Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների վերջին տարիների տեղապտույտից հետո, հինգշաբթի օրը կողմերը հայտարարեցին բանակցությունները վերսկսելու դրական օրակարգի մասին:
Թուրքիա է այցելել Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Նա հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Այս հանդիպումը մամուլի համար փակ է անցկացվել:
Ավելի վաղ Ֆյուլեն հանդիպել է Եվրամիության հետ հարաբերությունների գծով նախարար, բանակցությունների թուրքական պատվիրակության ղեկավար Էգեմեն Բաղըշի հետ, հանդիպումից հետո մամուլի համատեղ ասուլիս է անցկացվել:
«Սա հատուկ օր է մեր հարաբերություններում: Այս դրական օրակարգը պետք է թարմ զարգացում եւ նոր պահեր հաղորդի մեր հարաբերություններին», – ասուլիսում հայտարարել է Շտեֆան Ֆյուլեն` ընդգծելով. – «Մեր նպատակն է կենդանի պահել անդամակցության գործընթացը եւ այն պատշաճ ուղու վրա դնել լճացման փուլից հետո, ինչը երկու կողմում էլ հիասթափության աղբյուր է դարձել»:
Կարդացեք նաև
Թուրքիան եւ եվրահանձնակատարը պայմանավորվել են աշխատանքային ութ խումբ ձեւավորել, յուրաքանչյուր խումբը կզբաղվի Եվրամիության պահանջների առանձին փաթեթներով` ջանքեր գործադրելով Թուրքիայի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները սկսվել են 2005 թվականին, բայց մինչեւ հիմա Եվրամիության կողմից դրված 35 պահանջներից Թուրքիան կատարել է 13-ը:
«Նոր շարժումը չի փոխարինելու, այլ լրացնելու եւ օժանդակելու է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացին», – նշել է Ֆյուլեն:
Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը դեմ են եվրաընտանիքի մի շարք անդամներ, այդ թվում` Ֆրանսիան: Բայց Նիկոլա Սարկոզիի պաշտոնավարման ավարտից հետո Թուրքիան կարծես առաջընթացի հույսեր է փայփայում:
Չլուծված է մնում նաեւ հիմնական խոչընդոտներից մեկը` Կիպրոսի հարցը: Թուրքիան փակ է պահում իր օդանավակայանները եւ ծովային նավահանգիստները Եվրամիության անդամ Կիպրոսի դեմ` արգելափակելով առեւտրատնտեսական համագործակցությունը:
Հրաչ Մելքումյան
«Ազատություն» ռադիոկայան