Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամրակիցի գյուղապետը համ ջանգյուլում է պարում, համ մտածում գյուղի մասին

Մայիս 17,2012 13:32

2012թ. մայիսի 5-ի «Առավոտ» թերթում հրապարակված «Գյուղապետը գյուղի մասին չի մտածում՝ «ջանգյուլո՞ւմ» է պարում» հրապարակմանը, որտեղ Լոռու մարզի Ամրակից գյուղի 78-ամյա բնակիչ Սայադ  Սարգսյանը դժգոհություն էր հայտնել, որ Ամրակից գյուղի գյուղապետ Արթուր Ներկարարյանը համայնքի բնակիչներին իրականացրած ծրագրերի մասին հաշվետվություններ չի ներկայացնում, գյուղի քարուքանդ փողոցները չի վերանորոգում, գյուղացու հոգսով չի հետաքրքրվում, Ամրակիցի գյուղապետը պատասխանում է. «Ինձ համար շատ ցավոտ է, որ մեր համայնքում կա այդպիսի բնակիչ, որը համայնքի խնդիրները վերլուծելու եւ հասկանալու, գուցե եւ օգնելու փոխարեն կարողանում է միայն բողոքել, անհիմն փնովել ու վիրավորել։

Փորձեմ  ներկայացնել իրավիճակի իրական նկարագիրը։ Ես իրոք աշխատում եմ որպես Ամրակիցի (նախկինում Կիրովո) գյուղապետ շուրջ 17 տարի, միայն այն պատճառով, որ Ամրակից համայնքի բնակիչները ազատ ընտրությունների միջոցով ցանկություն են հայտնում ինձ տեսնել որպես համայնքի ղեկավար։

Հայաստանի Հանրապետության ոչ մի օրենք չի նախատեսում Սայադ Սարգսյանի կողմից պահանջվող հաշվետու ժողովը։ Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 3-րդ կետի՝ համայնքի ղեկավարը տարեկան ֆինանսական հաշվետվություն է ներկայացնում համայնքի ավագանուն, որը արտացոլում է համայնքի ղեկավարի կողմից կատարած աշխատանքների ամբողջական նկարագիրը։ Այդ գործողությունը կատարվում է օրենքով սահմանված ժամկետներում։ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ այն փակցվում է գյուղապետարանում՝ ավագանու որոշումների համար հատկացված անկյունում։ Գյուղապետարան դիմող բոլոր բնակիչներին անմիջապես տրամադրվում են պահանջվող տվյալները, բացատրություն է տրվում ցանկացած հարցի վերաբերյալ։ Պարոն Սարգսյանին տարիներ շարունակ  տրամադրվում են իր կողմից պահանջվող բոլոր ֆինանսական փաստաթղթերը, հաշվետվությունները, հաստիքացուցակը եւ այլն։

Համայնքի փողոցների մի մասը ասֆալտապատված է։ Գյուղամիջյան ճանապարհները խճալցված են։ Սակայն ճանապարհներն ամբողջովին ասֆալտապատելու համար հարկավոր են միջոցներ, որը համայնքի բյուջեն չունի։ Հակառակ դեպքում այդ խնդիրը շուտվանից լուծված կլիներ։

Ինչ վերաբերում է կաթի իրացմանը, գյուղացիները հնարավորություն ունեն կաթը վաճառելու երեք տարբեր գնորդների։

Ամրակից համայնքի արոտավայրերը փաստացի 2-րդ կարգի են, որի հարկը կազմում է 6435 ՀՀ դրամ՝ 1 հա-ի համար, բայց գյուղապետարանը գանձում է բնակիչներից ոչ թե որպես 1-ի կարգի համար, այլ 6435 ՀՀ դրամի փոխարեն՝ ընդամենը 2200 ՀՀ դրամ։

Անցնեմ հաջորդ հարցին։ Պարոն Սայադ Սարգսյանը պնդում է, որ «սեփականաշնորհման տարիներին գյուղապետարանը ունեցել է գյուղտեխնիկա»։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ գյուղապետարանը գյուղտեխնիկա երբեք չի ունեցել եւ չունի։

Ինչ վերաբերում է համայնքի բնակիչների թվին, այն, համաձայն Հայաստանի Հանրապետությունում 2011թ. հոկտեմբերին անցկացված մարդահամարի արդյունքների, կազմում է 700 բնակիչ։ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով գյուղապետարանի աշխատակազմում չի նախատեսվում «քարտուղարուհի» պաշտոնը, այլ գյուղապետի աշխատակազմի քարտուղար, որը հանդիսանում է նաեւ որպես աշխատակազմի ղեկավար, որն էլ բանիմաց է եւ կատարում է իր պարտականությունները ժամանակին եւ պատշաճ որակով։

Ուզում եմ նաեւ հայտնել, որ Լոռու մարզի Ամրակից համայնքը 95%-ով գազիֆիկացված է, որից 50%-ը՝ 2007-2008թթ.-ի համայնքի միջոցների հաշվին, 2005թ. համայնքի մանկապարտեզը վերանորոգվել է եւ մինչ օրս գործում է»։

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031