Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մի հավատացեք բառերին

Մայիս 17,2012 13:03

Չեմ սիրում ինքս ինձնից մեջբերումներ անել՝ կուրծք ծեծելով, թե, ա՜խ, որքան ճիշտ կանխատեսում էի արել: Բայց այս անգամ չեմ դիմանում գայթակղությանը՝ ապրիլի 25-ի իմ նշումներում ես գրել էի. «Իսկ որ ընտրություններից հետո ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն դաշինք կկազմեն՝ չեմ կասկածում: Նույնիսկ գրազ չեմ գալիս զուտ մարդասիրական նկատառումներով՝ ինչո՞ւ օգտվեմ մարդկանց միամտությունից»: Հիմա, երբ արդեն գրեթե 99 տոկոսով հստակ է, որ նախորդ գումարման կոալիցիան կպահպանվի հին ձեւով, պիտի նկատեմ, որ շատ մեծ մարգարե պետք չէր լինել՝ դա կանխագուշակելու համար: Պարզապես ուզում եմ  խնդրել դյուրահավատ մարդկանց՝ հալած յուղի տեղ մի դրեք քաղաքական գործիչների խոսքերը՝ մանավանդ, եթե դրանք ասվում են ընտրություններից առաջ: Օրինակ՝ 2008 թվականին նախագահական ընտրություններից առաջ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր՝ եթե Սերժ Սարգսյանը զբաղեցնի նախագահի պաշտոնը, բոլոր օլիգարխները «բոմժ» կդառնան: 4 տարի հետո կարող ենք արձանագրել, որ ոչ Գագիկ Ծառուկյանը, ոչ Ռուբեն Հայրապետյանը, ոչ էլ Սամվել Ալեքսանյանը «բոմժ» չդարձան, հակառակը՝ բազմապատկեցին իրենց հարստությունը: Չգիտե՞ր առաջին նախագահը, որ ոչ մի բոմժացում էլ չի լինելու: Իհարկե, գիտեր: Բայց նրա ասածը, ինչպես այսօր ընդունված է ասել, «մեսիջ» էր՝ ես ձեզ ավելի լավ տիրություն կանեմ, քան իմ հակառակորդը: Օլիգարխներն այդ մեսիջին չհավատացին:

Կամ՝ նույն թվականի աշնանից կառավարությունն ասում էր՝ տեխնոպարկ, ֆինանսական կենտրոն, հարավ-հյուսիս ճանապարհ, նավթատար: 4 տարի անց պարզվեց, որ այդ ամենի «ցրցամը» նոր-նոր են տվել, եւ տեխնոպարկը ընդամենը մի քանի լաբորատորիա է, իսկ ֆինանսական կենտրոնը՝ ԿԲ-ի շենքի տեղափոխումը Դիլիջան: Իսկ ընդհանրապես այդ ամենին խանգարում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը: Դե, վատ պարողին էլ են որոշ բաներ խանգարում: Բայց երբ կառավարության պաշտոնյաները նման բաներ էին ասում, նրանք, իհարկե, շատ լավ գիտեին, որ ոչ մի «տնտեսական հրաշք» չի լինելու: Պարզապես նրանց պետք էր որոշ ժամանակ զբաղեցնել մեր՝ քաղաքացիներիս ականջները կամ գուցե երեւակայությունը:

Ճիշտ նույն ձեւով  երբ նախընտրական շրջանում տեղի ունեցավ առաջին եւ երկրորդ նախագահների անսպասելի մերձեցումը (վերջինս հանդես էր գալիս իր «պրոքսի»-ներով՝ Վարդան Օսկանյանով եւ Հմայակ Հովհաննիսյանով, եւ միայն քարոզչության նախավերջին օրը ելույթ ունեցավ անձամբ՝ քարոզելով ԲՀԿ-ի համար եւ ՀՀԿ-ի դեմ), դա ամենեւին չէր նշանակում, որ ընտրություններից հետո մերձեցումը կպահպանվի: Չի կարող պատահել, որ միեւնույն տնտեսական եւ քաղաքական նոմենկլատուրան ներկայացնող, նույն «ոճով» նույն աղբյուրներից օգտվող ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն հայտնվեին տարբեր ճամբարներում: Հայաստանում միայն մեկ անգամ է իշխանափոխություն տեղի ունեցել՝ 1998-ի պալատական հեղաշրջման տեսքով: Այդ պահին նրանք, ովքեր կորցնելու բան ունեին, միանգամից անցան նոր իշխանության կողմը, ընդդիմադիր դարձան հիմնականում նրանք, ում կյանքը դրա հետեւանքով էապես չբարդացավ: Հիմա նույնն է. ես զարմանում եմ, թե ինչի վրա էր ՀԱԿ-ը հույս դնում, երբ կարծում էր, թե ԲՀԿ-ն ընդդիմադիր կդառնա: Ընդդիմադիր ճառերո՞վ էր խաբվում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031