Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անկախ Հայաստանի, խղճի ու բանականության սահմանից այնկողմ

Մայիս 17,2012 13:36

Խոհ՝ որպես նախաբան

Ինձ մտատանջող մի հարց կա: Այդ հարցն ինձ հաճախ են տալիս: Դրան ես այսպես եմ պատասխանում. «Իհարկե, չեմ զղջում, որ հանուն անկախության գաղափարի երիտասարդ տարիներս անցկացրել եմ խորհրդային բանտերում ու աքսորում»: Եվ ավելացնում եմ. «Անկախության պայքարը մեր ընտրությունը չէր: Այդ մենք էինք նախախնամության կողմից ընտրված: Իսկ ինչ վերաբերում է անարդարությանը, նրա հետ ես այսօր էլ եմ անհաշտ»:

Պատասխանս միանգամայն անկեղծ է: Իսկ ինչո՞ւ եմ մտատանջության մեջ ընկնում, երբ ինձ դիմում են այդ հարցով: Դրա պատճառը ես իմ մեջ չեմ գտնում, այլ անկախացած Հայաստանի: Ուրեմն՝ նաեւ իմ մեջ:

Արնագույն դրոշի ներքո

Այն երկիրը, որի գաղափարախոսական պատը չինական պատի տասը հաստությունն ուներ, երկիրը, որի արդարության խորհրդանիշը աշխարհի երեսին անարդարության ու դեմագոգիայի ամենացայտուն դրսեւորումներից մեկն էր՝ հավասարությունը, երկիրը, որի գաղափարական միակ դարբնոցը՝ «դարաշրջանի միտք, պատիվ ու խիղճ» կոմկուսը, իր դռները լայնորեն բացում էր բանվորի ու գյուղացու առաջ, իսկ մտավորականը թշնամու գերությունից ողջ-առողջ վերադարձածի նման կասկածի էր ենթակա, այդ երկրի գաղափարական երեսպաշտության շղթայի վերին օղակը Գլխավոր օրենքում ամրագրված՝ ազգերի ազատ ինքնորոշման դրույթն էր, որի մասին Խորհրդային Միությունում խոսվում էր թութակի տրամաբանությամբ ու պատասխանատվությամբ: Եթե հավատայիր այդ դրույթին եւ խոսեիր այն կիրառելու մասին, կամ էլ փորձեիր ապացուցել, որ ԽՍՀՄ-ում այն ֆիկցիա է, փաստացի գոյություն չունի, կհայտնվեիր այնտեղ, որտեղ անցան իմ ու ինձ նման շատերի կյանքի տարիները:

Խորհրդային հանրապետությունները, որոնք պարտավոր էին նախկինում խաբվածի պես մի կողմ դնել իրենց անցյալը, երկրպագել բոլշեւիզմի խորհրդանիշները, պարտադիր կամավորական սկզբունքով ձուլվել միասեռ զանգվածին, եւ դեռ այս ամենն ընդունել որպես մեծագույն արտոնություն, գրեթե բոլոր այդ «եղբայրական» հանրապետություններն ունեին իրենց «վտանգավոր տարրերը», որոնք կարմիր ներկայի ու «վպ տՏսՏՋպվՏ»-ի ապազգային բռնապետական հոսանքին հակառակ էին լողում: Խորհրդային պետությունը նրանց համար որոշակի վայրեր ուներ հատկացրած. երեւակայությամբ եւ ինքնատիպ մտածողությամբ օժտված մտավորականները պատահարի էին ենթարկվում կամ «տեղափոխվում» հոգեբուժարան, իսկ մեզ՝ պայքարի քաղաքական եւ ըստ էության՝ միանգամայն օրինական ձեւ ընտրածներիս սպասում էին քաղաքական կալանավայրերն ու աքսորը:

Այս ամենն այսպես էր իր կես դարը բոլորած եւ արդեն բավական «քաղաքակրթված» պետական կառույցում:

