Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանն արձագանքում է վարչապետի՝ տնտեսական կայուն զարգացման մասին հայտարարությանը

Մայիս 17,2012 18:17

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գնահատմամբ, 2011 թվականը մակրոտնտեսական կայունացման ամրապնդման տարի էր: Ըստ նրա, անգամ Միջազգային ֆինանսական կառույցներն են մեր երկրի մակրոտնտեսական ցուցանիշները, դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականության կոորդինացումը չափազանց բարձր գնահատել:

Ի տարբերություն ներկա վարչապետի, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը 2011-ին ոչ թե կայունության ամրապնդում, այլ կայուն հետընթաց է արձանագրել. «Հայաստանի տնտեսությունն աճել է այնքան, որքան աշխարհի տնտեսությունը միջինում: Մինչդեռ 2 տարի առաջ Հայաստանի տնտեսությունը անկում է ապրել 14 տոկոս: Այսինքն, կայուն է այն առումով, որ ինչքան հեռու էինք աշխարհի միջինից, այնքան էլ շարունակում ենք այդքան հեռու մնալ, մեր հետամնացությունն է կայուն: Այս առումով կայուն բառը ճիշտ է օգտագործվել: 2011-ին Հայաստանն իր հարեւան երկրների համեմատ չի կարողացել ապահովել գոնե փոքր առաջընթաց աճ: 2011-ին Հայաստանի բնակչությունը շարունակել է աղքատանալ: Եթե 2010-ին 31 տոկոս էին աղքատները, ապա՝ 2011-ին 35,8 տոկոսի են հասել: Ի՞նչ կայունության մասին կարող է խոսք գնալ, եթե աղքատների թիվը մեծացել է»:

Ինչ վերաբերում է վարչապետի վկայակոչած միջազգային կառույցների բարձր գնահատականներին, պարոն Բագրատյանը վստահեցրեց, որ վարչապետը ստում է. «Միջազգային հեղինակավոր կազմակերպություններն արձանագրում են Հայաստանի հետընթաց անկում, այլ հարց է, եթե նայում ենք Համաշխարհային բանկին կամ արժույթային հիմնադրամին, որովհետեւ այս կառույցները մի հատ լավ բան են ասում, 3 հատ վատ բան: Նույնիսկ Moody’s-ի նման կասկածելի գնահատականներ տվող կազմակերպությունը կասի՝ այո Հայաստանում կայուն մեռյալ վիճակ է»:

Կառավարության հասցեին հնչած քննադատությունները, թե կառավարության աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը՝ վարչապետն այսօր համարեց անհիմն քննադատություն՝ պնդելով, թե ուղղակի քննադատողները չեն պատկերացնում, թե ինչ բան է դրամավարկային քաղաքականության և հարկաբյուջետային քաղաքականության կոորդինացումը: Պարոն Բագրատյանը այդ կապակցությամբ ասաց. «Վարչապետն ինքը չի հասկանում դրամավարկային ու հարկաբյուջետային քաղաքականության տարբերությունը: Դրամավարկային քաղաքականությունը միշտ միտված է առաջարկի կարգավորմանը, հարկաբյուջետային քաղաքականությունը միտված է պահանջարկի կարգավորմանը: Նրանք թե դրամավարկային, թե հարկաբյուջետային քաղաքականությամբ փորձում են առաջարկը կարգավորել: Վարչապետը չի ուսումնասիրել ժամանակակից տնտեսագիտությունը»:

Վարչապետի այն դիտարկման առնչությամբ, թե Կենտրոնական բանկի հիմնական նպատակը գնաճի զսպումն է, կառավարության հիմնական նպատակը` տնտեսական աճի շեշտադրումը, պարոն Բագրատյանը նկատեց. «Վարչապետը չի հասկանում, որ նման հարցադրումներ այժմ չեն անում, հիմա ոչ ոք գնաճի զսպումը հիմնական թիրախ չի համարում, դա մի 10 տարի առաջ էր: Դժբախտաբար, մեզ մոտ դրա հետ կապված, նույնիսկ Սահմանադրությունն է անհիմն փոխված։ Ասածիս վկայությունն է այն, որ ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը կազմում է ՀՆԱ 12 տոկոսը։ ԱՄՆ հիմնական թիրախը գնաճը չէ, այլ դոլարի սահուն արժեզրկումը, պետական արժեթղթերի էքսպորտ-վաճառքը և արտահանման խրախուսումը։ Վատ չէր լինի, որ վարչապետն ու իր թիմը (անկախ տարիքից) հասկանային, որ տնտեսագիտությունը անընդհատ փոխվում է և հետեւեին համաշխարհային տնտեսագիտական մտքի էվոլյուցիային»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031