Ռեփեր Հ.Տ. Հայկոն նոր երգ է երգում՝ Մաշտոցի պուրակի, Բրյուսովի ուսանողների բողոքի եւ ընդհանրապես ազատության համար պայքարողների մասին: Երգը բողոք է՝ կապված այսօրվա իրականության, մարդկանց սպառված համբերության, իրական ազատության մասին:
Aravot.am-ի հետ զրույցում ռեփեր Հ.Տ. Հայկոն, պատասխանելով հարցին, թե ինչու որոշեց նման երգ երգել, ասաց. «Այդ թեմաներով երգեր շատ եմ ունեցել, պայքարի թեմայով ահագին խորացել եմ: Իսկ սա գլոբալ է, այստեղ խոսքը մենակ Մաշտոցի պուրակի ու Բրյուսովի ուսանողների մասին չէ: Բայց այս երգը իրանց դուխ տալու պես մի բան էր, կոնկրետ՝ հենց բրյուսովցիներին: Այսինքն՝ որոշեցի մի բան անել, ոգեշնչել այդ երիտասարդներին»:
Դիտարկմանն էլ՝ այս երգով փաստորեն միացել եք Մաշտոցի պուրակի ու բրյուսովցիների պայքարին, ռեփերն ասաց. «Կարելի է համարել՝ այո: Ես իմ ուժերի մեջ ինչ կա, պատրաստ եմ անել հանուն այն գաղափարների, որոնք ճիշտ եմ համարում: Ես չեմ խորացել կրթական համակարգի մեջ, ոչ Զոլյանին եմ ճանաչում, ոչ էլ մյուսներին, պարզապես մարդու ազատությունն եմ գնահատում: Այն, ինչ կապված է կրթական համակարգի հետ, իրականում ինձ չի հետաքրքրում, ինձ միայն երիտասարդների իրավունքներն են հուզում, այսինքն՝ եթե իրավունք ունեն խոսելու, պայքարելու, մանավանդ եթե ամեն ինչ օրենքի սահմաններում է, ես դրա կողմնակիցն եմ: Երգս ինչ-որ մեկի, նախարար Աշոտյանի դեմ չի, չեմ ուզում անձնավորել, չեմ կասկածում, որ Աշոտյանը շատ լավ մարդ է, մանավանդ՝ նրա դեմ բան չունեմ»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև