Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ժամանակն է, որ Հայաստանում քաղաքական ախոռները մաքրվեն»

Մայիս 17,2012 13:17

ՀԱԿ-ի նախկին անդամը ՀԱԿ-ին մեղադրում է իշխանության հետ գործարքի գնալու մեջ

Խորհրդարանական ընտրություններից առաջ ռազմավարական եւ մարտավարական տարաձայնությունների պատճառով Հայ ազգային կոնգրեսը լքած «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը ՀԱԿ քաղխորհրդում ներկայացնող 1992-94 թվականներին Գորիսի քաղաքապետ Սամվել Հարությունյանը, ով մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր Սյունիքի թիվ 37 ընտրատարածքում, երեկ դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրությունների օրինականությունը: Այս ընտրություններում Սամվել Հարությունյանի օգտին արձանագրվել է 1492 ձայն՝ մոտ ինն անգամ պակաս, քան 2007-ի խորհրդարանական ընտրություններում: Սամվել Հարությունյանը համոզված է, որ շատ տեղամասերում, արդյունքների ամփոփումից հետո, արձանագրություններ են կեղծվել, իր օգտին տրված ձայների մի մասն էլ գրվել է ոչ միայն ՀՀԿ թեկնածու Հայկ Գրիգորյանի եւ առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանի, այլեւ ՀԱԿ թեկնածու, իր նախկին տեղակալ Վարազդատ Վարդազարյանի օգտին: «Ինչպես կարծում էի, նաեւ նրա թեկնածությունն է օգտագործվել իմ ձայները պակասեցնելու, դիրքերը թուլացնելու, պատգամավոր ընտրվելու հնարավորությունս բացառելու համար, եւ այդ տեսակետից որեւէ քննադատության չի դիմանում ՀԱԿ-ի ղեկավարության դիրքորոշումը: Այդ եւ բազմաթիվ այլ փաստեր հաշվի առնելով՝ գտնում եմ, որ ՀԱԿ-ի ղեկավարությունն ուղղակիորեն գործարքի մեջ է մտել իշխող ուժի հետ, եւ նրա ստացած արդյունքը՝ 7,01 տոկոս, հենց դրա վկայությունն է: Ես ապշում եմ. համաժողովրդական շարժման փայլուն ընթացքից, հատկապես 2007-ի աշնանից մինչեւ 2008-ի գարուն՝ այդ բարձրակետից հետո, ըստ էության ամեն ինչ արվել է, որպեսզի համաժողովրդական շարժումը տկարանա, թուլանա, մարի: Այս տեսակետից գտնում եմ, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ըստ ամենայնի, 2008-ի մարտի 1-ից հետո շանթի փոխարեն կատարել է շանթարգելի դերակատարություն, եւ չեմ կարող Պարույր Սեւակի մի շատ կարեւոր նախադասություն չուղղել առաջին նախագահին՝ «Մի՞թե Աստվածները մեզ նրա համար են վեր բարձրացնում եւ հասցնում երջանկության կատարներին, որպեսզի այնտեղից գլորելով չափեն անդունդը մեր անկման»: Ահարոն Ադիբեկյանի տրված տոկոսներով ՀԱԿ-ը պետք է 10 մանդատ ունենար խորհրդարանում. մեկ մանդատ մարտիմեկյան ամեն մի զոհի փոխարեն: Բայց ՀԱԿ-ի վարկանիշն այնքան ընկավ իր տխրահռչակ ռազմավարության եւ մարտավարության պատճառով, որ 8,5 տոկոս էլ չկարողացան հավաքել, այլ իշխող ուժի կողմից, ըստ ամենայնի, մեծահոգաբար նվեր տրվեցին տոկոսներ՝ ՀԱԿ-ին սահմանագծին պահելու համար: Ես կարծում եմ՝ ժամանակն է, որ Հայաստանում քաղաքական ախոռները մաքրվեն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Սամվել Հարությունյանը:

Ի պատասխան այս մեղադրանքների՝ թիվ 37 ընտրատարածքում ՀԱԿ-ի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու, բայց ՀԱԿ-ին չանդամակցող, երբեւէ որեւէ հանրահավաքի չմասնակցած, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ամբիոնի վարիչ Վարազդատ Վարդազարյանն «Առավոտին» ասաց. «Ինձ համար անհասկանալի եւ պարզապես ծիծաղելի է դա: Իրականության հետ ոչ մի կապ չունեցող դատողություն է, ես իշխանությունից այնքա՜ն հեռու եմ»: Ավելին Վարազդատ Վարդազարյանը կասին իրեն՝ Սամվել Հարությունյանին, դեմ առ դեմ:

