Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոյանը չընդունեց զոհված զինվորների ծնողներին

Մայիս 17,2012 21:23

Անցած տարիներին հայկական բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողներից 5-ի ծնողներն այսօր Ազգային ժողովի ընդունարանում պահանջում էին հանդիպում ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հետ:
Ծնողները վկայակոչում էին  2011 թվականի սեպտեմբերի 30-ին, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ խորհրդարանում (այն ժամանակ ԱԺ  փոխնախագահ) Սամվել Նիկոյանի, Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության, ինչպես նաեւ Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումը:
Սամվել Նիկոյանն ութ ամիս առաջ հայտարարել էր, թե պատգամավորները պետք է բողոքներ գրեն: Զոհվածների ծնողները խորհրդարանից պահանջում են պատասխանները:
Զինվորների ծնողներն ԱԺ էին գնացել ապրիլի 5-ին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի գրությունը ձեռքներին: Պաշտպանն ԱԺ նախագահից, ինչպես նաեւ 8 ամիս առաջ տեղի ունեցած քննարկմանը մասնակցած պատգամավորներ Արամ Սաֆարյանից, Լարիսա Ալավերդյանից, Հրայր Կարապետյանից ակնկալել էր, որ մինչեւ չորրորդ գումարման ԱԺ լիազորությունների ավարտը նշված պատգամավորները կներկայացնեն գնահատականներ:
«Նվազագույնը խնդրում ենք այդ ութ զինծառայողների հարազատներին իրազեկել մեր սեպտեմբերյան հանդիպման, դրան հետեւած մեր տեղեկանքների եւ ձեր հարցումների արդյունքների, ինչպես նաեւ ընթացող ու սպասվող գործընթացների մասին», – գրել էր Կարեն Անդրեասյանը:
«Մեր բարձրացրած հարցերի պատասխանները իմ տղայի գործով 5 տարի է ես դատարաններից, իրավապահ մարմիններից ստացել եմ, որոնք ինձ չեն բավարարել: Ես մտածում եմ, որ իրենք պատասխան չունեն մեզ տալու, դրա համար մեզ չեն կանչում, մենք պետք է հետաքրքրվենք: Մենք պիտի ստիպենք», –  ասաց 2007 թվականի օգոստոսի 31-ին Կարճաղբյուրի զորամասում մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը` Գոհար Սարգսյանը:
«2 տարի 2 ամիս է` իմ տղայի գործը նախաքննության փուլում է: Քանի՞ տարի պիտի սպասեմ, որ գործը բացահայտեն, մեղավորներին պատժեն», –  ավելացրեց 2010 թվականին բանակում մահացած Վալերիկ Մուրադյանի մայրը` Նանա  Մուրադյանը:
ԱԺ նախագահի հետ հանդիպում պահանջողներից էր նաեւ Տավուշի մարզի «Մեհրաբներ» զորամասի դիրքերից մեկում 2010 թվականի հուլիսի 27-ին մահացած 30-ամյա պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մայրը: Այս գործով դատավարությունն ամիսներ շարունակ ձգձգվում է, հարազատները դժգոհ են դատաքննությունից:
Սամվել Նիկոյանի աշխատակազմից ծնողներին փոխանցեցին, թե նա զբաղված է:  Ծնողներին ընդունեց ԱԺ քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնի վարիչ Հակոբ Հարությունյանը` խոստանալով, որ այդ տեղեկանքները ծնողներին կուղարկվեն փոստով:
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց.  «Դատախազությանը, պետական մյուս բոլոր իրավասու մարմիններին դիմումներ էինք հղել, որպեսզի այս գործերի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ տան: Մի մասը ստացվել է եւ ուղարկել ենք պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողով: Նախընտրական շրջան էր, հանձնաժողովի նախագահն արդեն ցուցակում չէր, այդպես մնաց: Հիմա այդ նյութերը, ինչ որ կա, ես կփոխանցեմ ծնողներին: Զինդատախազի հետ պայմանավորվածություն ունենք. եթե նրանք ցանկություն ունեն յուրաքանչյուրը առանձին զինդատախազի ներկայությամբ, մարդու իրավունքների պաշտպանի, իմ եւ համապատասխան քննիչի եւ ծնողները իրենց փաստաբանի հետ հանդիպել, կարող ենք այդ գործընթացը սկսել»:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ԱԺ ստացած տեղեկանքներն արդյո՞ք տալիս են զինվորների ծնողների հարցերի պատասխանները, Սամվել Նիկոյանն արձագանքեց. – «Ես մասնագետ չեմ, որ կարողանամ դրան պատասխանել: Այդ տեղեկանքները նրա մասին են, թե մինչեւ հիմա ինչ է արվել եւ ինչ է արվելու»

Անուշ Մարտիրոսյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031