Մայիսի 15-ին դանակահարվել և ծանր վնասվածք է ստացել Նոր-Նորքի 3-րդ զանգվածում գտնվող «Սաֆարի» խորտկարանի սեփականատեր Արմեն Մաթևոսյանը: Դեպքը տեղի է ունեցել «Սաֆարի» ակումբի մոտակայքում:
Hayeli.am-ի այս տեղեկությունը ՀՀ ոստիկանությունից հաստատեցին: Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ մայիսի 15-ին ՊՆ զինվորական հոսպիտալից հաղորդում է ստացվել, որ Արմեն Մաթևոսյանը իրենց է դիմել և հոսպիտալացվել որովայնի շրջանում ծակած-կտրած թափանցիկ վերք ախտորոշմամբ: Ըստ Ոստիկանության, պարզվել է, որ նույն օրը ժամը ժամը 17:00-ի սահմանում «Սաֆարի» խորտկարանի դիմաց վիճաբանության ժամանակ ոմն Համլետը դանակահարել է Արմեն Մաթևոսյանին: Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրիքի 112-րդ հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ մարմնական վանսվածք հասցնել: Համլետի անձը պարզված է, ձեռնարկվում են միջոցներ նրան բացահայտելու ուղղությամբ, կատարվում է նախաքննություն:
Hayeli.am-ի ունեցած տեղեկություններով Արմեն Մաթևոսյանը վեճի է բռնվել իրեն պատկանող «Սաֆարի» խորտկարանի հաճախորդների հետ, ինչն ավարտվել է դանակահարությամբ: Վիճաբանողները եղել են մի քանիսը, նրանցից մեկը, ըստ որոշ լուրերի՝ Գագիկ Ծառուկյանի մերձավորներից է: Մեր աղբյուրները նշում են, որ վիճաբանության մյուս մասնակիցը իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյա է:
Արմեն Մաթևոսյանը ԱԺ նախկին պատգամավոր,Վայոց ձորի հանգուցյալ մարզպետ Վարդգես Մաթևոսյանի որդին է: Նա համարվում է նաև թիվ 4 հացի գործարանի սեփականատերը: Բացի «Սաֆարիից» նա Նոր Նորքում ունի նաև մի շարք այլ բիզնեսներ՝ խանութներ, գեղեցկության սրահ, կահույքի արտադրամաս և այլն: «Սաֆարի» խորտկարանը հայտնի է նրանով, որ այնտեղ հազվադեպ որսի տեսականիով ճաշատեսականեր են առաջարկվում: