե ամիսը մեկ ելույթ էր ունենում, լրագրողներին էր հանդիպում եւ որոշ հարցերի էր պատասխանում, ապա քննչական խմբի նոր ղեկավարը՝ Վաղինակ Գեւորգյանը, նույնիսկ դա չի անում։ «Այսինքն, հիմա քննությունը ավելի վատ վիճակում է, քան մեկ տարի առաջ»,- ասաց Ալլա Հովհաննիսյանը։
«Ես Սերժ Սարգսյանի հայտարարությունից առանձնապես հույսեր չեմ ունեցել, ես շատ լավ հասկացել եմ, որ այդ հայտարարությունն ուղղված է եղել Եվրակառույցներին, այդ հայտարարությունը արվեց Եվրոպայի համար։ Իրենց այնպես են պահում, որ տպավորություն է ստեղծվում, թե մարտի 1 ընդհանրապես չի եղել, որեւէ մեկը այդ մասին չի խոսում։ Դա շատ ցավալի է, բայց մենք շարունակում ենք մեր պայքարը։ ԵԽԽՎ համազեկուցողների հետ միշտ կապի մեջ ենք։ Եվրոպայից էլ մեծ սպասելիքներ չունենք, բայց շարունակում ենք պայքարել»,- ասաց Տիգրան Խաչատրյանի մայրը եւ նշեց, որ ինչպես նախկինում, այդպես էլ այժմ համոզված է, որ այս իշխանությունների օրոք Մարտի 1-ը չի բացահայտվի։
Կարդացեք նաև
Մարտի 1-ին սպանված Հովհաննես Հովհաննիսյանի մայրը՝ Լիլիա Մինասյանը եւս երեկ մեզ ասաց, որ ինքը շատ լավ է հիշում Սերժ Սարգսյանի հանձնարարականը, բայց այս վերջին մեկ տարվա ընթացքում քրեական գործի քննությունը ավելի վատ է տարվում, քան նախկինում։ Տիկին Լիլիան պատմեց, որ երբեւէ չի հանդիպել, չի տեսել Մարտի 1-ի քրեական գործով քննչական խմբի նոր ղեկավարին, որեւէ մեկը վերջին տարվա ընթացքում իրեն ՀՔԾ չի հրավիրել, որեւէ քննչական գործողության չի մասնակցել։ «Ոչ մի բան էլ չկա, ոչ մի բան էլ չեն անում»,- ասաց տիկին Լիլիան։
Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Հայկական ժամանակ»