Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ միասեռականների եւ լեսբուհիների ասոցիացիան դատապարտում է DIY ակումբի պայթեցումը եւ կոչ է անում «պաշտոնանկ անել» Արծվիկ Մինասյանին

Մայիս 17,2012 19:26

Նյու-Յորքում գտնվող «Հայ հոմոսեքսուալների եւ լեսբուհիների ասոցիացիան» (ՀՀԼԱ) քիչ առաջ հայտարարություն է տարածել, որում դատապարտում է DIY բարի պայթեցումը մայիսի 8- ին եւ դրան հետեւած ատելության քարոզչությունը: Հայտարարության մեջ ասված է, որ դատապարտում են նաեւ սոցիալական ցանցերով եւ մամուլի միջոցներով փոքրամասնությունների հանդեպ տարածվող բանավոր կամ գրավոր հարձակումները, այլ ոտնձգությունները:

Հայտարարության մի առանձին հատված է ուղղված ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանին պախարակելուն, որի մտքերը` DIY ակումբի եւ այն պայթեցնողների մասին, «առավել արգահատելի» են համարվում: Հայտարարության մեջ անդրադարձ կա պատգամավորի այն մտքին, թե «Ծոմակի նմանները ոչնչացնում են հայ հասարակությունը»: Ըստ ՀՀԼԱ-ի` «Նման հայտարարությունները կարող են օգտագործվել արդարացնելու բռնի գործողությունները հարյուրավոր, եթե ոչ հազարավոր խաղաղ եւ օրինապահ քաղաքացիների հանդեպ»:

ՀՀԼԱ-ն զարմանում է, որ մինչեւ օրս ոչ ՀՅԴ-ն ոչ ՀՀ կառավարությունը որեւէ հետաքննություն չեն սկսել Արծվիկ Մինասյանի ասածների կապակցությամբ: Ասոցիացիան անգամ կոչ է անում ՀՅԴ-ին եւ Ազգային ժողովին` նկատողություն անել Մինասյանին, պաշտոնանկ անել կամ առաջարկել, որ հրաժարական տա` կոնֆլիկտ հրահրելու եւ մարդկանց կյանքին վտանգ սպառնալու համար, առավել եւս որ Մինասյանը, ըստ ՀՀԼԱ-ի, շարունակում է ճչացող հոմոֆոբիկ հայտարարություններ անել` ՀՅԴ դրոշի ներքո:

Հայտարարության մեջ նշված է, որ այսօր` մայիսի 17 – ին, Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը, ՀՀԼԱ-ն իր զորակցությունն է հայտնում Հայաստանում գործող մի շարք կազմակերպությունների, որոնք պայքարում են փոքրամասնությունների իրավունքների համար, ինչպես նաեւ հայտարարում է  իր անմնացորդ աջակցությունը` Հայաստանում վտանգավոր պայմաններում բնակվող ԼԳԲՏ համայնքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031