«Մենք ժամանակ ենք վատնում կատարյալ սեր փնտրելով` այն ինքներս ստեղծելու փոխարեն», – մի առիթով նշել է ամերիկացի գրող Թոմ Ռոբինսը:
Ամուսնությունը, ինչպես նաև կյանքի մնացած կարևոր իրադարձությունները, միշտ էլ եղել է տարբեր մասնագետների ուշադրության կենտրոնում, որի շուրջ հնչած կարծիքները տատանվել են` հասնելով նույնիսկ ծայրահեղությունների: Ոմանք կարծում են, որ մարդկանց մեծամասնությունը չի ամուսնանում միայն այն պարզ պատճառով, որ չի հանդիպել հարմար զույգի, իսկ ոմանց համոզմաբ հիմնախնդիրն ավելի խորքային է և համապատասխան լուծում է պահանջում: «Այդպիսի անձինք իդեալական սեր են փնտրում ամենուրեք, բայց` կամ ամուսնանում են շատ ուշ (օրինակ` 35 տարեկանից հետո), կամ ընդհանրապես չեն ամուսնանում: Կան նաև այնպիսիք, ովքեր բարձունքի հասնելու համար շարունակ կրթվում և կատարելագործվում են .. սակայն մի օր նկատում, որ տարիներն անցել են աննկատ», – մեզ հետ զրույցում (հեռախոսակապի միջոցով) հայտնում է ռումինացի հոգեբան Ռալուկա Մոկանուն:
Մասնագետներից հետաքրքրվեցինք, թե երբ է ամուսնության ամենահարմար ժամանակը, պատասխանը հնչեց. «Ամուսնանալ կարելի է տարբեր տարիքում, հատկապես այն ժամանակ, երբ հարկ ես համարում: Սակայն այլ հարց է, թե երբ է ավելի ճիշտ և խելացի այդ քայլին դիմելը: Կարծում եմ` ավելի նպատակահարմար է ամուսնանալ 25-ից ոչ շուտ, քանի որ շատ երիտասարդ տարիքում ամուսնություններն ավելի են հակված փլուզման, քան հասուն տարիքում: Բայց և այնպես, կյանքում ամեն ինչ էլ պատահում է: Պարզապես պետք է գործելուց առաջ մտածել»: Այդպիսի անձինք, անցնելով տարբեր փորձությունների միջով և ձեռք բերելով սեփական հնարավորությունների հանդեպ վստահություն, դառնում են ավելի բծախնդիր: «Սակայն բծախնդրությունից զատ, հասուն մարդիկ սկսում են անտեսել ամեն մի մանրուք և ավելի մակերեսորեն նայել կյանքի բարդություններին, քան երիտասարդ տարիքում», – ասում է մեր զրուցակից ռումինացի կլինիկական հոգեբան Իոանա Միհաելա Ռադուն, ում հետ կապ ենք հաստատել համացանցի միջոցով: Նրա կարծիքով, հասուն տարիքում (օրինակ` 30-45 տարեկանում) սերն ու ընտանիքն ավելի են արժևորվում, իսկ մեծամասնության ֆինանասական վիճակը` կայունանում, քան երիտասարդ տարիքում (չենք խոսում բացառությունների մասին):
Հիմնախնդիրն ավելի լավ պատկերացնելու համար դիմեցինք ԱՄՆ-ում կատարած հետազոտությանը, ըստ որի, 1980 թվականին 35-ից բարձր անձանց միայն 6 տոկոսն է ամուրի, իսկ 1988 թվականին նույն տարիքի անձանց 8,7 տոկոսն ապրում է չամուսնացած:
«Պետք է հիշել, որ չամուսնացած հասուն տղամարդուն կամ կնոջը գրեթե անհնար է փոխել», – վստահեցնում է 62-ամյա նախկին մանկավարժ Անիտա Մանուկյանը: Այդ առումով ռումինացի կլինիկական հոգեբան Ի.Մ. Ռադուն կարծում է, որ հասուն տարիքում սովորություններն ու բնավորության տարբեր գծերն այնքան են արմատանում, որ դժվար է լինում դրանք վերափոխել: Հանգամանք, որը կարող է բաժանման պատճառ դառնալ:
Ի դեպ, ըստ բժիշկների` հասուն ամուսնության պարագայում կարող են ի հայտ գալ տարբեր խնդիրներ, օրինակ` պտղաբերության նվազում, ամլության զարգացում և այլն, որոնք անկասկած կխաթարեն ամուսնական անդորրը: Սակայն աստղագետներն ունեն իրենց մոտեցումն այդ հարցի վերաբերյալ, որոնց համոզմամբ, մինչև ամուսնանալը պետք է ուսումնասիրել յուրաքանչյուր կենդանակերպի առանձնահատկությունները` հետագա տհաճություններից խուսափելու համար: «Օրինակ` աշխույժ առնետները չեն մտածում ամուսնության մասին, քանի որ նրանց նախ և առաջ հետաքրքրում է լավ ժամանակ անցկացնել իրենց նմանակի հետ: Սակայն ամուսնական հարմար պահը երբեք ձեռքից բաց չեն թողնի: Իսկ ցուլ տղամարդիկ ստեղծված են ամուսնության համար, որոնք առանց ընտանիքի իրենց երջանիկ չեն զգում», – նշում են www.onlinechineseastrology.com կայքի աստղագետները: Վագր տղամարդիկ հավատարիմ և արկածախնդիր են, սակայն ամուսնության արագ որոշում չեն կայացնում: Ճագարներն այդքան էլ չեն վստահում իրենց զուգընկերներին: Բայց վստահություն ձեռք բերելուն պես` դառնում են հավատարիմ և հոգատար: Փափուկ սիրտ ունեցող վիշապներին ամուսնական գաղափարը կարծես խորթ է: Այնուամենայնիվ նրանք ամուսնանում են միայն այն ժամանակ, երբ գտնում են որ ճիշտ ժամանակն է: «Օձերը կատարյալ ամուրիներ են, սակայն գրեթե միշտ ամուսնանում են համապատասխան կանանց հետ: Մտքի նորարար, բայցև շուտ ձանձրացող ձիերը սիրո զգացմունքն առավել գնահատում են այն ժամանակ, երբ կորցնում են: Իսկ նրբազգաց ոչխարները/այծերը պարզապես կանանց և քնքշության ծարավ են», – հավելում են մասնագետներն ու շարունակում նշել, որ խորամանկ կապիկների ամուսնությունը պետք է բխի իրենց շահերից: Քննադատ աքաղաղները պետք է վստահ լինեն, թե ում հետ են իրենց կյանքը կապում, քանի որ կայուն ամուսնությունն իրենց համար ամեն ինչ արժե: Շուն տղամարդիկ ևս վստահության կարիք ունեն, որի բացակայության դեպքում պարզապես չեն ամուսնանում: Իսկ վարազները, թեպետ այդքան էլ չեն շտապում ամուսնության մեջ, ծնված են ընտանիք կազմելու համար:
Այնուամենայնիվ աստղագետները հորդորում են, որ ամուսնանալուց առաջ հարկավոր է հիմնվել սեփական դատողությունների վրա, քանի որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում: Իսկ հոգեբանները պնդում են, որ պետք է ամուսնանալ այն ժամանակ, երբ գալիս է հարմար պահը:
Ելենա Չոբանյան