Անկախացումից առաջ

Անազատության տարիներիս մեծ մասն անցկացրել եմ Մորդովիայի 19-րդ ճամբարում: Ընթացքում՝ տեղափոխություններ, պատժախուց, զրկանքներ, հոգեբանական ճնշում: «Քաղաքական դարձի» այդ համակարգը խորհրդային հանրապետությունների «վտանգավոր տարրերին» միեւնույն պատժի վայրեր տեղափոխելով՝ ակամա հնարավորություն էր ստեղծում ծանոթությունների համար, անգամ հասցնում էինք մտերմանալ: Մեր զրույցների հիմնական թեման անկախության գաղափարն էր, մեր երազանքների անկախ հայրենիքների հնարավոր փոխհարաբերությունները: Ազգային ազատագրության գաղափարը մի կողմից մեր երիտասարդ մարմինները դատապարտել էր ցրտի ու քաղցի, մյուս կողմից՝ այդ զրկանքները խիստ շոշափելի կերպով ապացուցում էին մեր պայքարի արդարացիությունը:

1975 թվականի ապրիլի 23-ն էր: Պահի իրավիճակը թելադրում էր առանց ցնցումների անցկացնել Հայոց ցեղասպանության տարելիցի օրը: Այդ էր պատճառը, որ ՊԱԿ-ի աշխատակիցն ինձ հարցրեց, թե ապրիլի 24-ի հետ կապված ինչ մտադրություն ունեմ: Ասացի, որ այդ օրը անցկացնելու եմ ինչպես Հայաստանում. սգի մեջ, չաշխատելով: Հաջորդ օրը երեկոյան ինձ միացան ուկրաինացիներ, ռուսներ, մերձբալթներ, հրեաներ: Նրանց մեջ եւ՛ ուղղափառներ կային, եւ՛ կաթոլիկներ: Մենք զրուցեցինք, ապա աղոթքով ու մեկ րոպե լռությամբ հարգեցինք Հայոց եղեռնի զոհերի հիշատակը: Դա մի սրտառուչ, ինքնատիպ ընկերակցություն էր, որ հետագա տարիներին էլ տարբեր դրսեւորումներով փորձեցինք պահպանել: Այն ազգամիջյան միաբանությունը, որի մասին տարփողում էր Խորհրդային Միությունը, ես իրականում տեսա ճամբարում:

Ցավոք սրտի, իմ գաղափարակից ընկերներից շատերը զոհվեցին անազատության մեջ: Ողջ մնացածներս, աքսորից վերադառնալով, մեր քաղաքական ընդհատված կյանքը շարունակեցինք քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի հիմնադրմամբ, որը վերածվեց միջազգային կոմիտեի: Անդամագրվեց Վրաստանը (ներկայացուցիչը՝ Մեհրաբ Կոստավան), Ուկրաինան, որը ներկայացնում էին Վյաչեսլավ Չորնովիլը եւ Միխայիլ Գորինը: Այս ամենը հիմք հանդիսացավ ճամբարում ստեղծված կապերը պահպանելու համար: 88-ի հունվարին Երեւանում տեղի ունեցավ երեք հանրապետությունների ներկայացուցիչների հավաք: 90-ին Հայաստան եկան Վասիլ Օվսիենկոն եւ Իվան Սոկուլսկին: Այնուհետեւ սկսվեց ԽՍՀՄ փլուզումը, ու ամենքս մեր երկրում լծվեցինք մեր անելիքներին:

Թե շարժման տարիներին ինչ ցնցումներ, դժվարություններ ու բերկրանք ապրեց մեր ժողովուրդը, բոլորին է հայտնի: Իսկ ինչ էինք զգում մենք՝ անկախականներս, միանգամայն այլ բան է: Պահի պատմական նշանակությունը մեզ համար յուրովի կարեւոր էր ու ըմբռնելի, միաժամանակ՝ անձնական, քանի որ Ազգային միացյալ կուսակցությունը շարժումից շատ տարիներ առաջ՝ 1966-ից, արդեն իր վրա էր վերցրել գերտերությանը «ոչ» ասելու, անկախ Հայաստանի գաղափարը վեր հանելու վտանգավոր, շատերի կարծիքով՝ սիզիփոսյան գործը, որը, սակայն, վստահ եմ՝ կմնա որպես ազգային ինքնությունից հրաժարվելու դեմ մեր երկրի պայքարի հաղթաթուղթը:

