Լրահոս
Օրվա լրահոսը

Կոալիցիայի կազմը կմնա անփոփոխ

Մայիս 17,2012 13:10

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի համոզմամբ՝ քաղաքական կոալիցիան անհրաժեշտ է երկրում կայունության ապահովման համար, մինչդեռ «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի համար ՀՀԿ-ի՝ կոալիցիա կազմելու պատրաստակամությունն անհասկանալի է: 

«Առավոտ»- Նոր քաղաքական կոալիցիայի ձեւավորման հետ կապված մինչ օրս հստակ չէ ոչ միայն այն, թե ԲՀԿ-ն պատրա՞ստ է ընդունել ՀՀԿ-ի առաջարկը, այլեւ այն, թե նման առաջարկ առհասարակ եղե՞լ է: Պարոն Մելիքյան, ի վերջո ՀՀԿ-ն ԲՀԿ-ին կոալիցիա ձեւավորելու առաջարկ արե՞լ է:

 

Գագիկ Մելիքյան- Կազմելով բացարձակ մեծամասնություն՝ Հանրապետական կուսակցությունն ասել է, որ ինքը կողմնակից է կոալիցիոն իշխանություն ձեւավորելուն՝ առանձին առաջարկություններ չանելով որեւէ քաղաքական ուժի: Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք կցանկանան Հանրապետականի հետ ձեւավորել կոալիցիա, նրանց ճանապարհը բաց է, եւ այդ քաղաքական ուժերն իրենք պետք է հայտարարեն՝ ցանկանո՞ւմ են ՀՀԿ-ի հետ ձեւավորել կոալիցիա, թե՞ ոչ:

«Առավոտ»- Պարոն Կարապետյան, Ձեր գնահատմամբ՝ այսօր քաղաքական կոալիցիայի ձեւավորումը ո՞ւմ է ավելի շատ պետք՝ ՀՀԿ-ի՞ն, թե՞ ԲՀԿ-ին:

Արամ Կարապետյան- Ես կարծում եմ՝ այս պահին հայ ժողովրդի համար առանձնապես հետաքրքիր չէ՝ կկազմվի՞ կոալիցիա, թե՞ ոչ, քանի որ դա ոչինչ չի փոխելու մեր կյանքում: Ի վերջո 5 տարի այդ կոալիցիան կար: Ընդհանրապես մի քիչ դժվար եմ հասկանում, թե այդպես շեշտակի հաղթած ուժը ինչո՞ւ է ուզում կոալիցիա կազմել: Զուտ քաղաքագիտական առումով դա դժվար է բացատրել:

Գ. Մելիքյան- Դա քաղաքական մշակույթ է, ես չեմ ասում, որ դա պարտադիր է, բայց ցանկալի է: Եվ եթե մենք գնում ենք քաղաքական հանդուրժողականության ճանապարհով, ապա կոալիցիայի ձեւավորման ամենակարեւոր նպատակներից մեկն է երկրում քաղաքական կայունության ապահովումը, որից կշահի ոչ միայն իշխանությունը, այլեւ ժողովուրդը:

«Առավոտ»- Իսկ եթե ի դեմս ԲՀԿ-ի՝ ԱԺ-ում ձեւավորվի քաղաքական լուրջ հակակշիռ, որը կլինի կառուցողական դաշտում, մի՞թե դա որեւէ կերպ կվտանգի երկրի կայունությունը:

Գ. Մելիքյան- Հակակշիռներով եւ հակազդեցություններով, կարծում եմ, կայունության չենք կարող հասնել: Միեւնույն ժամանակ, սա դեռեւս այն չէ, որ մենք հակակշիռ չունենք: Քննադատությունը կարող է լինել հենց մեր՝ կոալիցիայի ներսում: Քարոզչության ընթացքում մենք դրա ականատեսը եղանք եւ ԱԺ-ում էլ մենք դա տեսել ենք բազմաթիվ անգամ:

