Լրահոս
Օրվա լրահոսը

«Արի տուն» ծրագիրը խափանում են մաքսակետում

Մայիս 17,2012 13:24

Հայաստանի սահմանին մաքսավորները հայրենադարձներին առանց սեփական իրերի են ներս թողնում

Մոտ 20 տարի Բուլղարիայում բնակվող Հրայր Հովհաննիսյանը սրտին մոտ ընդունելով սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ կառավարության պատասխանատուների՝ սփյուռքահայերին ուղղված «Արի տուն» հորդորը՝ հավաքում է իրերն ու որոշում վերջնականապես հաստատվել հայրենիքում՝ Հայաստանում: Բուլղարիայի իր բնակարանի բոլոր իրերը՝ բրդյա ծածկոցը, սպասքը, փոքրիկ գազօջախը, մի 2 զույգ կոշիկ, հին մագնիտոֆոնը, աշխատանքային գործիքները, շախմատը, լվացքի մեքենան ու նույնիսկ տոնածառի խաղալիքներն ու էլի մի շարք իրեր հավաքում է, լցնում սեփական մեքենան ու ճանապարհվում հայրենի տուն: Հրայրն ամբողջ ճանապարհին ծրագրեր է կազմում, թե ինչպես է ապրելու հայրենիքում, հասնելով Հայաստանի սահման՝ Բավրայի անցակետում նրա բոլոր ծրագրերը հօդս են ցնդում: Մաքսակետում նրանից պահանջել են «Ֆորդ» ավտոմեքենայի բեռնախցում եղած 840 կիլոգրամ քաշով ամբողջ իրերը մաքսազերծել, եթե ոչ՝ նվիրատվություն անել հայրենիքին, ասելով՝ այնքան աղքատներ կան Հայաստանում, մեկին լավություն կանես:

«Առավոտի» հետ զրույցում Հրայր Հովհաննիսյանի հոր՝ Հենրիկ Հովհաննիսյանի խոսքերով, որդու՝ Հայաստան բերած իրերն այնքան հնամաշ են, որ միմիայն որդուն պետք կգան, մինչդեռ օրենքով այդ «հնության» համար պահանջում են վճարել $2-3: Հոր ներկայացմամբ. «Տղաս չգիտեր, որ մաքսային բեռի թույլատրելի սահմանը 50 կիլոգրամն է, ու իր բնակարանում ինչ եղել է, ամբողջը հետը բերել է: Օրինակ՝ հին ռադիո, դիպլոմատ, կառնիզ, կոշիկի կալոտկա, երեխայի խաղալիք, կասետնիցա, բազկաթոռ, սեղան, մի հատ շկաֆ՝ 2 հատ դարակով, ու բոլորը երեւի մի 20 տարվա օգտագործած ապրանքներ, ու դրանց համար 3 հազար դոլար են ուզում: Այդ բեռը Աբովյանի պահեստարանում դատարկելիս անգամ բանվորներն են զարմացել դրանց հնության վրա»: Պարոն Հովհաննիսյանի պատմելով՝ մաքսային բրոկերի միջոցով փորձել են ապրանքը տեսակավորել, որպեսզի յուրաքանչյուր, այսպես ասած՝ ակտի մեջ 3 անուն ապրանք ներկայացվի, ու յուրաքանչյուր ակտի համար, ըստ օրենքի, վճարվի 5000 դրամ: Սակայն մաքսատան աշխատակիցները պահանջել են ոչ միայն յուրաքանչյուր ապրանք առանձին մաքսազերծել, այլեւ ասենք՝ կերամիկայից սպասքն էլ հատ-հատ մաքսազերծել: Օրինակ՝ սպասքի մեջ մտնում են ափսեներ, բաժակներ, կերամիկայից թեյնիկ եւ այլն: Պարոն Հովհաննիսյանի խոսքերով՝  «Փաստորեն, պիտի դանակների ու պատառաքաղների, գդալների ու այլ խոհանոցային իրերի համար առանձին-առանձին վճարել: Աշխատանքային գործիքներից էլ պլասկակուպցիի եւ ատվյորկաների համար էլ առանձին առանձին վճարել: Թալան է, ի՞նչ է: Սե՞նց են կանչում տուն: Փոխանակ հայրենադարձների համար նպաստավոր պայմաններ ստեղծեն՝ մի բան էլ հիասթափեցնում են»: Հայրենիքի՝ նման «օրենսդրական» վերաբերմունքից վրդովված պարոն Հովհաննիսյանի որդին՝ Հրայրը, հանդիպել է սփյուռքի նախարարի հետ եւ իր դժգոհությունը ներկայացրել. «Տղաս նախարարին ասել էր՝ բա ասում եք՝ եկեք տուն, եկեք տուն: Եկել ենք, սա՞ է ձեր տունը, ինչո՞ւ եք խաբում մարդկանց: Սկզբում Հրանուշ Հակոբյանը զարմացել է, հետո լսելով խնդիրը՝ հորդորել է դիմել նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչություն: Բայց այնտեղից էլ պատասխանեցին, որ իրենք չեն կարող օգնել ու ոչ մի լծակ չունեն: Բա էլ ինչո՞ւ է կոչվում սփյուռքի նախարարություն»:

Կառավարության «Արի տուն» կանչին հետեւած Հրայր Հովհաննիսյանը փաստորեն որոշել էր Բուլղարիայի իր փոքրիկ «տուն-տեղով» տեղափոխվել Հայաստան, սակայն հայրենիքը, ճիշտ է, տնից չի զրկել, բայց զրկում է առաջին անհրաժեշտության իրերից:  Այն, որ մաքսակետի աշխատակիցները հորդորել են այդ հնամաշ իրերը հանձնել հայրենիքին, որպեսզի հայրենիքն էլ հանձնի իր աղքատ զավակներին, «հայրենադարձի» հոր՝ Հենրիկի դիտարկմամբ՝ ձեռառնոցի է. «Ի՞նչ է նշանակում՝ տոնածառի խաղալիքի համար մաքս վճարել, այն էլ Աստված գիտի՝ կտեսնե՞մ էդ տոնածառը Նոր տարվան, թե ոչ: Լավ, հանձնենք հայրենիքին, բայց ես էլ եմ անապահով, աղքատ, 2 կոպեկ թոշակ եմ ստանում, գոնե այդ իրերը հետո տան ինձ՝ որպես աղքատի: Այս ի՞նչ երկիր է, ամեն ինչից զրկում են»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031