Անկախացումից հետո

88-ի շարժման մեր՝ խորհրդային շրջանի քաղաքական այլադավաններիս կարգախոսը ամենասկզբից էլ «Անկախություն»-ն էր: Շարժման ղեկավարներն անգամ քննադատում էին մեզ՝ անկախական գաղափարներ արտահայտելու համար: Բայց քաղաքական անցքերի քաոսային թվացող հոսանքն արցախյան շարժումը հանգեցրեց մեր ազգային անկախությանը: Հայաստանն անկախ հռչակվեց, եւ ճիշտ ժամանակն էր, որ մեր նորանկախ երկրի ոտքի տակ դրվեր գաղափարական այն հիմքը, որն իրենց կյանքի գնով ստեղծել էին հայ անկախականները: Այդպես քաղաքական անսովոր կարգավիճակում հայտնված մեր քաղաքացու համար կկապվեր անցյալի ու ներկայի շղթան, նաեւ կձեւավորվեր գնահատանքի մթնոլորտ, ինչը հատկապես կարեւոր է նորաստեղծ երկրի համար:

Գրեթե այդ ամբողջ ընթացքում խորհրդային նախկին քաղբանտարկյալների հետ մեր կապը շարունակվում էր: 2009-ին նրանց հրավերով ես մեկնեցի Կիեւ: Օգոստոսի 24-ն էր՝ Ուկրաինայի անկախության հռչակագրի օրը, որ երկրի անկախության օրն է համարվում: Տոնական մեծ շքերթի ժամանակ հրապարակի ամբիոնում կանգնած էին ու երկրի ղեկավարների հետ միասին շքերթն ընդունում էին բոլոր նախկին քաղբանտարկյալները՝ Խորհրդային Ուկրաինայի այլախոհները: Անկախ Ուկրաինան միայն այդ քայլով չէ, որ ցուցաբերել է մարդու վաստակի գնահատման բարձր մշակույթ: Երկրի նախագահի հրամանագրով արդարացվել են քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր ուկրաինացիները: Անկախ Ուկրաինան իր տոնացույցում քաղաքական բռնությունների զոհերի հիշատակի օր ունի: Նախագահ Յուշչենկոյի հրամանագրով տարբեր շքանշաններով պարգեւատրվել են Մորդովիայի եւ Ուրալի ճամբարներով անցած քաղբանտարկյալները: Մեր ճամբարային ընկերներից ութին Ուկրաինան հերոսի կոչում է շնորհել, որոնցից չորսին՝ հետմահու: Հուզմունքով կարդացի ընկերոջս՝ Վասիլ Ստուսին հետմահու Ուկրաինայի հերոսի կոչում ու Շեւչենկոյի անվան պետական շքանշան շնորհելու մասին որոշման տեքստը. «Ոգու անընկճելիության, Ուկրաինային անձնվիրաբար ծառայելու, ազգային գաղափարախոսության պահպանման, իր ստեղծագործություններում համամարդկային բարձր արժեքներ արտահայտելու համար»: Նախագահը պետական պարգեւներ է շնորհել իր երկրի հարյուր հիսուն «նախկին քաղկալանավորի ու բռնադատվածի՝ Ուկրաինայի ազգային ու պետական վերածնման գործում ունեցած անձնական ներդրման, ազատության եւ անկախության գաղափարների հաղթանակի համար մղված պայքարում ցուցաբերած անձնազոհության, ակտիվ հասարակական գործունեության համար»: Պետական պարգեւներ են շնորհվել Հելսինկյան համաձայնագրի պաշտպանության խմբին անդամակցած ուկրաինացիներին: Խորհրդային քաղբանտարկյալ, Շեւչենկոյի անվան պետական շքանշանակիր Էվգեն Սվերստյուկը, որ երկու անգամ հրաժարվել է  Ուկրաինայի հերոսի կոչումից ու բավարարվել Ազատության շքանշանով, այսօր էլ՝ 85 տարեկան հասակում խրախուսվելով իր երկրից ու ժողովրդից, շարունակում է իր ազգային, հասարակական գործունեությունը: Անկախության պայքարի այդ ինտելեկտուալ գործիչը Ուկրաինայի խիղճն է համարվում: Բանաստեղծուհի Լինա Կոստենկոյի բնակարան է այցելել երկրի նախագահը՝ հանձնելու Ուկրաինայի հերոսի շքանշան: Կոստենկոն շնորհակալություն է հայտնել՝ ասելով, որ ինքը չի կրում կառավարական զարդեր: Այդ ասելով՝ նա ամենեւին չի մտահոգվել, թե կարող է նեղացնել նախագահին եւ այդ դեպքից հետո էլ շարունակել է մնալ նրա բարեկամը: Պարգեւների շարքը բավական մեծ է եւ դժվար է այն ամբողջությամբ ներկայացնելը: Հատկանշական է, որ գրեթե բոլոր պետական պարգեւների հանձնման տեքստերում նախկին քաղբանտարկյալները ներկայացված են որպես օրենքի պաշտպաններ:

