ԲՀԿ-ն մտավախություն ունի, որ եթե չմտնի կոալիցիա, նույն օրը ամբողջ հարկային դաշտը կսկսի լուրջ վերահսկողություն իրականացնել Գագիկ Ծառուկյանի ու նրա թիմակիցների օբյեկտներում ու ընկերություններում: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ընտրական տեխնոլոգիաների փորձեգետ Արմեն Բադալյանը վստահեցրեց, որ ԲՀԿ-ն պետք է արագ ձեռք բերի դրսի ուժերի աջակցությունը. «Եթե ինքը ունենա Արեւմուտքի կամ Ռուսաստանի աջակցությունը, հարկայինը չի լցվելու, հենց չունեցավ` կլցվի: Հայ հասարակությունը չունի այդ հզորությունը, որպեսզի ինչ-որ մի բան պարտադրի: Ունի հզորություն քվեարկելու, բայց իշխանություններին պարտադրելու հզորություն չունի: Իսկ դա կախված է սրանից: Եթե Բարգավաճն ունեցավ տեսանելի, շոշափելի աջակցություն կա’մ Ռուսաստանում, կա’մ Արեւմուտքում, դա նշանակում է, որ իր գործը դժվար կլինի,բայց չի վերացվի: Եթե չունեցավ` հարկայինն էլ կլցվի, ոստիկանությունն էլ կլցվի, մաքսայինն էլ կլցվի, բոլորն էլ կլցվեն»:
Մեր դիտարկմանը` այսինքն այնպես չի, որ Գագիկ Ծառուկյանին սպառնում է Խաչատուր Սուքիասյանի ճակատագիրը` փորձագետը պատասխանեց. «Չէ, որովհետեւ Խաչատուր Սուքիասյանը մի հոգի էր, ինքը չէր կարող Արեւմուտքի կամ Ռուսաստանի համար որպես գործընկեր ընկալվել: Իսկ սա կառույց է` 450 հազար ձայն ստացած կառույց է, նա կարող է ընկալվել: Դրա համար նա պետք է փորձի այդ ճամբարների հետ աշխատել: Կհաջողվի` արդյունք կունենա, չի հաջողվի` արդյունք չի ունենա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