
2012թ. փետրվարին Circle.am համակարգում գրանցված հայկական կայքերում օրական գրանցվել է 1,25-1,35 միլիոն այցելություն, որոնց 58%-ն է հայաստանցի օգտատեր2։ Նույն ժամանակահատվածում միայն լրատվական կայքերի այցելությունները կազմում են ողջ հայկական համացանցի այցելությունների կեսից ավելին՝ 680-750 հազար այցելություն օրական, որոնց 57%-ն է հայաստանցի օգտատեր3։ Սա վկայում է հայաստանցի օգտատերերի՝ քաղաքական և հասարակական թեմաներով առավել հետաքրքրվածության մասին։
Եթե դիտարկենք Հայաստանից դուրս գտնվող կայքերի հանդեպ հետաքրքրությունը, ապա այստեղ հիմնականում այցելությունները սոցիալական ցանցերում են, փնտրող մեքենաներում և տեսանյութեր ներկայացնող հարթակներում։ Ըստ Alexa.com-ի, Հայաստանից ամենաայցելվող կայքերի եռյակը փետրվարին եղել են Facebook.com-ը, Youtube.com-ը, Google.com-ը.
Հայաստանից ամենաայցելվող կայքերն ըստ Alexa.com-ի
1. Facebook.com
2. Youtube.com
3. Google.com
4. Google.am
5. Odnoklassniki.ru
6. Mail.ru
7. Google.ru
8. Wikipedia.org
9. Yandex.ru
10. Yahoo.com
Ի՞նչ են փնտրում համացանցում հայաստանցիները
Ըստ Հայաստանում ամենաօգտագործվող փնտրող համակարգի՝ Google-ի, հայաստանցիների նախասիրությունները համացանցում հետևյալն են։
2011թ. հիմնականում փնտրվող բառերը թույլ են տալիս տեսնել, որ օգտատերերի նախասիրությունները սոցիալական ցանցերն են, ֆիլմերը և երաժշտությունը։ Բացի դրանից, երկու ԶԼՄ են հայտնվել կտրուկ աճած փնտրվող բառերի մեջ։
Եթե անդրադառնանք 2012թ. առաջին երկու ամիսներին, ապա իրավիճակն առանձնապես չի փոխվել։ Միայն կարելի է նկատել, որ ավելի է շատացել համացանցից զանազան նյութեր ներբեռնելու ցանկությունը, ինչը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է ինչպես ինտերնետ կապի միջին արագության աճի, այնպես էլ հասարակության մեջ աստիճանաբար ավելի տարածվող ֆիլմերը համացանցից ներբեռնելու մոդայով։
Հայաստանցի ինտերնետ-օգտատիրոջ վիճակագրական պատկերը դեռևս լրջորեն ուսումնասիրված չէ։ Չնայած փնտրող մեքենաները և վարկանիշային համակարգերը թույլ են տալիս ինչ-որ պատկերացում կազմել, սակայն ավելի խոր ուսումնասիրությունը պահանջում է ավելի լայն և հանգամանալի ուսումնասիրություն, որը կներառի ինչպես տեխնիկական, այնպես էլ հասարակագիտական մեթոդների համադրումը, ինչը դեռևս Հայաստանում չի անցկացվել։
Հարկ է նշել, որ նման վիճակագրությունները հաշվի չեն առնում պոռնոգրաֆիկ բնույթի կայքեր կատարվող այցելությունները, որոնք գրեթե ողջ աշխարհում ամենաշատ այցելվողներն են։ Հայաստանը նույնպես բացառություն չէ։ Ավելին, ըստ Google-ի, Հայաստանից «porno» բառը փնտրում են աշխարհում ամենաշատը՝ բոլոր այլ փնտրվող բառերի զանգվածի համեմատ։ Դրանում կարելի է համոզվել Google համակարգի վիճակագրության էջից՝ https://www.google.com/insights/search/#q=porno&cmpt=q
Սամվել Մարտիրոսյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական կենտրոնի փորձագետ
«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 5, 2012