Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարվա ծիրանն ու դեղձը «բծավոր» են լինելու

Մայիս 17,2012 16:21

Վերջերս ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանը հայտարարել էր, որ Արմավիրի եւ Արարատի մարզերում դեղձենիներն ու ծիրանենիները սնկային հիվանդությամբ են վարակվել: Մասնագետը նաեւ գյուղացիների դժգոհությունն էր փոխանցել, որ գուղնախարարությունը ոչինչ չի անում: Այսօր Aravot.am-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության, անտառային տնտեսության եւ բույսերի պաշտպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ծառերի հիվանդության դեմ նախարարությունն ի՞նչ աշխատանքներ է կատարում: Պարոն Հարությունյանը վստահեցրեց, որ դա ոչ թե սնկային հիվանդություն է, այլ` ծակոտկեն բծավորություն. «Ես չգիտեմ, ինչո՞ւ են այդ անունը հնչեցրել: Ուղղակի սնկային ասելով ավելի բան է հնչում ու ժողովուրդն ավելի է «պանիկայի» մեջ ընկնում: Բայց անհանգստանալ պետք չէ, դա այն հիվանդությունն է, որ ամեն տարի մեր հանրապետությունում լինում է ու արտառոց վտանգավոր չէ: Գյուղացիները բոլորը գիտեն ինչպես պայքարել»:

Ինչ վերաբերում է Հրաչ Բերբերյանի այն հայտարարությանը, որ նախարարությունը պետք է ավիացիոն եղանակով պայքար սկսեր այդ հիվանդության դեմ, ոլորտի պատասխանատուն վստահեցրեց, որ դա անթույլատրելի է, քանի որ ծիրանի այգիները գտնվում են բնակելի տարածքներում, իսկ քամին թույնը կլցնի տները: Իսկ հիվանդությունը բերքատվության վրա կազդի՝ ոչ այնքան քանակի, որքան որակի առումով: Պարոն Հարությունյանի ներկայացմամբ` դեղձի եւ ծիրանի պտուղներն ուղղակի շատ կետիկներով կլինեն:

Արմավիրի մարզի գյուղացիների այն դժգոհության վերաբերյալ էլ, որ կառավարության տրամադրած ցորենի սերմացուից ստացած բերքը կարճահասակ է, ինչը գյուղացիները կապում են սերմացուի անորակ լինելու հետ, Գեւորգ Հարությունյանն այսօր «Սլաք» ակումբում ասաց, որ սերմացուն «լավ» էլ որակյալ է եղել, պարզապես եղանակն է անբարենպաստ գտնվել. «Անձրեւները կարճատեւ են եղել, խոնավությունն էլ բավական չի եղել հողի մեջ, իսկ բույսը ծարավ լինելով չի հասցրել նորմալ աճ տալ, դրա հետեւանքով ինքը արդեն ձեւավորվել է ու կարճ մնացել»:

Ընդ որում, կառավարության` ցորենի ներմուծման եւ սերմնաբուծության զարգացման ծրագրի շրջանակում բաժանված այդ սերմացուների դիմաց, ինչպես պարոն Հարությունյանն ասաց` 1-ը 2-ի հարաբերակցությամբ տնտեսվարողը պետք է հետ վերադարձնի բերքը ստանալուց հետո:

Հարցին էլ, թե գյուղացիները դժգոհում են, որ ցորենի կարճահասակության պատճառով կոմբայնը չի կարող հավաքել եւ կորուստները մեծ կլինեն, այս դեպքում գյուղացին ինչպե՞ս է վերադարձնելու սերմացուն՝ գյուղնախարարության պաշտոնյան ասաց, որ պայմանագրում ֆորսմաժորային իրավիճակի մասին որեւէ բան նախատեսված չէ, եւ այս պահին ոչինչ չի կարող ասել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031