Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց.«Փաստաբան Գուրգեն Հարությունյանի նկատմամբ քրգործ հարուցելը ոտնձգություն է պաշտպանական ինստիտուտի հանդեպ»

Մայիս 17,2012 19:55

Գուրգեն Հարությունյանը (մեջտեղում) իր ներկայացուցիչներ, փաստաբաններ Կարեն Թումանյանի եւ Լեւոն Գոգինյանի հետ

Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Գուրգեն Հարությունյանը դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով վերացնել տուժողին եւ վկային սուտ ցուցմունք տալուն դրդելու համար իր դեմ Լոռու մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործը:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Մարինե Մելքոնյանի, խուլիգանության մեջ մեղադրվող վանաձորցի Մուշեղ Կիրակոսյանի նկատմամբ կայացրել էր արդարացման դատավճիռ:

Մեղադրական կողմի` վերաքննիչ բողոքի մեջ նշվել է նաեւ, որ վերոնշյալ գործի շրջանակներում տուժողին եւ վկային սուտ ցուցմունք տալուն դրդելու համար Լոռու մարզի քննչական բաժնում  Գուրգեն Հարությունյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ փաստաբանի նկատմամբ կատարվածը ոտնձգություն է պաշտպանական ինստիտուտի հանդեպ:

“Այս քայլը  կարելի է դիտել ճնշում եւ փաստաբանի, եւ այն անձի, ում նկատմամբ  դատական գործ կա, եւ դատական իշխանության նկատմամբ»,-ասում է Արթուր Սաքունցը` հավելելով, որ առաջին ատյանի դատարանի տված գնահատականին միայն հաջորդ ատյանը կարող է գնահատական տալ, ոչ թե դատախազությունը: «Դատարանի կողմից գնահատված ապացույցները, ցուցմունքները, վճռի մեջ ամփոփված ապացույցները հաշվի չառնելով, փաստորեն, քննչական մարմինը փաստաբանի նկատմամբ  քրեական գործ է հարուցում` պատճառաբանելով,  որ  այդ աապացույցները, որոնք դատաքննության ընթացքում արդեն դատարանը գնահատել է հավաստի, ձեռք են բերվել սուտ ցուցմունք տալուն դրդելու միջոցով».-ասում է նա:

Նա նշում է, որ այս քայլով դատախազությունը եւ քննչական մարմինը իրենց  ավելի բարձր  են դասում դատական մարմնից:

Փաստաբան Ռուբեն Հակոբյանն էլ, ով դատարանում 8 փաստաբանների հետ զբաղվում է կոլեգայի շահերի պաշտպանությամբ, հավատացնում է, որ նման քայլով նախաքննական մարմինն ընդամենը փորձում է իր թերությունները, սխալները սքողել:

«Կայացվել է արդարացման դատավճիռ, որը նշանակում է` հետաքննական մարմինը, նախաքննական մարմինը, հսկող դատախազը ակնհայտորեն թերացել են եւ անհիմն մեղադրանք են առաջադրել մի մարդու, ով անմեղ է,-ասում է փաստաբանը,-իրենց ակնհայտ թերությունները, իրենց բացթողումները, որոշակի նախադեպային որոշումների կամ չիմացությունը կամ իմանալը ու անտեսելը ինչ-որ մի ձեւով իրենց վերադասների մոտ արդարացնելու համար քավության նոխազ են փորձել գտնել եւ քրեական գործ հարուցել փաստաբանի նկատմամբ»:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031