Ես սիրում եմ իմ հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը: Շատ եմ սիրում: Մեր պետականությունը քննադատող ցանկացած մարդու հետ կարող եմ բանավեճի բռնվել ՝ ապացուցելով, որ պետությունը, հայրենիքը մարդիկ չեն, շատ ավելին են: Բայց այս քանի օրը ստիպված եղա ինքս առնչվել մեր օրենսդրական համակարգի թերությունների հետ: Խնդիրը նրանում է, որ այս տարի ավարտում եմ այն բուհը, որտեղ սովորում եմ: Դե ընդունվել եմ, սովորել եմ, հիմա եկել է ժամանակը ավարտելու: Շատ երիտասարդների նման հասկացել եմ, որ իրականում այն, ինչ ընտրել եմ, որպես մասնագիտություն, չի համապատասխանում ինձ: Որոշեցի՝ փոխեմ մասնագիտությունս, ընդունվեմ այլ բուհ՝ առաջին կուրս և սովորեմ ամենասկզբից :Որոշեցի… բայց պարզվում է սեփական կամքը մասնագիտություն ընտրելու հարցում բավարար չէ մեր երկրում: Խնդիրը կայանում է նրանում, որ պետական բուհ ընդունվելու համար ինձ հարկավոր է դպրոցի ավարտական ատեստատ: Սակայն այնպես է ստացվել, որ ես չեմ կարող դպրոցական ատեստատս վերցնել, քանի որ այն գտնվում է այն բուհում, որը ես պետք է ավարտեմ ամսվա վերջում: Նրանք ինձ դա չեն տալիս: Ասում են, որ իրավունք չունեն օրենքով: Չեն խաբում: Իսկ ընդունելության դիմումների ընդունման վերջնաժամկետը ավարտվում է ավելի շուտ, քան ինձ կարող են տրամադրել իմ դպրոցական ատեստատը: Դուրս է գալիս, որ ես ստիպված պետք է լինեմ մի քանի օրվա պատճառով սպասել մի ամբողջ տարի: Համաձայնեք դա մի փոքր զուրկ է տրամաբանությունից: Բայց օրենքն է այդպիսին: Դիմել են բոլորին, ում կարողացել եմ: Առաջարկում են դիմել որպես երկրորդ մասնագիտություն ձեռք բերելու կամ հեռակա ուսուցման համար: Երկու դեպքում էլ ուսումը միայն վճարովի համակարգում է հնարավոր, և ռոտացիային չեմ մասնակցելու: Փոքրիկ բան է , այնպես չէ՞: Առաջին հայացքից փոքրիկ է թվում, քանի դեռ այդ ամենը մեզ չի վերաբերվում…Եվ հետաքրքիրն այն է, որ այս խնդիրը շատ շուտ լուծում կգտներ, եթե ես ունենայի ծանոթ/բարեկամներ կամ էլ մի կլորիկ գումար առաջարկեի դրա համար: Իսկ եթե մի մարդ ուզում է այս երկրում ամեն ինչ անել օրենքի շրջանակնում, նրան սպասում են այսպիսի պատասխան՝հնարավոր չէ… Ու հիմա ինչ-որ մեկը կարո՞ղ է ինձ ասել, որ սա իմ իրավունքների խախտում չէ:
Միգուցե սա մանրուք է թվում: Բայց ինձ համար դա կարևոր հարց է: Ճիշտ են ասում՝ մինչև սեփական կաշվիդ վրա չես զգում, չես հասկանում, թե որքան կարևոր կարող են լինել առաջին հայացքից մանրուք թվացող հարցերը: Հետո էլ կասեն, որ մնացեք երկրում, զարգացրեք այն: Բայց երբ սեփական պետությանդ օրենքներն են քեզ կոտրում, երբ ուզում ես նրանց օգնությամբ առաջ շարժվես, ապա ի՞նչ երկիր զարգացնելու մասին է խոսքը: Ես հասկանում եմ հայրենիքը/պետություն օրենքներն էլ չեն: Բայց այդ օրենքները քո պետության լեզուն են, բառերն են: Իսկ բառը երբեմն կարող է անել շատ ավելին, քան մի ամբողջ բանակ….
Վահան Խաչատրյան
Հայաստանի ազատ քաղաքացի, ով չի կարողանում վերցնել իր ատեստատը
«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…
Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական» ([email protected])