Ա. Կարապետյան- Այս պարագայում քաղաքականացված խորհրդարանում պետք է լիներ մասնագիտացված կառավարություն: Այսինքն՝ մասնագետներ, որոնք քաղաքական դեմքեր եւ որեւէ կուսակցության անդամ չեն: Այդ դեպքում հասկանալի կլիներ շարունակական տրամաբանությունը: Մինչդեռ Հայաստանում կոալիցիաները իշխանության չափաբաժինների խնդիր ունեն, կարեւորն այն է, թե ով ինչքան իշխանություն ունի: Բայց Սերժ Սարգսյանի եւ արդեն 14 տարի իշխանության մեջ գտնվող Հանրապետական կուսակցության հիմնական խնդիրն այն չէ, որ որեւէ քաղաքական ուժ «կողմ ըլլալով՝ դեմ է»: Մենք ընտրությունների ընթացքում ամեն անգամ տեսնում ենք, որ ինչ-որ քաղաքական ուժ, որն ամբողջությամբ պատասխանատու է տվյալ ընթացքի համար, բարձրանում է եւ սկսում շատ սուր քննադատել իր իսկ արածը՝ թիրախ ընտրելով Հանրապետական կուսակցությանը եւ անգամ վարկաբեկիչ հայտարարությունների հասնում, սակայն հետո՝ վերջում, էլի գալիս-դառնում է կոալիցիայի անդամ: Անհասկանալի է, թե սա ինչ քաղաքական մշակույթ է: Եվ այն պահից, երբ Սերժ Սարգսյանը իրապես կհասկանա, որ ոչ թե քաղաքական ուժերը եւ նույնիսկ ոչ թե հասարակությունն է ընդդիմադիր իրենց գործունեությանը, այլ Հայաստանում եւ աշխարհում ստեղծված իրավիճակն է ընդդիմադիր այն կուրսին, որը տանում է նա եւ Հանրապետականը, այ, դա կլինի կարեւոր՝ փոփոխություններ անելու եւ իրավիճակից դուրս գալու համար: Իսկ այս պահին, թե ով ինչ չափաբաժին կունենա իշխանական կոալիցիայում, էական չէ: Ի՞նչ տարբերություն՝ 5 նախարա՞ր կունենա ԲՀԿ-ն, 6, թե՞ 7: Առավել եւս, որ կրկնում եմ՝ անհասկանալի է, թե ինչ քաղաքագիտական տրամաբանությամբ է հաղթող ուժը կոալիցիա կազմելու ԲՀԿ-ի հետ՝ այն քննադատությունից հետո, որը հնչեց այս ընթացքում:

«Առավոտ»- Կոալիցիա կազմելու պատրաստակամությունը նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ-ն պատրաստ է մոռացության տալ վերջին ամիսներին ԲՀԿ-ի հնչեցրած սուր քննադատությունը:

Գ. Մելիքյան- Հաղթած Հանրապետական կուսակցության համար միշտ էլ կարեւորագույնը եղել եւ մնում է ժողովրդի կենսամակարդակի բարձրացումն ու երկրի տնտեսության զարգացումը: Թե քաղաքական որ ուժերի հետ, կոալիցիայի ինչպիսի կազմով Հանրապետականը դա կանի՝ այնքան էլ կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ ժողովրդի կենսամակարդակը բարձրացվի, աղքատության շեմը նվազեցվի, տնտեսությունը զարգանա, եւ արտագաղթը դադարեցվի: Սրանք են այն կարեւոր նպատակները, որոնք ՀՀԿ-ն դրել է իր առջեւ:

«Առավոտ»- Ի վերջո, Ձեր կանխատեսմամբ, ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիա կձեւավորվի՞, թե՞ ոչ:

Ա. Կարապետյան- Այդ հարցի պատասխանը կախված է Սերժ Սարգսյանի մոսկովյան այցից: Իմ տեղեկություններով՝ կոալիցիան անպայման կձեւավորվի, եւ այն անպայման կլինի ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ ֆորմատով: Չի փոխվի նաեւ վարչապետը:

Գ. Մելիքյան- Շատ ցանկալի է, որ առաջիկայում ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ կոալիցիան պահպանվի, դա է մեր ցանկությունը, եւ ես կարծում եմ, որ այն կիրականանա:

Բանավեճը վարեց

ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:

Քաղաքական գործիչների «Դեմ առ դեմ» առցանց բանավեճն ամբողջությամբ` 

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031