Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երիտասարդ կոմպոզիտորները խնդիր ունեն

Մայիս 17,2012 13:42

Նրանց հազվադեպ են դիմում Հայաստանում

Վերջին շրջանում թեեւ սկսնակ կոմպոզիտորների նկատմամբ պետական հոգածության նշույլներ կան, սակայն դա հեռու է խնդրի լուծում լինելուց: Սրանում մենք համոզվեցինք՝ զրուցելով երիտասարդ կոմպոզիտոր Քաջիկ Գրիգորյանի հետ, որի հեղինակային երեկոն կայացավ օրերս՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում՝ Հայ երիտասարդ կոմպոզիտորների եւ կատարողների միավորման (նախագահ՝ Արսեն Բաբաջանյան) նախաձեռնությամբ:

Զրույցի սկզբում ուզեցինք ճշտել մեզ հասած այն տեղեկությունը, թե իր որոշ գործընկերների օրինակով Քաջիկն էլ է պատրաստվում մեկնել Եվրոպա: Մեր զրուցակիցը հաստատելով լուրը՝ հայտնեց. «Օրերս մեկնում եմ Գերմանիա՝ Էսսեն, որտեղի Folkvang hochschule-ում վարպետության դասընթացներ են անցնում ու կատարելագործվում Երեւանի կոնսերվատորիայի ընկերներս: Ցանկությունս մեկն է՝ կազմակերպել երիտասարդ կոմպոզիտորների ու կատարողների փոխադարձ այցելություններ»:

Կոմպոզիտորը հավելեց, թե այն տպավորությունը թող չստացվի, որ մեր պետությունը կամ պատկան մարմինները բացարձակ զերծ են մնում կարիերա սկսող արվեստագետներին աջակցելուց. «Ուղղակի դա մեզ չի գոհացնում»: Քաջիկը հիշեց, որ ժամանակին իրենք առաջարկով դիմել էին վարչապետ Տիգրան Սարգսյանին, որպեսզի կոնսերվատորիան ավարտող կոմպոզիտորների դիպլոմային աշխատանքները ներկայացվեն պրոֆեսիոնալների՝ մեր պետական նվագախմբերի, երգչախմբերի մատուցմամբ, հիմնավորելով, թե դա արդեն կարիերայի սկիզբ է եւ կարեւոր է ունկնդրի ծանոթությունն առաջին քայլերն անող ստեղծագործողի հետ: «Ափսոս, որ երաժշտասեր մեր վարչապետը առաջարկը վերահասցեագրեց կոնսերվատորիայի նախկին ռեկտորին, որը ընթացք չտվեց… Նշեմ, որ շուտով մշակույթի նախարարության աջակցությամբ կհրատարակվի ալբոմ, որտեղ ընդգրկված կլինեն մեր միավորման 4 անդամների՝ Արսեն Բաբաջանյանի, Անդրանիկ Ֆատալյանի, Գեւորգ Բադալյանի եւ իմ մանկական ստեղծագործությունները: Վերջիններս Հայ երիտասարդ կոմպոզիտորների եւ կատարողների միավորման նախաձեռնությամբ շուրջ 2 տարի ներկայացրել ենք Երեւանի եւ մարզերի երաժշտական դպրոցներում: Արձագանքներից ելնելով՝ հույս ունենք, որ դրանք կընդգրկվեն դպրոցների ուսումնական ծրագրերում: Վերջին շրջանում էլ հայաստանյան TV-ները ոչ հաճախ, սակայն անդրադառնում են մեր ստեղծագործություններին, բայց… Այս առումով ուզում եմ առանձնացնել «Շողակաթ» հեռուստաընկերության բարյացակամ վերաբերմունքը»,- ասաց Քաջիկը:

Նա բարձրացրեց մի խնդիր, ինչի մասին քանիցս լսել ենք մեզ հետ զրուցած երաժիշտներից. «Պետական կոլեկտիվները հիմնականում երաժիշտներ են հրավիրում դրսից՝ մեծ հոնորարներով, եւ պարզ է, որ նման պարագայում մեր երիտասարդ կատարողները անտեսվում են: Կարծում եմ՝ պետք է պատկան մարմինները վերանայեն այդ աշխատաոճը: Մեր կատարողներն էլ ուշադրության են արժանանում դրսում: Օրինակ՝ միավորման անդամ, դաշնակահար Արմեն Մանասյանը վերջերս հանդես եկավ Էստոնիայում՝ տեղի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, կատարելով Ռախմանինովի դաշնամուրի եւ նվագախմբի 3-րդ կոնցերտը, որի արձագանքները հասան նույնիսկ Ամերիկա…»:

Դիտարկմանը, թե ճանաչված կոմպոզիտորներից շատերը լայն ունկնդրի շրջանում հայտնի են դարձել հանրամատչելի ստեղծագործությունների շնորհիվ, Քաջիկ Գրիգորյանն ասաց. «Ունեմ դաշնամուրի եւ ջութակի համար գրված «Երեք տպավորություն ճանապարհորդությունից» ստեղծագործությունը, որի 2-րդ մասը նոկտյուրն է, այն էլ չափից ավելի հանրամատչելի է: Այս դեպքում, օրինակ, սերիալներով ողողված հայաստանյան TV-ները երաժշտական նյութ կարող են ընտրել ոչ թե արտերկրյա՝ թեկուզ ճանաչված հիթերից, այլ դիմեն մեր պրոֆեսիոնալներին»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031