Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության որակը կապահովեն մրցունակ մասնագետները (Տեսանյութ)

Մայիս 17,2012 16:36

Այսօր Հյուսիսային համալսարանի դահլիճում տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովի բացումը: Ելույթի խոսքում ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը նշեց, որ որակի ապահովումը Բոլոնիայի գործընթացի սկզբնավորման առաջին իսկ փուլից եղել է կարեւոր ուղղություն. «Գոյություն ունեն որակի ապահովման եվրոպական չափանիշներ, եւ Բոլոնիայի անդամ երկրները պարտավորվել են դրանք կիրառել իրենց կրթական համակարգերում: Հայաստանի պարագայում որակի ապահովումն ավարտվում է հավատարմագրումով, ինչը ապահովում է որակի ճանաչում նաեւ Եվրոպական տարածքում»,-ասաց փոխնախարարը եւ հավելեց, որ փորձնական հավատարմագրում են անցել Երեւանի պետական մանկավարժական եւ ճարտարապետաշինական համալսարանները:

Լրագրողների հետ զրույցում ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը նշեց, որ Հայաստանում համապատասխան կրթական որակ ստանալու համար որոշակի ներդրումներ են հարկավոր: Երիցյանի խոսքով՝ որակ նշանակում է մրցունակ մասնագետ. «Այսօրվա կրթությունը պետք է այնպիսի որակ ունենա, որ մրցունակ լինի 4 տարի հետո, երբ ավարտում են բակալավրիատը, ինչպես նաեւ՝ 6 տարի հետո, երբ դրան գումարվում է մագիստրատուրան: Իսկ մրցունակ լինելու համար պետք է կիրառել կրթական գործընթացի հիմքը հանդիսացող միջազգային չափորոշիչները: Բացի այդ, կարեւոր է փոխճանաչողական մոտեցումը, ինչի շնորհիվ մեր կրթական համակարգը համահունչ կլինի այլ երկրների համակարգերի հետ»,-ասաց Ս. Երիցյանը եւ հավելեց, որ կարեւոր է նաեւ որակի ապահովման միջազգային մշակույթի ձեւավորումը, ինչը ենթադրում է ներազգային կրթության որակի վերահսկողություն:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Արմեն Ճուղուրյանը նշեց, որ մասնագիտական կրթության ոլորտում դեռեւս չունենք կատարյալ որակ. «Առաջնահերթ, մենք չունենք որակի մշակույթ ՝ սկսած դրանով չհետաքրքրվող ուսանողներից եւ մասնագիտական կրթությունը ֆինանսավորող ծնողներից, որոնք առավել հետաքրքրված են ոչ թե որակով, այլ ստուգման գրքույկի գնահատականներով: Բացի այդ՝ աշխատաշուկայի եւ համալսարանների միջեւ կապ չկա, որովհետեւ գործատուները չեն հետաքրքրվում բուհերում պատրաստված մասնագետների որակով»,- հավելեց դասախոսը:

Նշենք, որ Բոլոնիայի առաջիկա նախարարական գագաթնաժողովը Հայաստանում տեղի կունենա 2015թ.-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031