Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մայիսի 6-ին ժողովուրդը կորցրեց իր իշխանությունը

Մայիս 17,2012 13:51

Մեր երկիրը իրավունքի երկիր չէ, իսկ «Հավատանք, որ փոխենք» պատգամը քարոզողների խոսքի եւ գործի մեջ միասնություն չկա, որի պատճառով մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների կանոնները խախտվեցին: Այդ ընտրությունների առնչությամբ փիլիսոփայության գիտությունների դոկտոր, սոցիոլոգիայի պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը նկատել է, որ ժողովրդին արդեն գնել են, ժողովուրդն այս ընտրություններով վերջնականապես կորցրեց իր իշխանությունը:

Միտքը վերաբերում է երկրում տիրող անարխիային, իսկ եթե երեւույթը գնահատենք իրավական հարթությամբ, նշանակում է ժողովրդից զավթել են իշխանությունը, եւ այդ հարաբերությունը պաշտպանող սահմանադրական նորմը (2-րդ հոդված) զրո է դարձել: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ ավելի քան 10 տարի է՝ համապետական (նախագահական եւ ԱԺ) ընտրությունների պրոցեսում այդ ծանր հանցագործությունը կրկնվում է եւ նկատելի է, որ հանցավոր գործողությունները ղեկավարում է ռեժիմը, իսկ ծրագրված նպատակը իրականացվում է հանցավոր համագործակցության միջոցով:

Հանցավոր համագործակցությունը (Քրեական օրենսգրքի 223 հոդված) իրենից ներկայացնում է միասնական ղեկավարմամբ գործող կառուցվածքային միավորում կամ հանցավոր կազմակերպություն, որի անդամները համախմբվում են համատեղ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով՝ ուղղակի կամ անուղղակի դրամական կամ նյութական բարիք ստանալու համար: Այդ հանցագործության կազմի հատկանիշներից են կազմակերպվածությունը (ներքին կանոնակարգվածությունը), կառուցվածքայնությունը (կազմում հիերարխիկ կառույցների եւ հանցավոր խմբավորումների առկայությունը), համախմբվածությունը (կազմակերպության ղեկավարների, կազմակերպիչների ու մասնակիցների մոտ ծանր հանցագործություն կատարելու միասնական կանխամտածվածությունը) եւ հատուկ նպատակը:

Հանցագործության պատասխանատվությունը դիֆերենցված է հանցանքը կատարող անձի մասնակցության աստիճանից եւ բնույթից, ըստ որում՝ նորմի առաջին մասը պատասխանատվություն է նախատեսում հանցավոր համագործակցությունը ստեղծելու եւ ղեկավարելու համար, երկրորդ մասը՝ հանցագործությանը մասնակցելու, իսկ 3-րդ մասը՝ եթե այդ արարքները կատարվել են պաշտոնական դիրքը օգտագործելով (պատիժ է նախատեսված, համապատասխանաբար՝ 8-12, 6-12, 10-15 տարի ժամկետով ազատազրկում):

Նկատենք, որ երբ քաղաքական ուժերը՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն կամ Վարդան Օսկանյանը հայտարարում են, թե ընտրողների թվի մասին կանխահայտորեն սխալ տեղեկություններ է հրապարակվել, ընտրողների ցուցակում ընտրողների թիվը մի քանի հարյուր հազարով ուռճացվել է, ընտրությունների պրոցեսում ընտրողներին զանգվածաբար կաշառք են բաժանել, բռնություններ է գործադրվել, կամ մարտի 1-ին տասը մարդու կյանքից զրկել են, խոսքը գնում է վերեւում թվարկված շարժիչ ուժերով եւ հատկանիշներով օժտված գործող հանցավոր համագործակցության կամ հանցավոր կազմակերպության եւ նրա բազմաբնույթ հանցագործությունների մասին: Տրամաբանական հարց է ծագում. քաղաքական ուժերի կամ լրատվության միջոցների հաղորդումների առնչությամբ, ինչը առիթ է քրեական գործ հարուցելու համար, քրեական հետապնդում իրականացնող մարմինները ինչու չեն հետաքննություն սկսում (եթե մայիսի 6-ին Ֆրանսիայում անցկացված նախագահական ընտրությունների պրոցեսում Ֆրանսուա Օլանդի սոցիալիստական կուսակցությունը ընտրողներին կաշառեր կամ ֆիլատրոպիա՝ կյանքի աղետի ենթարկվածներին եւ թշվառներին բարեգործություն անելը, ապա Օլանդը եւ կուսակիցները բանտում կհայտնվեին):

Իմ կարծիքով, քաղաքական ուժերի հաղորդումները կարող են ստուգվել միայն քրեական գործի քննության շրջանակներում, ըստ որում՝ պարզաբանման ենթակա են հետեւյալ հարցերը.

ա) Մայիսի 6-ի ընտրությունների նախօրեին ընտրողներին զանգվածաբար 10.000-20.000 դրամ բաժանված դրամը (ընտրակաշառք), ինչը մեկնարկվում է 25 մլն ամերիկյան դոլարին համարժեք (Հրանտ Բագրատյանի հայտարարությունը), ի՞նչ գործառույթից է առաջացել եւ ո՞ր կառույցն է ծրագրել եւ ուղղորդել կաշառքը բաժանելու մեխանիզմը:

բ) Մայիսի 6-ի ընտրությունների քվեարկության պրոցեսում Ընտրական օրենսգրքի պահանջների խախտումը (անձնագրերի դրոշմակնքման կարգը) դիտավորյա՞լ արարք է, թե՞ հանցավոր ինքնավստահություն կամ անփութություն:

գ) Ընտրելու իրավունք չունեցող քանի՞ քաղաքացի, ինչպես նաեւ՝ հանգուցյալ է ընդգրկվել ընտրական ցուցակներում եւ քվեարկության օրը նրանց անձնագրային տվյալները գրանցվե՞լ են ընտրական ցուցակում, թե՞ ոչ:

Հիշյալ արարքները կատարվել են տեսանելի, բացահայտումն էլ հասարակ բան է, մինչդեռ հանցավոր հիերարխիան (պաշտոնակարգումը) չարիք է բոլորիս համար եւ սպառնում է երկրի անվտանգությանը:

ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ

իրավաբան, Մոսկվա

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031