Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյան. «Մեզ քննադատում են, որ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը։ Դա անհիմն քննադատություն է»

Մայիս 17,2012 12:55
   Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Բացելով նիստը, վարչապետը տեղեկացրել է, որ երեկվանից սկսվել է 15 տեսչության աշխատանքի մոնիթորինգը, որի արդյունքն ամփոփվելու է երկու շաբաթից։ «Խոսքը վերաբերում է պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման խնդրին,հավելել է Տիգրան Սարգսյանը։ Բազմաթիվ ոլորտներում մենք ունենք բավական լուրջ առաջընթաց, բայց հետևողականորեն այս մոնիթորինգն իրականացնելու ենք, որովհետև դեռևս կան պետական ծառայություններ, որտեղ բյուրոկրատական քաշքշուկն ուժի մեջ է, դեռևս կա կողոպուտ, կաշառք են վերցնում այս կամ այն տեղեկանքը տրամադրելու համար։ Մոնիթորինգն սկսված է, և մենք երկու շաբաթվա ընթացքում կամփոփենք մոնիթորինգի արդյունքները` ըստ գերատեսչությունների»։

Հաստատելով նիստի օրակարգը` կառավարությունը ձեռնամուխ է եղել դրա քննարկմանը։

ՀՀ կառավարությունը քննության է առել ՀՀ կենտրոնական բանկի 2011 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը, որտեղ 2011 թվականը բնութագրվել է որպես մակրոտնտեսական կայունացման ամրապնդման տարի։ Նախ, հետևողական դրամավարկային քաղաքականության, ինչպես նաև տարվա ընթացքում հավասարակշռված հարկաբյուջետային քաղաքականության միջոցով հաջողվել է մեղմել դեռևս նախորդ տարվա կեսից ձևավորված բարձր գնաճային միջավայրը, երկրորդ, արձանագրվել է տնտեսական աճի տեմպի արագացում` հիմնականում արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի առաջանցիկ աճի հաշվին։ Հարցի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Միջազգային ֆինանսական կառույցները 2011 թվականի մեր երկրի մակրոտնտեսական ցուցանիշները և դրամավարկային քաղաքականության և հարկաբյուջետային քաղաքականության կոորդինացումը չափազանց բարձր են գնահատել։ Դրանով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բանակցությունն անցնում է առանց որևէ խնդրի և այն ծրագիրը, որի շուրջ բանակցում էինք, մայիսին հավանություն ստացավ։ Մենք արձանագրում ենք, որ 2011 թվականին մեր երկրի մակրոտնտեսական կայունությունն ամրապնդվել է, և դա բավական դրական ձեռքբերում է։ Մենք ապահովելու ենք այս քաղաքականության շարունակականությունը։ Արդեն տեսնում ենք, որ «Moody’s» միջազգային վարկանիշային հեղինակավոր կազմակերպությունը դրական է գնահատում  տնտեսական մեր վարկանիշը, ինչն ստեղծում է տնտեսական աճը շարունակելու բարենպաստ պայմաններ։ Մեզ հաճախ քննադատում էին, որ դրամավարկային քաղաքականությունն և հարկաբյուջետային քաղաքականությունն արդյունավետ չենք իրականացնում, սակայն տեսնում ենք, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները բացարձակապես այլ գնահատականներ են տալիս։ Հասկանալի է, որ աշխարհն առաջնորդվում է այդ գնահատականներով»։

Հաջորդ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել ՀՀ կենտրոնական բանկի 2012 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին։ Նշելով, որ 2012 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրում արտացոլված մակրոտնտեսական միջավայրի զարգացման վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի գնահատականներն ընդհանուր առմամբ համահունչ են կառավարության մակրոտնտեսական ծրագրերով նախատեսվող ուղղություններին, կառավարությունը եզրակացրել է, որ կենտրոնական բանկը տնտեսական ակտիվության նվազման ռիսկերի դրսևորման դեպքում պետք է շարունակի ցուցաբերել առավել մեծ ճկունություն` պատրաստ լինելով ճշգրտել քաղաքականության ուղղությունները։ Վարչապետը մեկնաբանել է կառավարության հասցեին այս առնչությամբ հնչած քննադատական ելույթները. «Հասկանալի է, որ Կենտրոնական բանկի հիմնական նպատակը գնաճի զսպումն է, կառավարության հիմնական նպատակը` տնտեսական աճի շեշտադրումը։ Հասկանալի է նաև, որ այս երկու տարբեր նպատակներն ունենալով, մենք մշտապես բանավեճի մեջ ենք Կենտրոնական բանկի հետ։ Դրա համար էլ կա դրամավարկային քաղաքականության և հարկաբյուջետային քաղաքականության կոորդինացման հստակ ուղեցույց։ Մեզ քննադատում են, որ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը։ Դա անհիմն քննադատություն է. ուղղակի մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ բան է դրամավարկային քաղաքականության և հարկաբյուջետային քաղաքականության կոորդինացումը։ Մենք ամենևին էլ նպատակ չունենք այս երկու ինստիտուտների գործառույթը դարձնել միևնույնը։ Այս հակադրությունը, այս բանավեճը պետք է մշտապես տեղի ունենա։ Դրա համար էլ Կենտրոնական բանկին մենք Սահմանադրությամբ տվել ենք անկախություն, որ նա իր նպատակը հետապնդի, իսկ կառավարությունը` իր նպատակը։ Եվ, բնականաբար, այս բանավեճի շնորհիվ է ծնվում այն որոշումը, որն ապահովում է մեր երկրի մակրոտնտեսական կայունությունը։ Այս բանավեճի բոլոր մասնակիցները պետք է իրենց փաստարկներով հիմնավորեն, թե պետության զարգացման այս կամ այն փուլում նախապատվությունն ինչին պետք է տալ։ Ճգնաժամի տարիներին, հիշում եք, որ մենք նախապատվությունը տվեցինք տնտեսական աճին, այսինքն` մենք եղանք խիստ ընդլայնողական, Կենտրոնական բանկը 2.25 տոկոսով նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, և այդ ընդլայնողականությունն օգնեց մեզ հաղթահարելու ճգնաժամը։ Հետագայում գերխնդիր էր  գնաճը. մենք մտանք բավական բարձր գնաճային ճնշման փուլ և նախապատվությունը տվեցինք գնաճի զսպման քաղաքականությանը, ինչն ամբողջությամբ արդարացվեց, որովհետև մենք գնաճը  վերադարձրինք այն միջավայրը, որը նախատեսված էր մեր միջնաժամկետ ծախսային ծրագրով։ Դրա համար պետք չէ քաղաքական գնահատական տալ այս երևույթին, մանավանդ եթե այդ գնահատականը շատ անգրագետ գնահատական է և համահունչ չէ ո՛չ մեր օրենսդրությանը, ո՛չ էլ միջազգային պրակտիկային, թե ինչպես պետք է համագործակցեն Կենտրոնական բանկը և կառավարությունը, ինչը և արտահայտված է այս փաստաթղթում»։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031