Լրահոս
Օրվա լրահոսը

Տարեց կնոջը մահացած են գտել, տունը՝ թալանված, ոստիկանությունը քրգործ չի հարուցել

Մայիս 17,2012 14:15

Ջերմուկ քաղաքում միայնակ ապրող 76-ամյա Արփիկ Ենոքյանին մայիսի 14-ին տանը մահացած են գտել: Կնոջ զավակներն արտերկրում են, թոռը՝ ժամկետային ծառայության մեջ : Արփիկի որդին՝ 53-ամյա Արսեն Խաչատրյանը դեպքի կապակցությամբ մայիսի 16-ին Ռուսաստանից եկել է Ջերմուկ: Արսենը մեզ հայտնեց, որ տնից գողացել են սեյֆում պահված ոսկեղենը, մոր վզի շղթան,ականջօղերը, սեյֆում եղած 1000 եվրոն, 15 հազար ռուսական ռուբլին եւ դրամ, որի չափը ինքը չգիտի: Անհետացել են նաեւ կնոջ եւ թոռան բջջային հեռախոսները, խաղամիջոց-համակարգիչը, բնակարանի եւ սեյֆի բանալիները: Որդու խոսքերով՝ մոր ձեռքի մատանին չեն կարողացել հանել, կնոջ այդ ձեռքին կապտուկներ կան: Արփիկ Ենքոյանի կողքին բարձ է դրված եղել, ատամի պրոթեզը եղել է ջարդված :

– Մայրս շատ զգույշ էր, երեկոյան 8-ից հետո դուռը չէր բացում, 8-9-ից հետո նույնիսկ հեռախոսազանգերին չէր պատասխանում,- ասում է Արսեն Խաչատրյանը:

Դիահերձումը ցույց է տվել, որ կնոջ կենսական օրգաններն առողջ են եղել, միայն թոքերն են պատռված, սեւացած, հավանական է՝ դա շնչահեղձության հետեւանք է: Արսեն Խաչատրյանն ասաց, որ ոստիկանությունը փորձում է գործը ներկայացնել որպես բնական մահ: Մահացած կնոջ հարազատների վկայությամբ՝ Ջերմուկի ոստիկանապետ Աշոտ Խաչատրյանը լինելով դեպքի վայրում՝ մահացածի հարազատներին ասել է, թե նրանք ինչու են իրար խառնվել, տարեց կին էր, տանը իր համար դեղ է որոնել, մահացել է: Երբ հարազատները նրան հարցրել են թանկարժեք իրերի ու փողի գողության մասին՝ ոստիկանապետը նրանց հակադարձել է, թե գուցե իրենք են տարել դրանք:

Կնոջ դատաբժշկական փորձաքննությունը կատարվել է Եղեգնաձորում, մահացածի հարազատները չվստահելով դրանց արդյունքներին՝ Երեւանից մասնագետներ են հրավիրել; Վերջիններս լինելով Եղեգնաձորում՝ իրենց հետ մայրաքաղաք են տարել փորձաքննության նմուշները:

Դեպքից 3 օր հետո՝ մայիսի 17-ին զանգահարեցինք Ջերմուկի ոստիկանապետ Աշոտ Խաչատրյանին: Նա ասաց, որ դեպքի կապակցությամբ քրեական գործ չի հարուցվել, քանի որ հանցակազմ չի հայտնաբերվել, որ իրենք դիտարկում են կնոջ հանկարծամահության վարկածը: Ոստիկանապետի խոսքերով՝ դատաբժշկական փորձաքննության արդյունքներով կորոշվի քրեական գործ հարուցելու կամ չհարուցելու հարցը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031