Ինչ մնում է ՍԴ ներկայացրած դիմումին՝ Սամվել Հարությունյանը փաստեր է ներկայացնում նախընտրական եւ ընտրությունների շրջանում քարոզչության, պետական լծակների՝ ՀՀԿ-ի օգտին կիրառման, ՀՀԿ-ի եւ նրա թեկնածու Հայկ Գրիգորյանի օգտին մեկ ձայնի դիմաց բաժանված 20 հազար դրամ ընտրակաշառքի ու դրանց վերաբերյալ թիվ 37 ԸԸՀ-ի անգործության, անհետացող թանաքների եւ «կարուսելի», ուռճացված ցուցակների վերաբերյալ: Նրա հիմնական «խաղաքարտը», սակայն, այն է, որ ընտրական գործընթացն ի սկզբանե կազմակերպվել է օրենքի խախտումով՝ մասնավորաբար իբրեւ պատգամավորության թեկնածու գրանցելով առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանին: Հիշեցնենք, որ վերջինս տեւական ժամանակ աշխատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում եւ բնակվում է Դանիայի Թագավորությունում: Մինչդեռ ՀՀ Սահմանադրությունը պահանջում է, որ ընտրություններին իբրեւ թեկնածու մասնակցող ՀՀ քաղաքացիները վերջին հինգ տարիներին մշտապես բնակված լինեն Հայաստանում: Այս հարցը Սամվել Հարությունյանը դեռ նախընտրական շրջանում վիճարկեց, սակայն ՀՀ անձնագրային եւ վիզաների վարչությունը երկու անգամ մերժեց Սամվել Հարությունյանի դիմումը՝ անվավեր ճանաչելու նույն վարչության Երեւան քաղաքի Նոր Նորքի բաժանմունքի կողմից Թաթուլ Հակոբյանին տրված՝ վերջին հինգ տարիներին ՀՀ-ում մշտապես բնակության մասին տեղեկանքը: Ավելի ուշ ՀՀ վարչական դատարանն էլ մերժեց Սամվել Հարությունյանի՝ թիվ 37 ԸԸՀ-ի որոշումը՝ Թաթուլ Հակոբյանին պատգամավորության թեկնածու գրանցելու մասին, անգամ չանդրադառնալով Թաթուլ Հակոբյանին տրամադրված տեղեկանքում առկա տեղեկությունների արժանահավատության հարցին:

Ավելի ուշ Aravot.am-ին տված հարցազրույցում Սամվել Հարությունյանը կարծիք էր հայտնել, որ Սյունիքում տարածված կարծիք կա, թե Թաթուլ Հակոբյանին «խաղի մեջ» է մտցրել ՀՀ նախագահի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, Հարությունյանից «ձայներ խլելու համար»:

Ինքը՝ Սամվել Հարությունյանը, համոզված է, որ Թաթուլ Հակոբյանի գրանցումը եւ «տեղայնամոլական ախտի շահարկումը» էապես ազդել են ընտրությունների արդյունքների վրա: Մեր զրուցակիցը հատկանշական է համարում նաեւ այն, որ Սյունիքի տխրահռչակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը քարոզչության վերջին օրը Սիսիան քաղաքի հրապարակում կազմակերպված համերգի ընթացքում հարթակ է բարձրացել եւ սիսիանցիներին դիմել վիրավորական հայտարարությամբ. «Քարանձավից դուրս եք եկել՝ Թաթո՞ւլ եք խաղացնում»: Այն, որ իր մնացյալ բոլոր հանդիպումների ժամանակ Սուրիկ Խաչատրյանը իր թեկնածուի գովազդով զբաղվելու փոխարեն Սամվել Հարությունյանի հակագովազդով է զբաղվել՝ հենց վերջինիս համարելով իրեն հիմնական մրցակից, իսկ Սիսիանում նման հայտարարություն է արել, Սամվել Հարությունյանին հիմք է տալիս ասելու, որ. «Սիսիանցիների մոտ իմ նկատմամբ ատելություն խորացնելու եւ նրանց ուղղորդելու՝ քվեարկել Թաթուլ Հակոբյանի օգտին, տրոհելով այն բազմահազար ձայները, որոնք ես ակնկալում էի ստանալ Սիսիանում»: Վերլուծելով Թաթուլ Հակոբյանի հետընտրական հարցազրույցները, որոնցում նա համոզմունք է հայտնում, որ թիվ 37-ում տեղի ունեցած ապօրինությունների եւ վայրի կամայականությունների համար մեղավորն ու պատասխանատուն ՀՀԿ-ն չէ, միայն Սուրիկ Խաչատրյանն է, Սամվել Հարությունյանը ենթադրում է. «Նա իր ծառայության դիմաց պետական պաշտոն է ակնկալում, եւ շատ հավանական է, որ շուտով այն կստանա»:

Սամվել Հարությունյանի՝ ՍԴ դիմելու առիթով արդեն իսկ Դանիայի Թագավորություն մեկնած առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանն «Առավոտին» փոխանցեց. «Ես եւ նախընտրական, եւ հետընտրական շրջաններում խուսափել եմ մամուլում անդրադառնալ որեւէ կուսակցությանը կամ անհատի գործունեությանը: Սամվել Հարությունյանի նկրտումները ի սկզբանե ինձ հասկանալի էին՝ մարդուն հանգրվան է պետք եւ հոգեբանի աջակցություն: Ես պատրաստ եմ նրան աջակցել, սակայն նա շարունակում է իր հիվանդ երեւակայությունը՝ «դավադրության» տեսությամբ ինձ ինչ-որ խաղերի մեջ ներքաշել: Ես մասնակցեցի ընտրությանը, որ ընտրությունները լինելու են ազատ ու արդար, առաջնորդվելով բացառապես Սահմանադրությամբ եւ օրենքներով: Ունենալով համակիրներ եւ ծախսելով ընդամենը 1,3 մլն դրամ՝ ցույց տվեցի, թե ինչպես պետք է կազմակերպել նախընտրական գործընթացը, մեծ աջակցություն ընտրողների շրջանում, արդյունքում, ըստ պաշտոնական թվերի՝ ստացա մոտ 12 հազար քվե: Սամվելի ծննդավայրում՝ Գորիսի տարածաշրջանում ընտրություններ չեն եղել, այլ եղել է լավ կազմակերպված միջոցառում, որի նպատակն է մարզպետի թեկնածուի օգտին հնարավորինս շատ քվեաթերթիկներ լցնել: Եթե Սամվել Հարությունյանը կարողանա ապացուցել ՍԴ-ում, որ Գորիսում՝ իր ծննդավայրում, ընտրությունները ընտրությունները չեն եղել, ինձ մնում է նրան հաջողություն մաղթել»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031