Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընտրություններից հետո Հայաստանում արտախորհրդարանական ընդդիմություն չկա

Մայիս 18,2012 00:22

Երբ խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀ խորհրդարանում քննարկվում էր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը, հակառակ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության պնդումների, թե՝  այս օրինագծով ԱԺ ընտրություններից հետո հնարավոր հետընտրական պրոցեսները կասեցնելու եւ նոր «մարտիմեկերին» պատրաստվելու, նաեւ արդեն  օրենքով բանակը ներքին խնդիրների լուծմանը ներգրավելու նպատակ է հետապնդում,  իշխանությունների ներկայացուցիչները՝ մինչեւ իսկ արդարադատության նախարարի եւ ՀՀ վարչապետի մակարդակով, հայտարարեցին, թե ԱԺ ընտրություններից հետո հետընտրական գործընթացներ, առավել եւս «մատրիմեկեր» չեն լինելու: Փաստորեն իշխանության այս հավաստիացումները, գոնե, այս ընտրություններից հետո արդարացան, որովհետեւ այդ ընտրությունները կազմակերպվել էին այնքան  պրոֆեսիոնալ եւ «քաղաքակիրթ» ընտրախախտումներով, ինչպիսիք եղել էին Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ:

Aravot.am-ը «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանին հարցրեց՝ իր կարծիքով, ԱԺ ընտրությունները, որոնք կրկնությունն էին Հրազդանի ընտրություններին, հնարավո՞ր է, որ դառնան հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունների  «օրինակելի» տարբերակ: «Դա կախված կլինի մինչեւ այդ ընտրություններն ընկած ժամանակահատվածում տեղի ունենալիք զարգացումներից»,- նկատեց փորձագետը: Իսկ թե ինչպիսի՞ զարգացումներ կարող են լինել՝ քաղաքագետը թվարկեց. «Սկսած զրոյական զարգացումներից, մինչեւ բուռն այնպիսի զարգացումներ, որի արդյունքում մենք կունենանք մարդկանց ահռելի զանգվածով լի հրապարակ: Ես դա ոչ միայն չեմ բացառում, այլեւ դրա ներուժը տեսնում եմ: Բայց դրա համար ահռելի աշխատանք պետք է կատարվի հասարակության կողմից, հասարակության հետ, եւ պետք է այդ հնարավոր զարգացումներին ձեւակերպումներ տրվեն: Այստեղ կարեւոր է բոլորի դերը՝ եւ քաղաքական գործիչների, եւ մամուլի, եւ հասարակության»:

Ռուբեն Մեհրաբյանի դիտարկմամբ, ԱԺ ընտրություններն ավարտվեցին նրանով, որ Հայաստանում այլեւս արտախորհրդարանական ընդդիմություն չկա: «Բայց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կողմից արտախորհրդարանական ընդդիմություն ձեւավորելու հայտ ներկայացվեց, որի մասին նա նաեւ բարձրաձայնեց՝ ասելով, որ ինքը գնում է միանալու փողոցում հավաքվող մարդկանց: Թե դա ի՞նչ դրսեւորումներ կունենա՝ կախված է լինելու հետագա զարգացումներից: Որ դրա պոտենցիալը կա՝ բնական է, որովհետեւ նույնիսկ ՀՀԿ-ն էր իր գլխավոր կարգախոսով փոփոխություններ ուզում: Հիմա հասարակությունը ՀՀԿ-ից կարող է եւ պետք է պահանջի՝ հարգելիներս, հիմա դուք ունեք հասարակության հետ կնքած համաձայնագիր, որով այդ հասարակությունը ձեզ հավատացել է, որ փոխելու եք: Դե, հիմա գնացեք եւ փոխեք: Թե ի՞նչ է պետք փոխել՝ պիտի ցույց տա հասարակությունը: Իսկ հենց մակերեսի վրա փոխելու, աղբանոց նետելու  այնքան բան կա»,- ասաց քաղաքագետը:

Նրա դիտարկմամբ, երկրում որեւէ բան փոխելու փոխարեն ՀՀԿ-ն  գնում է կոալիցիա ձեւավորելու ճանապարհով,որը ենթադրում է նաեւ պատասխանատվության փոշիացում, լղոզում, ու հանգելու է նրան, որ, այնուամենայնիվ, ոչինչ էլ չի փոխվելու, եւ հասարակությունն էլի կարող է փողոց դուրս գալ:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031