Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Այս տեղեկատվությունն այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հաստատեց ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյո՞ք երեկվա հանդիպման ընթացքում կողմերը համաձայնության եկել են կոալիցիոն կառավարություն կազմելու խնդրի շուրջ, Սահակյանն ասաց, որ այդ եւ մյուս հարցերի պատասխանները կտրվեն այսօր երեկոյան ՀՀԿ-ում կայանալիք գործադիր մարմնի նիստում:
«Իրոք հանդիպումներ եղել են, այսօր գործադիր մարմնի նիստ տեղի կունենա, արդյունքները կամփոփվեն, ըստ այդմ էլ արդեն հանդես կգանք պաշտոնական տեսակետով», – ասաց ՀՀԿ-ի փոխնախագահը:
Հարցին, թե ճի՞շտ են տեղեկություններն այն մասին, որ նոր կառավարության կազմում ԲՀԿ-ի տեղերը ավելանալու են, Գալուստ Սահակյանն ասաց, որ դա կախված է այն հանգամանքից, թե ՀՀԿ- եւ ԲՀԿ-ն համագործակցության ինչ ձեւ կընտրեն:
Կարդացեք նաև
«Ո՞րն եք առավել հավանական համարում, կլինի՞ կոալիցիա, թե այսպես կոչված համաձայնագիրը» հարցին ի պատասխան, Գալուստ Սահակյանն ասաց. – «Նայած թե ինչպիսի սկզբունքներ կընտրվեն… եթե սկզբունքները, բեռը ծանր լինի, բնական է, [կընտրեն] դեպի կոալիցիայի ճանապարհը, եթե այդ բեռը կուսակցության տեսակետից ավելի թեթեւ պիտի լինի, կարծում եմ` համաձայնություններ կլինեն»:
Գլխավոր ինտրիգը ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ ըստ էության այն է, թե արդյո՞ք ԲՀԿ ղեկավարը ի վերջո կհայտարարի, որ 2013-ի նախագահական ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածություն: Վերջին շրջանում Ծառուկյանը խույս էր տալիս այս հարցից եւ պատասխանում արդեն թեւավոր դարձած արտահայտությամբ` «այդ մասին հաջորդ դասին»:
Արդյո՞ք ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ համագործակցությունը ենթադրում է, որ Ծառուկյանը պետք է Սերժ Սարգսյանին պաշտպանելու մասին հայտարարությամբ հանդես գա. – «Հինգ տարիների ամենակարեւորագույն ծրագրերից մեկը երկրի հետագա ճակատագրի համար դա նաեւ նախագահական ընտրություններն են: Բնականաբար, եթե կոալիցիոն համագործակցություն լինի, դա առաջին խնդիրներից մեկն է», – այս առնչությամբ ասաց ՀՀԿ-ի փոխնախագահը:
Ռուզաննա Ստեփանյան
«Ազատություն» ռադիոկայան