Ավանդական ուշուի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը մայիսի 19-20-ին «Դինամո» մարզադահլիճում կայանալիք միջազգային մրցաշարի առիթով հրավիրված մամուլի ասուլիսում ասաց. «2004 թվականից ի վեր, մրցաշարը մենք կազմակերպում ենք ամեն տարվա ապրիլի 23-24-ի սահմաններում եւ այն նվիրված է լինում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սակայն այս տարվա մարտի վերջին Տալլինում անցկացված Եվրոպայի առաջնությանը մասնակցելով պայմանավորված, որտեղ, ի դեպ, մեր մարզիկները երեք տարիքային խմբերում նվաճեցին 11 մեդալ (2` ոսկե, 2` արծաթե եւ 7` բրոնզե), հարկադրված էինք մեր մրցաշարի անցկացման ժամկետները հետաձգել: Այդ ընթացքում Հայաստանում Չինաստանի դեսպանատնից եւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից առաջարկ եղավ` այն նվիրել հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Եվ քանի որ այս տարի լրանում է նաեւ մեր ֆեդերացիայի հիմնադրման 20- ամյակը, որոշվեց մրցաշարը բացառության կարգով այս տարի անվանափոխել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