Լրահոս
Օրվա լրահոսը

Համակարգչային հաքեր Գեորգի Ավանեսովի վերջին խոսքը

Մայիս 17,2012 17:27

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանն այսօր անցավ խորհրդակցական սենյակ՝ համակարգչային սաբոտաժի մեջ մեղադրվող Գեորգի Ավանեսովի գործով դատավճիռ կայացնելու համար:

Հաքեր Գ. Ավանեսովը հանդես եկավ վերջին խոսքով: Նա ասաց, որ իրեն մեկուսարանից մեկուսարան են տեղափոխել ապօրինի՝ առանց դատարանի որոշման եւ սանկցիայի: «Երբ «Նուբարաշենից» ինձ տարան քրեական հետախուզության վարչություն, ես արդեն 72 ժամ անազատության մեջ էի, ձեռնաշղթաներով էի»,- ասաց նա: Գեորգի Ավանեսովը խնդրեց իր նկատմամբ կամ համաներում կիրառել, կամ պայմանական ազատազրկում:

Ի դեպ, նա չցանկացավ, որ նկարահանենք իրեն, չնայած դատարանը թույլատրեց:

Պաշտպանական ճառով հանդես եկավ Գեորգի Ավանեսովի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գեղամ Հակոբյանը: «Հաշվի առնելով, որ ՀՀ-ում համակարգչային սաբոտաժ հոդվածի կիրառման հետ կապված գոյություն չունի ձեւավորված դատական պրակտիկա եւ սա համարվում է առաջին դեպքը, ուստի խիստ կարեւորվում է սույն գործով տվյալ նորմի կիրառման զգուշավորությունը, քանի որ սրանով իսկ քրեական իրավունքի իրավակիրառական պրակտիկայում ըստ էության նախադեպ է ստեղծվում: Հատկանշական է այն, որ այս գործով կարող է ձեւավորվել անհարկի ու անհիմն դատական նախադեպ, ըստ որի, ՀՀ քրեական օրենսգրքի 253 հոդվածի 1-ին մասով կատարված ցանկացած արարք կարող է անվերապահորեն որակվել որպես դիտավորությամբ ծանր հետեւանքներ առաջացնելուն ուղղված հանցագործություն»,- ասաց նա:

Պաշտպանը անդրադարձավ մեղադրանքին, մասնավորապես՝ 2010թ. սեպտեմբերից մինչեւ հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում Գեորգի Ավանեսովի կողմից հատուկ ծրագրային միջոցների օգտագործման, գաղտնի ներթափանցման (թվով 194 կայքեր), այնտեղ պահվող տեղեկատվության փոփոխման, փաստացի տիրանալուն, ինչը, ըստ մեղադրանքի կողմի՝ առաջացրել էր ծանր հետեւանքներ:

Մեղադրանքի կողմը նաեւ մեղադրել էր Ավանեսովին, որ հարձակում իրականացնելով ռուսաստանյան «Մակոմնետ» ՓԲԸ ընկերությանը պատկանող195.128.64.77 IP-ի հասցեի վրա, ժամանակավորապես շարքից դուրս է եկել մոտ 192 հաճախորդի համակարգիչ:

Ըստ Գ. Հակոբյանի, «մեղադրանքի հիմքում դրված ապացույցներով ոչ միայն չի հիմնավորվել իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը, այլ հակառակը՝ հիմնավորվում է նրա անմեղությունը, մասնավորապես՝ տուժողների ցուցմունքներով ոչ միայն չհաստատվեց առաջադրված մեղադրանքները, այլ դատարանում հարցաքննված տուժողները (ՀՀ քաղաքացիներից) հայտնեցին, որ իրենց որեւէ վնաս՝ նյութական, ֆիզիկական, բարոյական չի պատճառվել եւ իրենք չեն տուժել»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանում հարցաքննված տուժողների ներկայացուցիչների եւ վկաների ցուցմունքներին, ապա փաստաբանը նկատեց, որ դրանք «չեն հանդիսանում վերաբերելի ապացույց նաեւ այն առումով, որ այդ անձինք չեն հայտնում որեւէ տեղեկություն իրենց վնաս պատճառված լինելու՝ ծանր հետեւանքներ առաջացնելու առումով»: Փաստաբանն անդրադարձավ ապացույցներին, որոնք ձեռք էին բերվել մասնավորապես Ավանեսովի բնակարանից: Պաշտպանն ասաց, որ քրեական գործում խուզարկության թույլտվության համար չկա դատարանի համապատասխան որոշում, ուստի ձեռք բերված ապացույցները հանդիսանում են անթույլատրելի ապացույցներ, ինչպես Եվրոպական դատարանն է ասում՝ «հանդիսանալով թունավոր ծառի պտուղներ»: Ապացույցների մեջ փաստաբանը նշեց Նիդեռլանդների Թագավորության իրավապահ մարմինների կողմից ուղարկված՝ D պայմանական անունով սերվերի գաղտնալսման նյութերի մասին: Այն նույնպես համարվեց անթյուլատրելի, չնայած մեղադրողը՝ Գրիգոր Տիգրանյանը ռեպլիկի կարգով նկատեց, որ չի կասկածում Նիդեռլանդների իրավապահների՝ օրենքով ձեռք բերված ապացույցներին:

Ինչպես տեղեկացրել ենք, Գ. Ավանեսովը մեղադրվել էր ռուսական Կասպերսկու հատուկ ծրագրերի լաբորատորիայի գործունեությունը 4 ժամով խափանելու համար: Փաստաբանն ասաց, որ ուղղակի դիտավորություն չի եղել, այլ Ավանեսովը ստուգել է պաշտպանվածությունը:

Պաշտպան Գեղամ Հակոբյանը դատարանին խնդրեց արդարացնել Գեորգի Ավանեսովին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031