Այսպես, Ուկրաինայի նախկին նախագահը բարձր գնահատեց ազգային արժեքներն ու անկախության մարտիկների վաստակը, ինչն անչափ կարեւոր է երկրի «քաղաքական երթուղին» ճշտելու համար: Յուշչենկոն նաեւ իր երկրում դրեց արդարության բարձր նշաձող. մասնակցեց նախագահական ընտրություններին եւ հարգելով իր երկրի ժողովրդավարական ձեռքբերումներն ու չօգտագործելով պետական, կառավարական որեւէ լծակ՝ չընտրվեց: Տեղին է հիշել ֆոլկներյան պարտության էսթետիկայի գաղտնիքը՝ «Հաղթում է նա, ով պարտվել գիտի»: Ըստ նրա՝ պարտությունն էլ հաղթանակ է, բայց այնպիսի հաղթանակ, «որը չեն տոնում, այլ ընդունում են որպես վկայություն»: Իսկ ո՞րն է մարդու վաստակի գնահատման հարցում մեր երկրի, եթե պարտություն չասենք, ապա՝ վրիպելու գաղտնիքը, ինչն իր հետեւից բազում խնդիրներ է բերում:

Խորհրդային տարիների անկախականների բանակը ուշադիր հետեւում ու սովորում էր հայ անկախականներից: Իրենց երկրի պետական պարգեւները ստացած ուկրաինացի անկախականներ Ստուսը, Չորնովիլը, Օվսիենկոն, Պոպադյուկը, Շաբատուրան, Կոլինեցը, Կրավցիվը, Սեմենյուկը… Հայաստանի Ազգային միացյալ կուսակցության համակիր անդամ էին: Մեզ վրա էր սեւեռված նաեւ խորհրդային անվտանգության աչքը՝ որպես քաղաքականապես առավել կոփված ու «մարտունակ» կազմակերպության: Անկախության դրոշն առաջինը Հայաստանում բարձրացվեց: Կատաղի հակախորհրդային մերձբալթյան երկրներն անգամ մեզանից էին սովորում: Բայց, ցավոք, անկախության գաղափարակիր երկրների մեջ, խորհրդային կարգերի փլուզումից հետո, Հայաստանը մնաց ամենախորհրդայինը: Եվ առավել ցավալի է, որ նման իրավիճակները մեր ժողովրդի պատմության մեջ բավական հաճախադեպ են:

Խոհ՝ որպես վերջաբան

Գուցե ճիշտ կլիներ, եթե իմ փոխարեն մեկ ուրիշը գրեր այս ամենի մասին, քանի որ ինքս խորհրդային շրջանի քաղաքական դատապարտյալ եմ, եւ մտահոգությունս հնարավոր է՝ սխալ ընկալվի: Անհանգստությունս կապված չէ իմ ապրած կյանքն արժեւորելու հետ: Նվիրաբերումս անհատույց է: Կրակի մեջ նետվողը դատողություններ չի անում ոչ այրվելու մասին, ոչ էլ «այրվողի կոչում» ստանալու: Խնդիրն իմ երազած անկախ Հայաստանի վաղն է, որը սկսվում է այսօրվա արժեհամակարգի՝ գնահատանքների այդ ամբողջության ընտրությամբ, ինչն ըստ էության՝ առաջին հերթին գնահատողին է հարկավոր:

Երեկ մենք՝ անկախականներս, խորհրդային երկրի սեւեռուն ուշադրության կենտրոնում էինք: Այդ էին պահանջում մինչ օրս իր ուրվականային գոյությունը շարունակող երկրի ամբողջատիրական խիղճն ու բանականությունը: Այսօր, ցավոք, մեր վաստակն անտեսված է մեր ազգային պետության, նրա խղճի ու բանականության կողմից, եւ դա ինձ մտահոգում է ոչ թե իմ անցյալի, այլ երկրիս ապագայի առումով:

ՌԱԶՄԻԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031