Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյանի պատասխանը Տիգրան Սարգսյանին

Մայիս 17,2012 18:03

Վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ այսօր կառավարության նիստում կատարած անդրադարձները ԲՀԿ համամասնական ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընկալել է իբրեւ պատասխան՝ ընտրարշավի ընթացքում Հայաստանի տնտեսական քաղաքականության վերաբերյալ իր քննադատություններին։

Այդ առիթով, Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում Օսկանյանը գրում է. «Ցավալի է, որ վարչապետն ընտրել է հակադարձելու «հեշտ» ճանապարհը՝ քննադատություններն անտեղի որակելով «անգրագետ», այն դեպքում, երբ ընտրարշավի ընթացքում իմ հնչեցրած մեկնաբանությունները, վերլուծությունները եւ քննադատությունները երևի թե բովանդակային առումով հազվագյուտներից էին, որոնք վերաբերում էին ժողովրդին ամենահուզող՝ սոցիալ-տնտեսական հարցերին։
Չեմ ուզենա վարչապետի հետ մտնել հեռակա բանավեճի մեջ. բավական է իջնել փողոց, զրուցել քաղաքացիների հետ, ծանոթանալ հենց պետության ներկայացրած վիճակագրությանը, և դա բավարար կլինի հասկանալու, որ կառավարության վարած «գրագետ» քաղաքականությունը ինչ արդյունքներ է տվել»։
Ի գիտություն վարչապետի և նրա տնտեսական թիմի, Վարդան Օսկանյանը նաեւ նկատել է, որ այսօրվա գլոբալ միտումներն այնպիսին են, որ նույնիսկ կենտրոնական բանկերի ինքնանպատակ կենտրոնացումը գնաճի զսպման վրա արդեն ժամանակավրեպ են դառնում։ «Ելնելով այսօր ստեղծված գլոբալ տնտեսական իրավիճակից, տնտեսական աճի անհրաժեշտության հրամայականից՝ կենտրոնական բանկերը գնաճի մոնիտորինգից անցնում են արդեն նոմինալ ՀՆԱ-ի մոնիտորինգի, ինչը ենթադրում է, որ կենտրոնական բանկերը պետք է համադրեն տնտեսական աճն ու գնաճի զսպումը։ Առաջարկում եմ կարդալ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի տնտեսական խորհրդական Ջեֆրի Ֆրենքելի այսօր հրապարակած «Գնաճը թիրախավորելու քաղաքականության վախճանը» (The Death of Inflation Targeting) հոդվածը Project Syndicate-ի կայքում:
Վերոնշյալը գալիս է ամրագրելու իմ այն տեսակետը, որ Հայաստանի համար այսօր իսկապես հրամայական է գլխավոր թիրախ դարձնել տնտեսական աճը՝ աշխատատեղերի ստեղծումը, կենսամակարդակի բարձրացումը՝ մակրոտնտեսական բոլոր մյուս խնդիրները դիտարկելով հենց այս համատեքստում և հաշվի առնելով նաև այն, որ միջազգային բոլոր կազմակերպությունները շեշտում են՝ երկարաժամկետ կտրվածքով Հայաստանի տնտեսության աճի համար լուրջ ռիսկեր կան և այն շարունակում է մնալ անորոշ»,- գրում է նախկին արտգործնախարարը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031