Գավառի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանը Հայ գրատպության 500 ամյա տարելիցի շրջանակներում ստացել է 7280 կտոր գեղարվեստական եւ մասնագիտական գրքեր, որոնք նվիրվում են մարզի համայնքային ենթակայության տակ գտնվող գրադարաններին:
Գրքերը տպագրվել են «Գիրք» հիմնադրամում՝ ՀՀ մշակույթի նախարարության պատվերով: Գեղարքունիքի մարզն ունի 88 համայնքային եւ 1 մարզային ենթակայության գրադարան:
Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց մարզային գրադարանի տնօրեն Անուշ Մարտիրոսյանը՝ նվիրատվություն հանդիսացող գրականությունը կուղղվի Գեղարքունքիքի սահմանամերձ, փախստականաբնակ համայնքների դպրոցական եւ համայնքային գրադարաններին:
105 կտոր գրականություն նվիրատվություն ստացավ նաեւ Սարուխանի համայնքային գրադարանը: Ինչպես կարեւորեց Սարուխանի գրադարանի բաժնի վարիչ, շուրջ 40 տարվա վաստակավոր գրադարանավար Ժաննա Ղազարյանը՝ համայնքային գրադարանի համար գեղարվեստական եւ գիտական գրականության պաշարների թարմացման կարիքը գրադարանը մեծապես ուներ:
Կարդացեք նաև
«Գրքերով ոչ միայն թարմացավ գրադարանի գրքային բազան, այլեւ հնարավոր կլինի բավարարել մեր ընթերցողներ պահանջները: Նոր գրքերով կավելանա նաեւ նոր ընթերցողների թիվը»,- նշեց Ժ. Ղազարյանը:
Անի ՊՈՂՈՍՅԱՆ