Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գնդապետը ցանկանում է ցուցմունքներ տալ միայն տուժողների ներկայությամբ

Մայիս 17,2012 18:19

Մայիսի 17-ին  Բերդում,Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կայացել է  Իջեւանի գնդի  նախկին հրամանատար Սերգեյ Կարապետյանի եւ   նույն  գնդի գումարտակի նախկին հրամանատար Հրանտ Դալլաքյանի դատավարության հերթական նիստը:  Նիստում հրապարակվել են գործում առկա փաստաթղթերի 5 հատորներից 3-ը:  Գնդապետ Ս. Կարապետյանը դատարանում ցուցմունքներ չի տվել, հայտարարելով, որ ցուցմունքներ կտա միայն գործով 3 տուժողների ներկայությամբ: Վերջիններս նախկինում դատարանում ցուցմունքներ  են տվել, սակայն վերջին մի քանի նիստերին ներկա չեն եղել:  Դատարանը նրանց բերման ենթարկելու որոշում է ուղարկել, սակայն դրա վերաբերյալ  ոստիկանությունից գրավոր պատասխան չի ստացվել,  բանավոր տեղեկացրել են, որ գործով տուժող 3 երիտասարդները գտնվում են Ռուսաստանում: Դատավոր Զոյա Զաքինյանը  հաջորդ դատական նիստին նրանց բերման ենթարկելու որոշում է կայացրել:

Հաջորդ նիստը նշանակված է հունիսի 5-ին: Հիշեցնեմ, որ  Իջեւանի գնդի նախկին հրամանատար Սերգեյ Կարապետյանը եւ գումարտակի հրամանատար Հրանտ Դալլաքյանը  իրենց մեղավոր չեն համարում: Այս դատավարությունը սկսվել է 2011թ. դեկտեմբերի 8-ին:

Քրեական գործի պատմությունը հետեւյալն է. Իջեւանի տարածաշրջանից չորս երիտասարդներ 2010թ. դեկտեմբերի 31-ին, տարեմուտից մի ժամ առաջ ջերմության դեղորայք են տարել իրենց ընկերներից մեկի եղբորը, ով վերոհիշյալ զորամասում է ծառայում: Նրանց հանդիպել է զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը: Վերջինս զայրացել է նրանց այցից, հրամանատարի եւ երիտասարդների միջեւ վեճ եւ ընդհարում է եղել: Կարապետյանը նրանց բերման է ենթարկել իր աշխատասենյակ: Ահաբեկված տղաները ցատկել են նրա աշխատասենյակի երկրորդ հարկից: Դրա հետեւանքով 20-ամյա Տարոն Ենգիբարյանը գլխի ծանր վնասվածքներ էր ստացել, իսկ 21-ամյա Աշոտ Ուլիխանյանը՝ ձախ ոտքի կոտրվածք: Տարոնին տեղափոխել էին Իջեւանի հիվանդանոց, ապա Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 10 օր հետո, այդպես էլ գիտակցության չգալով`Իջեւան քաղաքի մերձակա Գետահովիտ գյուղի 20-ամյա բնակիչ Տարոն Ենգիբարյանը մահացել է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031