Լրահոս
Օրվա լրահոսը

Թեստերը «ժամանեցին»

Մայիս 17,2012 13:44

Հանրապետությունում այս տարի բուհական ընդունելության համար միասնական քննությունների դիմում-հայտ է ներկայացրել 18105 շրջանավարտ-դիմորդ, որոնցից 11792-ը հունիսի 5-ին միասնական քննություն կհանձնի հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայից, 8954-ը հունիսի 12-ին՝ մաթեմատիկայից:

Քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ին, այդ օրը դիմորդները քննություն կհանձնեն կենսաբանություն (1941 դիմորդ), աշխարհագրություն (393 դիմորդ) եւ ընդհանուր պատմություն (401 դիմորդ) առարկաներից:  Օտար լեզուներից ռուսերենը նախընտրողները 1283-ն են, անգլերենը՝ 8171, գերմաներենը՝ 520, իսկ ֆրանսերենը՝ 447։ Իտալերենից, իսպաներենից եւ պարսկերենից  միասնական քննություն հանձնելու ցանկություն է հայտնել, համապատասխանաբար, 4,  25 եւ 5 շրջանավարտ-դիմորդ։ Տեղեկացնենք, որ ռուսաց լեզվի քննությունը կանցկացվի  հունիսի  8-ին, իսկ մնացած օտար լեզուներից  դիմորդները քննություն կհանձնեն հունիսի 15-ին:  Ֆիզիկա առարկայից դիմում-հայտ ներկայացրել էր 3392 դիմորդ, նրանք քննություն կհանձնեն հունիսի 19-ին, եւ միասնական քննությունների եզրագիծը կհատվի հունիսի 22-ին: Վերջին  օրը դիմորդ-շրջանավարտները քննություն կհանձնեն հայոց պատմություն (3265 դիմորդ) եւ քիմիա (1515 դիմորդ) առարկաներից:

Տեղեկացնենք, որ երեկ երեկոյան Հայաստան է բերվել երկդարյա գաղտնի տպագրության ավանդույթ ունեցող անգլիական «Ստեֆան Աուսթին» հրատարակչությունում տպագրված միասնական քննությունների թեստերի առաջին խմբաքանակը, որը օդանավակայանից անմիջապես տեղափոխվել է «Արարատբանկի» կենտրոնական մասնաշենքի պահուստ։  Քննություններից մեկ օր առաջ «Հայինկասացիայի»  ուղեկցությամբ թեստերը՝ փակ ծրարներում, կտեղափոխվեն քննական կենտրոններ եւ կբացվեն դիմորդների ներկայությամբ: «Առավոտի» հարցադրմանը, թե ինչու այս տարի կրկին Լոնդոնում տպագրվեցին միասնական քննությունների թեստերը, ԳԹԿ մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը պատասխանեց. «Ինչպես հիշում եք, անցյալ տարի միասնական քննությունների բոլոր թեստերը տպագրվեցին ԳԹԿ տպարանում, եւ մեր կառույցն այդ քննությունը գերազանց հանձնեց: Որեւէ արտահոսքի դեպք չի արձանագրվել: Այս տարի այն առարկաների թեստերը, որոնք սակավաթիվ են, նույնպես տպագրվելու են ԳԹԿ տպարանում՝ ԱԱԾ աշխատակցի ներկայությամբ, նկարահանող եւ տեսագրող սարքերի առկայությամբ: Իսկ մեծաքանակ տպագրություն մեկ օրում, ցավոք, դեռեւս ԳԹԿ տպարանը չի կարող իրականացնել, այդ պատճառով մեծաքանակ առարկաների թեստերը տպագրվել են Լոնդոնում»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031